«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Թշնամին հայկական տարածքներում հրդեհել է ավելի քան 2000 հա անտառածածկ տարածք

Թշնամին հայկական տարածքներում հրդեհել է ավելի քան 2000 հա անտառածածկ տարածք

Նոյեմբերի 6-ը ՄԱԿ-ի «Պատերազմներում և զինված բախումներում շրջակա միջավայրի շահագործումը կանխելու» միջազգային օրն է, ինչի համատեքստում Շրջակա միջավայր նախարարությունն անդրադարձել է Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հրահրված պատերազմի օրերին Արցախի և Հայաստանի Հանրապետությունների՝ անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրետակոծությունների և քիմիական տարր պարունակող ֆոսֆորային ռումբերի կիրառման հետևանքով առաջացած բնապահպանական վնասներին։

Այսպես՝ պատերազմի ավելի քան 40 օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից որդեգրած հակաբնապահպանական ռազմավարության հետևանքով Արցախի Հանրապետության տարածքում նախնական տվյալներով ոչնչացվել է ավելի քան 1800 հեկտար անտառածածկ տարածք։ Նմանօրինակ գործելաոճը շարունակվում է մինչ օրս։ Անտառային հրդեհները, որպես մարտավարական խնդիրների լուծման միջոց կիրառող ադրբեջանական կողմն իր գործողություններով ոչ միայն խախտում է միջազգային մի շարք կոնվենցիաներ, այլև ուղղակիորեն ոչնչացնում է տարածաշրջանի էկոհամակարգի կարևորագույն օղակներից մեկն ու կարմիրգրքյան կենդանատեսակների արեալ հանդիսացող տարածքները։

Ադրբեջանական կողմի բարբարոսական գործողությունների արդյունքում տուժել են նաև Հայաստանի Հանրապետության տարածքի անտառային խոշոր հատվածներ, այդ թվում նաև բնության հատուկ պահպանվող տարածքներ։

Այսպես՝ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ հրահրված պատերազմի հետևանքով Ադրբեջանի թշնամական գործողությունները հանգեցրել են ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող անտառների հրդեհմանը։

  • Հրդեհվել է Տավուշի մարզի «Արծվաբերդի» անտառտնտեսության շուրջ 170 հեկտար անտառածածկ տարածք։ Այդ անտառներն ուղղակիորեն սահմանակից են Ադրբեջանի Հանրապետությանը։
  • Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով հրդեհվել է նաև 20-25 հեկտար անտառածածկ և խոտածածկ տարածք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության տարածքում։

Զգալի վնասներ են հասցվել նաև Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության սահմանագոտում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի պահպանվող գոտիներին։ Նոյեմբերի 1-2-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմի հրթիիռակոծումների հետևանքով  «Շիկահող» պետական արգելոցում հրդեհվել են միանգամից 3 տարածքներ՝ 5 հա, 20հա և 40 հա մակերեսներով։ Արդյունքում, միայն «Շիկահող» պետական արգելոցի տարածքում այրվել է շուրջ 65 հեկտար անտառածածկ տարածք։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրին պատճառված վնասները դեռևս հաշվարկվում են։ Մասնագիտական ուսումնասիրությունները բարդանում են ընթացքող ինտենսիվ մարտական գործողությունների պատճառով։

Այս պահին առկա տվյալներով ՀՀ և ԱՀ տարածքում, ընդհանուր առմամբ, վնասվել է ավելի քան 2000 հա անտառածածկ և բուսածածկ տարածք, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում։

Բացի այդ, վերջին շրջանում Ադրբեջանը սկսեց ակտիվորեն կիրառել նաև բնապահպանական լրջագույն ռիսկեր առաջացնող, քիմիական տարր պարունակող ֆոսֆորային զինատեսակներ, որոնք կարող են ոչ միայն անդառնալի հետևանքներ ունենալ մարդու օրգանիզմի վրա, այլև աղետալի ազդեցություն՝ շրջակա միջավայրի համար։ Ֆոսֆորային տարրով հագեցած քիմիական զենքի կիրառումն առաջացնում է երկարաժամկետ բնապահպանական աղետի ռիսկ, քանի որ հանդիսանում է կայուն աղտոտիչ։ Ֆոսֆորը ներծծվում է բնական միջավայրի բաղադրիչների (ջուր, հող, բուսականություն, կենդանիներ) մեջ և տարիներ շարունակ կործանարար ազդեցություն թողնում էկոհամակարգի բոլոր օղակների վրա։

Հաշվի առնելով, որ մեր տարածաշրջանը հանդիսանում է աշխարհի կենսաբազմազանության 25 թեժ կետերից մեկը՝ այս պահին այն կանգնած է էկոհամակարգերի և կենսաբազմազանության ոչնչացման լրջագույն սպառնալիքի առաջ:

ՄԱԿ-ի կողմից հռչակված «Պատերազմներում և զինված բախումներում շրջակա միջավայրի շահագործումը կանխելու» միջազգային օրվա համատեքստում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային բնապահպանական խոշոր կառույցներին, միջազգային կոնվենցիաների քարտուղարություններին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ՀՀ և ԱՀ տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող էկոցիդը կանգնեցնելու և արգելված զինատեսակներ և միջոցներ կիրառող կողմին խստագույն պատասխանատվության կանչելու ուղղությամբ։