Վարդան Հարությունյան. «Մեր քաղբանտարկյալների կանայք...»
Շատ կարեւոր ստատուս
Նոր թվական սկսվեց։ Ի տարբերություն նախորդ թվականների այս տարին սկսեցինք առանց քաղբանտարկյալների։ Անցած տարվա այս օրերին նման ցանկությունը կարող էր անիրականանալի երազանք համարվել, բայց տեղի ունեցավ անսպասելին։ Այսօր այն պայմանականորեն ապրիլ-մայիսյան հեղափոխություն ենք անվանում։ Հենց այս հեղափոխության արդյունքում էլ տարին առանց քաղբանտարկյալների ենք սկսում։ Հուսանք ու հավատանք, որ այսուհետ բոլոր հաջորդող տարիներն «անքաղբանտարկյալ» են լինելու։
Եթե հանենք կյանքիս առաջին 16-17 տարիներն, ապա մնացած բոլոր տարիներին, իսկ դրանք քիչ չեն, 40-ը հաստատ կգերազանցեն, ես այս կամ այն կերպ առնչվել եմ քաղբանտարկյալներին։ Մի հատված ինքս եմ եղել քաղբանտարկյալ, ապա՝ զբաղվել եմ իրավապաշտպանությամբ ու քաղբանտարկյալների խնդիրներով ու, բնականաբար, առնչվել եմ քաղբանտարկյալների ընտանիքների անդամներին՝ նրանց ծնողներին, նրանց կանանց, նրանց երեխաներին։
Յուրահատուկ բան է քաղբանտարկյալի ընտանիքը։ Նույն ընտանիքը քաղբանտարկյալ ունենալուց առաջ բոլորովին այնպիսին չի լինում ինչպիսին դառնում է այդ փորձության շրջանում։ Փորձությունից հետո շատ դեպքում կրկին փոխվում, այլ են դառնում, բայց քաղբանտարկյալ ունենալու շրջանում, բացառություններով հանդերձ, իհարկե, յուրահատուկ են, եւ արժի գրել նրանց մասին։
Պարզ է, քաղբանտարկյալ լինելը, ընդհանրապես, բանտարկյալ լինելը լավ բան չէ։ Դժվար է բանտում ու կալանավայրում։ Բայց պատկերացնել է պետք միայն, թե որքան դժվար է նրանց ընտանիքների անդամների համար։ Նրանց կանանց, նրանց մայրերի, նրանց դուստրերի ու որդիների համար։ Տասնապատիկ դժվար է։
Տարիներ շարունակ քաղբանտարկյալների մասին խոսելիս՝ կլինի հարցազրույց, կլինի հրապարակային ելույթ, կլինի հայտարարություն, մտքումս միշտ նրանց կանայք, նրանց մայրերն ու նրանց երեխաներն են եղել։ Միշտ։
2008թ․ մարտի 1-ից հետո քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով յուրաքանչյուր ուրբաթ դատախազության մոտ ակցիա էր իրականացվում։ Ակցիային տվել էինք «Կանանց ակցիա» անվանումը։ Ճիշտ է, տղամարդիկ էլ էին մասնակցում, բայց այն առաջին հերթին կանանց ակցիա էր, իսկ առաջին շարքերում քաղբանտարկյալների կանայք ու դուստրերն էին։
Եւ դատախազության մոտ, եւ Հյուսիսային պողոտայում այս հարցերն ինձ անընդհատ հանգիստ չի տվել․
- ինչու՞ պետք է այս գեղեցիկ, այս հպարտ, այս արժանապատիվ կանայք՝ օրերով ու ամիսներով, ամռան շոգին ու ձմեռվա ցրտին փողոցները չափչփեն
- ինչու՞ պետք է մեկ մարդու՝ ցանկացած գնով իշխանություն ունենալու ու այն պահելու մարմաջը այս կանանց կտրի իրենց ամուսիններից կամ որդիներից
- ինչու՞ պետք է դեռահաս այս աղջիկները լսարանում դասի նստելու փոխարեն կանգնեն այստեղ՝ պատրաստ ընդունելու բիրտ ոստիկանի բիրտ մահակի բիրտ հարվածը
Ամեն անգամ նրանց նայելիս ես եւ տխրել եմ, եւ հպարտացել։ Տխուր է եղել, որ նրանք այս վիճակում են, բայց հպարտանալու է, որ կան այս հերոսական կանայք։ Երբ էլ որ լինի՝ մարտի 1-ից առաջ, թե դրանից հետո, խորհրդային տարիներին, թե մեր ժամանակներում այս գեղեցիկ, հպարտ, արժանապատիվ կանայք կան։
Հիշում եմ, թե ի՞նչ եռանդով ու ինչ հերոսական նվիրումով էր 2000-ին Արմինե Օհանյանը պայքարում քաղբանտարկյալ ամուսնու համար ու ինչ անմիջական զարմանքով էր զարմանում, որ այդ շրջանի մեկ այլ քաղբանտարկյալի կինը չէր մասնակցում ի պաշտպանություն ամուսնու կազմակերպված միջոցառումներին։
Հիշում եմ մարտի 1-ի գործով դատապարտված Հովիկ Հարությունյանի կնոջը՝ Անժելային ու նրա զույգ դուստրերին։ Այդ գեղեցիկ աղջիկները մտքիցս երբեք չեն ջնջվելու։ Մեջքներին ամրացված գրություն՝ իմ հայրը քաղբանտարկյալ է։ Դավիթ Մաթեւոսյանի դստերը՝ Հերմինեին։ Արամ Բարեղամյանի թաղծոտ ու քչախոս կնոջը՝ Գարունիկին եւ Գրիգոր Ոսկերչյանի կնոջը՝ ակտիվ ու էներգիայով լի Մարինեին։
Հիշում եմ նկարիչ Աշոտ Մանուկյանի կնոջը՝ սրամիտ Անահիտին, Մյասնիկ Մալխասյանի տիկնոջը՝ Աննային եւ երկրորդ Անահիտին՝ Վարդգես Գասպարիի կնոջը, որն, ի տարբերություն Վարդգեսի բոլորովին էլ կոնֆլիկտային չի։ Եւ բոլորի խնդիրներից տեղյակ ու բոլորի հոգսերից մի մեծ կտոր իր ուսերին բարդած մեր Գոհարին, իհարկե։ Շատ են։ Բոլորի դեմքերն էլ հիշում եմ։ Բոլորին թվարկել կուզենայի, բայց չեմ կարող։
Դեկաբրիստների կանայք աքսորված դեկաբրիստների հետեւից Սիբիր գնացին։ Ավելի հերոսական քայլ ու ավելի գեղեցիկ արարք դժվար է պատկերացնել։ Այսպիսին էին նաեւ մեր քաղբանտարկյալների կանայք։ Մեր Սիբիրն էլ Հյուսիսային պողոտան էր, որտեղ ամեօրյա շուրջկալներ ու բռնություններ էին։ Դատախազության դիմացի մայթն էր։ Դատարանների դահլիճներն էին եւ դատարաններին հարող տարածքները։
Շանթ Հարությունյանի ու ընկերների կալանավորվելուց հետո ծանոթացա այդ գործով ամենամեծ պատժաչափն ստացած Վահեյի կնոջ՝ Մարգարիտայի հետ։ Սա արդեն 2013 թվականն էր, բայց զգացողություններս նույն էին։ Ինչու՞ պետք է այսպես լինի։ Ինչու՞ պետք է այս երիտասարդ կինը ու նրա մանկահասակ դուստրերը առանց ամուսին ու առանց հայր մնան։
Մտածեցի՝ մարտի 1-ի քաղբանտարկյալների օրինակով փորձեմ կազմակերպել, որ Շանթի գործով դատապարտվածների ընտանիքները թեկուզ փոքր, բայց օգնություն ստանան։ Դիմեցի սփյուռքահայերին։ Օրեր տեւած նամակագրությունից ու հազար ու մի պատճառաբանություններից հետո հասկացա, որ նրանք ֆեյսբուքում են միայն պատրաստակամ։ Վատ էի զգում, որ օգնել չեմ կարող։ Ինձ մեղավոր էի զգում։
Անցան տարիներ։ Երեւի հազար տարի։ Այսօրվա բարձունքից այդպես է թվում։ Ու եկավ 2018-ի ապրիլի վերջին տասնօրյակը։ Հյուսիսային պողոտայում հանդիպեցի հրապարակի ցույցից դեպի Թումանյան քայլող լրագրողուհիներ Կարինե Հարությունյանին եւ Անուշ Մարտիրոսյանին։ Անուշն ասաց, որ Վահեի կինը՝ Մարգարիտան կարի մեքենա է դրել հրապարակում եւ հանրահավաքի մասնակիցների համար եռագույն է կարում։ Հուզվեցի։ Անչափ գեղեցիկ ու անչափ սինվոլիկ արարք էր։ Հուզվեցի ու հպարտացա։ Հպարտացա, որ ճանաչում եմ այս հպարտ կնոջը։
Հպարտ եմ, որ ճանաչել եմ քաղբանտարկյալների կանանց, նրանց պայքարի մասնակիցն եմ եղել, նրանց հուզմունքի ականատեսն եմ եղել, նրանց գեղեցիկ, հպարտ, արժանապատիվ լինելու վկան եմ եղել։
2018 թվականի ապրիլի վերջին տասնօրյակը առանց այս կանանց չէր կարող գալ։ Եթե գար էլ՝ այդքան գեղեցիկ չէր լինի։
Գիտեմ, Հայաստանում վատ գիտեն կամ չգիտեն Ալեքսանդր Գալիչին։ Նրա այս երգի տեքստը քաղբանտարկյալների կանանց մասին է։ Կարդացեք։
Как мне странно, что ты жена,
Как мне странно, что ты жива!
А я-то думал,что просто
Ты мной воображена…
Не считайте себя виноватыми,
Не ищите себе наказанья,
Не смотрите на нас вороватыми,
Перепуганными глазами,
Будто призваны вы, будто позваны,
Нашу муку терпеньем мелете…
Ничего, что родились поздно вы, —
Вы все знаете, все умеете!
Как мне странно, что ты жена,
Как мне странно, что ты жива!
А я-то думал, что просто
Ты мной воображена….
Никаких вы не знали фортелей,
Вы не плыли бутырскими окнами,
У проклятых ворот в Лефортове
Вы не зябли ночами мокрыми.
Но ветрами подует грозными —
Босиком вы беду измерите!
Ничего, что родились поздно вы, —
Вы все знаете, все умеете!
Как мне странно, что ты жена,
Как мне странно, что ты жива!
А я-то думал,что просто
Ты мною воображена…
Не дарило нас время сладостью,
Раздавало горстями горькость,
Но великою вашей слабостью
Вы не жизнь нам спасли, а гордость!
Вам сторицей не будет воздано,
И пройдем мы по веку розно,
Ничего, что родились поздно вы, —
Воевать никогда не поздно!
Как мне страшно, что ты жена!
Как мне страшно, что ты жива!
В Ярославле, на пересылке,
Ты была воображена…
Նախկին քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյան