«  Մարտ 2024  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Վազգեն Սարգսյան. «Ամենամեծ հաղթանակը՝ մեր հոգեբանության փոփոխությունն էր»

Վազգեն Սարգսյան. «Ամենամեծ հաղթանակը՝ մեր հոգեբանության փոփոխությունն էր»

«Հանրապետության նախագահն է, որ կայացնում է ամենադժվարին, ամենապատասխանատու որոշումները եւ տեր է մեր բոլոր հաղթանակներին, տեր է մեր բոլոր պարտություններին, գնացքից երբեք չի թռչելու, տանելու է մեր գնացքը մինչեւ վերջ: Ես այսօր չեմ խոսելու մեր հաղթանակների մասին, մեր բանակի մասին. մեր բանակը եւս մեկ անգամ տեսնել ցանկացողները վաղը կարող են ներկա լինել հայ-ռուսական մեծ զինախաղերին, որոնք ամենախոշորն են Սովետական Միության փլուզումից հետո, եւ որին մասնակցում է շուրջ 4 հազար զինվոր:

Մեր բանակի մասին անգամ փոքր-ինչ կասկած ունեցողները կարող են ներկա լինել. բոլորիդ սիրով հրավիրում եմ սեպտեմբերի 21-ին, ժամը 11-ին, այս հրապարակում տեղի ունենալիք՝ Անկախության հնգամյակի շքերթին, եւ դա է հանրապետության նախագահի՝ բանակի գլխավոր հրամանատարի ամենամեծ ձեռքբերումը՝ ըստ իս, սակայն ես ուզում եմ խոսել մեդալի հակառակ, չերեւացող երեսի մասին: Ամենաառաջին, ամենամեծ հաղթանակը, որ մենք ունեցանք, դա մեր հոգեբանության փոփոխությունն էր, որը քաղաքական երիտասարդ գործիչների այս թիմը, հատկապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, կարողացավ կատարել: Մենք լոպազ-սնապարծ, մեծախոս քաղաքականությունից կարողացանք դառնալ իրատես, քայլ առ քայլ մեր խնդիրները իրականացնող ազգ:

Մեր նախագահը, երբեք հրապարակավ չխոսելով Հայ դատի մասին, քայլ առ քայլ լուծում է Հայ դատի բոլոր խնդիրները: Եվ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, այսօր եւ վաղը հայ ազգը երբեք այլեւս կոտորած չի տեսնի: Հայ դատի ամենամեծ ջատագովները կորցրին հայրենիքի կեսը, հետո երգեցին թե՝ «Մասիսին բան պատահի՝ ազգովի դառնանք ֆիդայի» (թե Մասիսին է՛լ ինչ էր պատահելու՝ չեմ հասկանում, ինչ որ պատահելու էր՝ պատահել էր): Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք այլեւս նման երգեր չեն երգվի, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միասին մենք քայլ առ քայլ մեր ռազմական հաջողությունները կհասցնենք վերջնական հաղթանակների»:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ պաշտպանության նախարար