«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Թշնամին կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ

Թշնամին կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմում տուժածներ չկան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր վերը նշված ուղղությամբ ժամը 17:40-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանի ՊՆ-ն այդ հաղորդագրությամբ նախ տեղեկատվական հիմք է ստեղծել, ապա կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Լրացված.

Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել.

«Հունիսի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով ուժի կիրառման, կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ:

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Սրան նախորդել էին Ադրբեջանի կեղծ մեղադրանքները հայկական կողմի հասցեին վերոնշյալ գործարանի կառուցման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունը նախորդիվ արդեն հայտնել էր, որ գործարանի կառուցումը լիովին համապատասխանում է իր միջազգային պարտավորություններին, և որ Ադրբեջանի կեղծ անհանգստությունը պարզապես նպատակ ունի խոչընդոտել Հայաստանի տնտեսական զարգացումը և օտարերկրյա ներդրումները:

Այժմ, գնդակոծելով կառուցվող գործարանը, Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ: Ավելին՝ Ադրբեջանը հետևողականորեն ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության հետ բոլոր ուղղություններով բանակցային գործընթացներում առաջնորդվում է միմիայն ուժի ապօրինի կիրառմամբ իր ցանկալի լուծումները Հայաստանի Հանրապետությանը պարտադրելու սկզբունքով, ինչի համար նպաստող կամ խրախուսող միջավայր է ընկալում միջազգային հանրության մեղմ արձագանքը և ամենաթողությունը:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը հստակ քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և վերջինիս անհիմն, անտրամաբանական և կամայական պահանջներին ուժի և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով հասնելու անընդունելի քաղաքականությունը»: