«Թող Փաշինյանը գա ու պատասխան տա». գերիների հարազատները գիշերել են Շիրակի մարզպետարանում
Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ, գերիների հարազատներն ամբողջ գիշեր մնացել են մարզպետարանում։ Տեղեկությունը հայտնում է armeniasputnik-ը։
Նրանք չեն պատրաստվում հանձնվել և շեշտում են` իրենց պահանջը նույնն է` Փաշինյանի հետ հանդիպում և իրենց զինվորների հարցի լուծում։
«Մենք ուրիշ պահանջ ու ասելիք չունենք, մեր միակ պահանջը մեր երեխեքն են, ու թող գլխավոր հրամանատարը գա ու մեզ պատասխան տա: Այնքան չենք ելնի մարզպետարանից, մինչև գա»,-նշեցին ծնողները։
Ծնողները լրագրողներին նաև փոխանցել են, որ եթե իշխանությունները անհաղորդ մնան իրենց պահանջին, իրենք կպարալիզացնեն նաև այլ կառույցների աշխատանք:
Գիշերը բավականին շատ ոստիկաններ են եղել մարզպետարանի մուտքի մոտ, բայց հիմա նրանց թիվը զգալիորեն նվազել է։ Գերիների հարազատները նախապես հայտարարել են, որ որևէ մեկին ներս չեն թողնելու։
Նշենք, որ ապրիլի 8-ին հայտարարված, սակայն չհաստատված գերիների վերադարձից հետո հարազատներն ավելի ակտիվ են սկսել բողոքի ակցիաները։ Շիրակի մարզում մի քանի անգամ ճանապարհներ են փակվել։
Շիրակցի զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին։