Թշնամու դիվերսիոն բնույթի գործողությունները կասեցվել են, իրադրությունը շարունակում է լարված մնալ
Մարտի 26-ին ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագրեսիվ գործողությունները ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով:
Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով թշնամու դիվերսիոն բնույթի գործողությունները կասեցվել են, իրադրությունը շարունակում է լարված մնալ:Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ զսպող գործողություններ՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Քանիցս տեղի է ունեցել փոխհրաձգություն և թշնամու դիվերսիոն բնույթի գործողությունները կասեցվել են:
Ժամը 17:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ, աշխատանքեր են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
Շփման գծի մյուս հատվածներում իրավիճակը հանգիստ է»,- նշված է հաղորդագրությունում։
Երեկ՝ մարտի 25-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են «Bayraktar» անօդաչու թռչող սարք, ինչի հետևանքով զոհվել է ՊԲ երեք պայմանագրային զինծառայող: