Վանեցյան. ԱԱԾ-ն հանդես կգա Քոչարյանի ունեցվածքի մասին հաղորդագրությամբ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտն առաջիկայում հանդես կգա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու իր ընտանիքի ունեցվածքի վերաբերյալ հաղորդագրությամբ, այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Քրեական գործը հարուցված է, իրականացվում է քննություն, և արդյունքների մասին առաջիկայում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից կլինի համապատասխան հաղորդագրություն»,- ասաց Վանեցյանը:
ԱԱԾ տնօրենը նաև հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի մնացած ունեցվածքի մասին էլ տվյալներ ունեն, որոնք հետագայում կներկայացնեն: Նա նշեց, որ այդ ամենի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ` փողերի լվացման հիմքով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանն ասաց, որ իրենց ձեռքի տակ է այն սխեման, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դարձել Կոնգրեսե հյուրանոցի սեփականատեր: