«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ՀՀ նախագահը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին. «Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից»

ՀՀ նախագահը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին. «Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից»

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

Արմեն Սարգսյանը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ ճեպազրույցում նշեց, որ, եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դադարի լինել ԼՂ հակամարտության կողմ, ապա հնարավոր կլինի հասնել կրակի դադարեցմանն ու խաղաղ բանակցություններին:

«Սա հակամարտություն է ոչ միայն հայկական կողմի ու Ադրբեջանի միջև, կա նաև երրրոդ երկիրը, որն աջակցում է Ադրբեջանին ռազմական և դիվանագիտական ճանապարհով։ Այդ երկիրը Թուրքիան է, որը նաև տարածաշրջան է բերում ահաբեկիչների: Ցավոք, այդ երկիրը հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ: Եթե ՆԱՏՕ-ի անդամը, որպիսին Թուրքիան է, դադարի հակամարտության կողմ լինել, այդ դեպքում, կարծում եմ, կհասնենք կրակի դադարեցմանն ու կկարողանանք նստել բանակցությունների և գտնել այս հակամարտության խաղաղ լուծումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու եռյակի երկրների նախագահների ջանքերը, ինչպես նաև այն ջանքերը, որոնք կրակի դադարեցման պայմանավորվածությանը հասնելու համար ներդրեցին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ցավոք, շարունակվում են ռազմական գործողությունները ԼՂ-ում և ԼՂ-ի շուրջ: Ինչպես նշեցիք, անընդունելի են խաղաղ բնակչության թիրախավորումները»,- նշեց Արմեն Սարգսյանը:

Հայաստանի նախագահն իր խոսքում անդրադարձավ նաև ՆԱՏՕ-ի ու Հայաստանի հարաբերություններին՝ ընդծելով, որ Հայաստանն այս տարիների ընթացքում իրեն դրսևորել է, որպես ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր:

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Հայաստանի նախագահը մանրամասնորեն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, դրանում Թուրքիայի ներգրավվածությանն ու ռազմաքաղաքական օժանդակությանը:

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց հրաժարվել խաղաղ բանակցային գործընթացից և պատերազմ սանձազերծել, իսկ Թուրքիան նրան լիակատար քաղաքական, դիվանագիտական, ռազմական աջակցություն է ցուցաբերում»,-նշել է նախագահ Սարգսյանը:

«Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի»,-ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Նա հետաքրքրվել է հակամարտության համատեքստում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումներով։ Հայաստանի նախագահը հանգամանորեն ներկայացրել է իրավիճակը՝ նշելով, որ Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանում ապակայունացնող է և լուրջ սպառնալիք՝ տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար։

Զրուցակիցներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ, ինչը կարող է հանգեցնել մեծ հումանիտար աղետի։ Շառլ Միշելն ասել է, որ պետք է հարգել հրադադարը և առանց նախապայմանների վերադառնալ բանակցային սեղան:

Նախագահ Սարգսյանը շատ կարևոր է համարել, որ միջազգային գործընկերներն ամբողջությամբ հասկանան հակամարտության էությունը և պատերազմը դադարեցնելու հստակ կոչ հնչեցնեն։

«Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից»,-ընդգծել է Հայաստանի նախագահը: