Պաշտոնական
Կապան-Երևան ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել հայկական ավտոմեքենայի ուղղությամբ
Կապան-Երևան ճանապարհին՝ Դավիթ Բեկից–Շուռնուխ գնացող հատվածում, ադրբեջանցիները քարեր են նետել հայկական համարանիշով մեքենայի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը` հավելելով, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 4–ին, ժամը 16–17 –ի մոտակայքում։
«Դեպքը տեղի է ունեցել այն հատվածում, որը որ գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տակ։ Դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա»,-նշել է Փարսյանը։
Նա տեղեկացրել է, որ ռուս սահմանապահները տեղեկացված են, և համապատասխան գործողություններ կատարել են։
Փարսյանն ասել է, որ քարը չի դիպել մեքենային, մեքենան չի վնասվել, բայց ուղևորները վախեցել են։
Կապանի քաղաքապետի խոսքով` այս ճանապարհահատվածում սա նման առաջին դեպքն է։