«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Վահրամ Հովհաննիսյան. ԿԸՀ նախագահի հայտարարությունը խոստովանական ցուցմունք է

Վահրամ Հովհաննիսյան. ԿԸՀ նախագահի հայտարարությունը խոստովանական ցուցմունք է

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի այսօրվա հայտարարությունը իրավական տեսակետից ուղղակի զավեշտ է, եթե ոչ խոստովանական ցուցմունք:

Դիտարկենք մի քանի կարևոր հատված.

1. «Հավասար ընտրական իրավունքի տեսանկյունից ևս խնդիրը ակնհայտ է։ Վերաքվեարկությունը կարող է խախտել ընտրողների հավասարությունը, քանի որ ընտրողների մեկ խումբը հայտնվում է մյուսներից էապես տարբեր ելակետային պայմաններում։»

Այսինքն` էս մտքի գիգանտի տեսակետից վերաքվեարկության դեպքում առկա «տարբեր ելակետային պայմանները» (նկատի ունի այն հանգամանքը, որ վերաքվեարկող անձինք ծանոթ են ընտրության ընդհանուր արդյունքին) «հավասար ընտրական իրավունքի» ավելի կոպիտ խախտում են հանդիսանում, քան երեք ընտրատեղամասերի ընտրողներին ընտրական հանձնաժողովների ընթացակարգային սխալների պատճառով ընդհանրապես ընտրության իրավունքից զրկելը: Սա արդեն շեդևր է, բայց շարունակենք.

2. «Այս պայմաններում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամարտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։ Այս ռիսկը սովորաբար բնութագրվում է որպես տակտիկական քվեարկություն (tactical voting)։»

Այո, ճիշտ է, տեսականորեն այդ ռիսկը կա: Բայց հարց է ծագում. ինչի՞ց է Վահագն Հովակիմյանը ենթադրում, որ տվյալ ընտրատեղամասերի ժողովուրդը վերաքվեարկության դեպքում պիտի դիմի «տակտիկական քվեարկության»: Այդ առումով որևէ փաստարկ չի հնչում նրա հայտարարության մեջ: Իսկ եթե նրա կարծիքով միայն տեսական ռիսկն արդեն անընդունելի է, ապա հարց. եղե՞լ է պատմության մեջ նման վերաքվեարկության որոշում, որն այդ ռիսկը չի պարունակել: Բնականաբար ո´չ: Վերաքվեարկությունը տրամաբանորեն ենթադրում է համակերպում այդ ռիսկի հետ: Իսկ եթե օրենքը (ինչպես այս դեպքում) հստակորեն նախատեսում է վերաքվեարկություն, ուրեմն օրենսդիրն այդ ռիսկը համարել է չարյաց փոքրագույնը մարդկանց ընտրության իրավունքից փաստացի զրկելու հետ համեմատած:

3. «Այս հարցում կարևոր է նաև ՀՀ սահմանադրական դատարանի մոտեցումը, ըստ որի՝ ընտրական խախտումների հետևանքները գնահատելիս պետք է պաշտպանել նաև այն ընտրողների իրավունքները, որոնք իրենց ընտրությունը կատարել են օրինական ճանապարհով։»

Այո, պետք է հաշվի առնել նաև այն ընտրողների շահը, որոնց քվեն գրանցվել է ի սկզբանե «օրինական ճանապարհով» և որոնք հնարավորություն չեն ունեցել նախօրոք իմանալու ընդհանուր արդյունքները: Խնդիրն ուղղակի այն է, որ որևէ ընտրատեղամասի քվեարկության արդյունքն անվավեր ճանաչելիս այդ «օրինական ճանապարհով» քվեարկած ընտրողների և վերաքվեարկության կոչված ընտրողների շահերի միջև միշտ էլ բախում է լինում: Իսկ քանի որ այդ շահերի բախման համար լուծում գտնելն ամեն մի Վահագնհովակիմյանի խելքի բանը չէ, օրենսդիրն ինքն է որոշել, թե այդ խնդիրն ինչպես պետք է լուծել` ընտրական օրենսգրքում նման դեպքերի համար պարտադիր նախատեսելով վերաքվեարկություն ու այդպես հստակորեն նախապատվություն տալով այն ընտրողների իրավունքներին, որոնց քվեն այլոց սխալների պատճառով դարձել է անվավեր:

4. «ԿԸՀ-ն պետք է առաջնորդվի ոչ թե մեխանիկական վերաքվեարկության տրամաբանությամբ, այլ Սահմանադրությամբ երաշխավորված ազատ և հավասար ընտրության, համաչափության և ընտրողների իրական կամքի պաշտպանության սկզբունքներով` որպես Սահմանադրությամբ ընտրությունների օրինականությունը վերահսկող անկախ մարմին:»

Կարճ ասած, մարդն ասում է. ԿԸՀ-ն ոչ թե առաջնորդվում է գործող օրենքով ինչպես մնացած գործադիր պետական մարմինները, այլ իրեն իրավունք է վերապահում, ըստ ցանկության, սահմանադրության յուրօրինակ մեկնաբանությամբ շեղվելու օրենքի պարտադիր պահանջից: Դե, երևի ընտրական օրենսգրքի կապանքները շատ նեղ են Վահագն Հովակիմյանի իրավաբանական երևակայության ու տաղանդի համար:

Իսկ իրականում` այս հայտարարությունը ոչ այլ ինչ է քան խոստովանական ցուցմունք, այն մասին, որ ԿԸՀ նախագահը գիտակցաբար խախտում է օրենքը` իրեն վերագրելով շատ ավելի լայն գործառույթներ ու իրավասություններ:

Վահրամ Հովհաննիսյան