Ադրբեջանը հերթական անգամ խախտում է եռակողմ հայտարարությունը
Ադրբեջանցի զինվորականները հայտնվել են Շուշիի մերձակայքում, հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում` դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ–հուշարձանի մոտ:
Ինչպես հայտնում է Wargonzo Telegram-ը, ադրբեջանցի չորս զինվորականները հասել են մայրուղու հարակից հատվածում տեղադրված տանկի մոտ, գրություններ թողել հուշարձանի ցուցանակի վրա ու հեռացել:
Մինչդեռ, ըստ երեք երկրների ղեկավարների` նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքով` մայրուղուց 2.5 կմ հեռավորության վրա, բացի ռուս խաղաղապահներից, որևէ այլ երկրի զինվորականներ չպետք է լինեն:
Ըստ armeniasputnik-ի՝ ադրբեջանցիները հուշարձանի տարածք են հասել` շրջանցելով Ստեփանակերտ-Շուշի խաչմերուկում տեղակայված խաղաղապահների պահակակետը, և նրանք անցակետից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող տանկի մոտ են հասել այլ ճանապարհով։ Դեպքը տեղի է ունեցել երեկ:
Բոլոր հանգամանքները ցույց են տալիս, որ այն կանխամտածված սադրանք է:
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 4-ին Կապան-Երևան ճանապարհին՝ Դավիթ Բեկից–Շուռնուխ գնացող հատվածում, ադրբեջանցիները քարեր են նետել հայկական համարանիշով մեքենայի ուղղությամբ, իսկ մարտի 28-ի գիշերը ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի ուղղությամբ, ջարդել ապակիները։