Զաս. ՀԱՊԿ-ը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանագծում և սահմանազատում սկսելու` Հայաստանի և Ադրբեջանի որոշումը համարում է ներկա իրավիճակի կրկնությունը կանխելու կարևոր քայլ։ «Արմենպրեսին» տված հարցազրույցում այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Նա նշել է, որ իրենց շատ է մտահոգում լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բախումներ և հրաձգություններ, որոնց հետևանքով մարդիկ են զոհվում։
Խոսելով ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչների` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու մասին, և թե ինչպես է ՀԱՊԿ-ը վերաբերվում այդ փաստին, Զասը հայտնել է, որ իրենք ուշադիր հետևում են իրավիճակին։
«Կարծում ենք, որ սահմանային վեճերը պետք է լուծվեն միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով և աջակցում ենք այս տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված համաձայնություններին։ Պետք է քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»,-ասել է Զասը։
Նրա կարծիքով` իրավիճակի ապաէսկալացիայի միջոցառումներն առավել քան երբևէ անհրաժեշտ են և առաջնահերթ նշանակություն ունեն։
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում