Լևոն Զարգարյան. Ինքնիշխանության աղբյուրները և «Սատանան» (մաս 2)
Ինքնիշխանության աղբյուրները և «Սատանան» (մաս 2)
․․․ Օտարերկրյա տիրակալից կախված իշխանությունը կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ, բացի մեկ բանից․ որ սեփական ժողովուրդը տեսնի այդ կախվածությունը։ Գոյություն ունի միայն մեկ լուծում՝ սատանա նշանակել մեկ այլ օտարերկրյա տիրակալի։ Այդպես Բաքվից կախվածությունը վերանվանվեց «Մոսկվայից ազատագրման» (Հղումը՝ մաս 1)։
Սկսենք մի հարցից, որը մեզ մոտ ինչ-ինչ պատճառով չեն տալիս․ ինչո՞վ է ապացուցվում «Մոսկվայից ազատագրումը»։
Ձեռք են բերում այն, ինչը չի եղել։ Ուրեմն պետք է լինեն փաստեր, որոնք ցույց են տալիս, որ մինչև վերջերս Հայաստանը ինքնիշխան չի եղել՝ որոշումներ է կայացրել, օրենքներ ընդունել, Սահմանադրության հոդվածներ փոխել Մոսկվայի ցուցումով՝ սեփական շահին հակառակ։
Փաստեր չկան․ դրանց փոխարեն կա փաշինյանական մի ձևակերպում՝ «Ղարաբաղի հարցը թոկ էր Հայաստանի վզին»։
Ենթադրենք։ Այդ դեպքում՝ ե՞րբ և ո՞վ կտրեց այդ «թոկը»։ Ադրբեջա՞նը 2023թ․ սեպտեմբերի 19-20-ին՝ ռազմական գործողությամբ, որի արդյունքում 120․000 մարդ լքեց հայրենիքը։
Այսինքն՝ Փաշինյանի տրամաբանությամբ Հայաստանի ինքնիշխանությունը ոչ թե նվաճվել է, այլ տրվել։ Տրվել է հենց այն մարդու կողմից, ում կամքից (ինչպես պարզեցինք), այսօր կախված է նրա իշխանությունը։ Գինը՝ Արցախ և 120․000 մարդ։
Ահա և ամբողջ ապացույցը։
Այժմ ստուգենք հակառակ պնդումը՝ արդյո՞ք Հայաստանը նախկինում ինքնիշխան էր։
1․ 2008թ․ օգոստոսին Ռուսաստանը ճանաչում է Աբխազիան և Հարավային Օսիան և նույնը պահանջում իր դաշնակիցներից։ Ի տարբերություն Սիրիայի, Վենեսուելայի, Նիկարագուայի, ըստ Փաշինյանի «ռուսական թոկին կապված» Հայաստանը հրաժարվեց ճանաչումից, իսկ 2014-ին չճանաչեց նաև Ղրիմի միացումը։ Այո, Բելառուսն էլ չի ճանաչել նրանց անկախությունը, սակայն ի տարբերություն Բելառուսի․
2․ Հայաստանը 1994թ․ միացավ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, 2005-ին ստորագրեց Գործընկերության անհատական գործողությունների ծրագիրը, զորախմբեր ուղարկեց Կոսովո, Իրաք՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում, և Աֆղանստան։ 2020թ․ հոկտեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը պաշտոնապես շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ «երկար տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին, այդ թվում՝ Աֆղանստանում» ներդրած ավանդի համար։ Իր տարածքում ռուսական ռազմաբազա ունեցող երկիրը տասնամյակներ շարունակ զինվորներ էր ուղարկում՝ ծառայելու ՆԱՏՕ-ի դրոշի ներքո։ Բելառուսը ոչ մեկին չէր ուղարկել։
3․ Հայաստանը 2015թ․ միացավ ԵԱՏՄ-ին, իսկ 2017թ․ ստորագրեց ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA)՝ դառնալով ԵԱՏՄ միակ անդամը, որն ունի նման համաձայնագիր։
Երկիրը, որը չէր ճանաչում Աբխազիայի, Հվ․Օսիայի անկախությունն ու Ղրիմի բռնակցումը, շուրջ 30 տարի մասնակցում էր ՆԱՏՕ-ի գործողություններում և ԵՄ-ի հետ ստորագրում էր համաձայնագրեր՝ գտնվելով ԵԱՏՄ-ում, ըստ Փաշինյանի, ինքնիշխանություն է ձեռք բերել այն պահին, երբ վերաշարադրում է սեփական Սահմանադրությունը հարևանի պահանջով։
Այստեղ պետք է հիշել դասագրքային ճշմարտությունը՝ 100 տոկոսով ինքնիշխան պետություններ գոյություն չունեն։ Գերմանիայում կա մոտ 35 հազար ամերիկացի զինվորական, Ճապոնիայում՝ մոտ 50 հազար։ ԱՄՆ ռազմաբազաներ կան Իտալիայում, Իսպանիայում, Հարավային Կորեայում, Թուրքիայում և այլուր։ Թվարկած պետություններից ոչ ոք իրեն չի համարում ինքնիշխանությունից զուրկ։
Ինքնիշխանությունը չափվում է ոչ թե նրանով, թե ում զինվորներն են կանգնած քո տարածքում, այլ թե ով է որոշումներ ընդունում քո երկրում։
Բայց այս թեզի լավագույն հերքումը ոչ թե Բեռլինում է կամ Տոկիոյում, այլ Բաքվում։
2009թ․ սեպտեմբերի 17-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան կողմից Վաշինգտոն (հասցեատերեր՝ Պետդեպարտամենտ, ԿՀՎ, հետախուզական և ռազմական այլ կառույցներ) ուղարկած «գաղտնի» հաղորդագրության (հղումը՝ այստեղ) մեջ նշվում է․
«Նախագահ Ալիևը հորից ժառանգել է խելացի, իրատեսական արտաքին քաղաքականություն, որը հիմնականում պահպանել է։ Ադրբեջանի անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու և մեծացնելու հիմնական նպատակով նա խրախուսում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի և եվրոատլանտյան անվտանգության կառույցների հետ և աջակցում է ադրբեջանական նավթի ու գազի տարանցմանը ոչ ռուսական ուղիներով։ Մնացած հարցերում նա իր հզոր հարևանների՝ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ հերթափոխում է կոշտությունն ու հանդարտեցումը։ Օրինակ՝ Ադրբեջանը պարբերաբար մեղադրում է Ռուսաստանին Հայաստանին զենք մատակարարելու մեջ և ցուցադրաբար հեռու է մնում ՀԱՊԿ-ից՝ զուգահեռաբար անդամակցելով ՎՈՒԱՄ-ին։ Միևնույն ժամանակ Ալիևը մշտապես ընդգծում է նախագահ Մեդվեդևի հետ իր հարաբերությունները՝ հաճախակի այցերով, և բաց է պահում էներգետիկայի շուրջ բանակցությունների ուղիները... Նա բավականաչափ վճռական է՝ պաշտպանելու Ադրբեջանի՝ անկախ քաղաքականություն վարելու իրավունքը, բայց բավականաչափ զգուշավոր է, որպեսզի Սահակաշվիլիի հետ միասին չհայտնվի Մոսկվայի գնդակահարության ցուցակում»։
Ինքնիշխանության բարձրացման դասական օրինակ՝ արձանագրված ԱՄՆ դեսպանատան կողմից դեռևս 17 տարի առաջ։
Հաջորդ պարբերությունը. «Ալիևը, անկասկած, հասկանում է, որ Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ Թուրքիայի հետ լիակատար խզում և հաստատ չի պատրաստվում վիրավորանքի (հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում) պատճառով փակել իր հնարավորությունները»։
Վիրավորանքի պատճառով իր հնարավորությունները փակելը ԱՄՆ դեսպանատունը 2009թ․ արձանագրել է որպես ոչ խելացի ղեկավարի հատկանիշ։
Արդյունքում Ադրբեջանը ստացավ և՛ Ղարաբաղը, և՛ միջանցքը, և՛ խաղաղ գործընթացն՝ իր պայմաններով, և՛ խաղաղության մրցանակը Հայաստանի վարչապետի համար՝ ցույց տալով, թե ինչպես է փոքր պետությունն աշխատում մեծ տերությունների հետ։
Այժմ տեսնենք, թե ինչպես էինք դա անում մենք։
2021-2022թթ․ Ադրբեջանը գրավեց Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառակուսի կիլոմետրը։ 2022թ․ սեպտեմբերյան մարտերից հետո Երևանը ռազմական օգնության համար պաշտոնապես դիմեց Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ Անվտանգության խորհրդին։ ՀԱՊԿ-ն ուղարկեց մշտադիտարկման առաքելություն, իսկ նույն տարվա ընթացքում Հայաստանի նկատմամբ սպառնալիքների թեմայով տեղի ունեցավ ՀԱՊԿ խորհրդի 3 արտահերթ նիստ։ Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին (ՀՀ նախագահությամբ) գլխավոր քարտուղար Զասը հայտնեց, որ Հայաստանի համատեղ օգնության միջոցառումների մասին որոշման նախագիծը «ընդհանուր առմամբ համաձայնեցված է», պատրաստվել է մշտադիտարկման առաքելության եզրակացությունների հիման վրա և ներառում է, ի թիվս այլ բաների, սահմանին դիտորդների տեղակայում։
Փաշինյանը հրաժարվեց ստորագրել հռչակագիրն ու օգնության մասին որոշումը՝ ագրեսիայի քաղաքական գնահատականի բացակայության պատճառով։ Քանի դեռ ոչ ոք Ադրբեջանին ագրեսոր չի անվանել, օգնության ստորագրումը հնարավոր չէ։
Պայմանը սկզբունքային է թվում։ Տեսնենք, թե ինչ եղավ հետո։
Հայաստանը ստացավ գնահատականը։ 2023թ. մարտի 15-ին Եվրոպական խորհրդարանն իր զեկույցում վճռականորեն դատապարտեց «2022թ․ սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքում բազմաթիվ թիրախների դեմ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիան», «2021թ․ մայիսից ի վեր չսահմանազատված սահմանի երկայնքով իրականացված ռազմական ներխուժումները» և կոչ արեց «բոլոր ուժերին վերադառնալ ելման դիրքեր»։ Ավելի ամբողջական գնահատական պահանջել հնարավոր չէ։
Հայաստանը ստացավ նաև դիտորդներ, ընդ որում՝ նրանց ընդունեց դեռևս 2022թ․ հոկտեմբերի 20-ին՝ ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովից մեկ ամիս առաջ, առանց որևէ նախապայմանի։ Այսօր ԵՄ առաքելությունն աշխատում է Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։
Իսկ ադրբեջանական զորքերը կանգնած են նույն դիրքերում։ Չորրորդ տարին։
Ուրեմն հարցը ո՛չ բառերի մեջ է, ո՛չ գնահատականների, ոչ էլ դիտորդների։ Ո՛չ դատապարտումը, ո՛չ հեռադիտակը չեն տեղաշարժում զինվորին գրաված բարձունքից։ Նրան տեղաշարժում է մեկ այլ բան, և դրա մասին արժե ուղիղ ասել։
Այստեղ մենք մոտենում ենք մի բանի, որը պետք էր դպրոցում բացատրել։ Ռազմական դաշինքները չեն ձևավորվում և երկրները միմյանց չեն օգնում ՀԱՆՈՒՆ իրար։ Երկրներն օգնում են ինչ-որ մեկի ԴԵՄ։ Սա ցինիզմ չէ, այլ պետական շահի սահմանում։
Տարօրինա՞կ է հնչում։ Ստուգենք ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում։
1․ ԱՄՆ Սենատոր Լինդսի Գրեհեմ, Կիև, 2023թ․ մայիս․ «Լավագույն փողը, որ մենք երբևէ ծախսել ենք», և մեկ րոպե անց․ «Եվ ռուսները մահանում են»։
2․ ԱՄՆ Սենատոր Միթ Ռոմնի, 2023թ․ օգոստոս․ Ուկրաինային օգնությունը՝ «ազգային պաշտպանության լավագույն ծախսերն են, որոնք մենք երբևէ արել ենք», որովհետև «մենք շատ փոքր գումարի դիմաց հյուծում և ամայացնում ենք ռուսական բանակը» և, ամենակարևորը, «մենք կյանքեր չենք կորցնում Ուկրաինայում»։
3․ ՄԹ վարչապետ Բորիս Ջոնսոն, 2023թ․ սեպտեմբեր․ ԱՄՆ-ը տրամադրել է տարեկան պաշտպանական բյուջեի մոտ 1 տոկոսը, «ամերիկյան կոշիկներ գետնի վրա չկան, և չկա հնարավորություն, որ տուն վերադառնան ամերիկյան դագաղներ․ մինչդեռ Արևմուտքի համար խաղադրույքները հսկայական են»։
Այդպես եղել է միշտ։ 1991թ․ 35 երկրների կոալիցիան հավաքվեց ոչ թե 2 միլիոն բնակչությամբ էմիրության համար, այլ որովհետև Իրաքը՝ Սադդամ Հուսեյնի գլխավորությամբ, գրավելով Քուվեյթը, դուրս էր գալիս դեպի սաուդյան հանքավայրեր, և համաշխարհային նավթի մոտ 20 տոկոսի նկատմամբ վերահսկողություն սահմանում։
Մեկ այլ՝ անմիջականորեն մեզ վերաբերող օրինակ։
Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց․ «Էրդողանը բռնապետ է։ Նա ՀԱՄԱՍ-ին ընդունում է Թուրքիայում։ Նա սպանել է հազարավոր քուրդ խաղաղ բնակիչների։ Նա ժխտում է Հայոց ցեղասպանությունը։ Նա բանտարկում է լրագրողների և ընդդիմության առաջնորդների… ապօրինաբար օկուպացնում է Հյուսիսային Կիպրոսը և մշտապես ոտնձգություններ է անում Հունաստանի նկատմամբ»։
Իսրայելը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել։ Բայց Էրդողանի դեմ մեղադրանքների ցանկում Ցեղասպանությունն իր տեղը գտավ ՀԱՄԱՍ-ի և Կիպրոսի միջև։
Սա մեխանիզմն է իր մաքուր տեսքով։ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել, այն կիրառվել է որպես զինամթերք ուրիշի վեճում։
Եվ առանձին դառնությունն այն է, որ երեք ամիս առաջ Հայաստանի վարչապետը կոչ էր անում «վերջ տալ Ցեղասպանության զենքայնացմանը»։ Երեք ամիս անց այն զենքայնացվեց՝ միայն թե ոչ մեր կողմից և ոչ մեր շահերից ելնելով։
Անցնենք գլխավոր հարցին, որը ներկայումս ակտիվորեն շրջանառվում է Հայաստանում․ կօգնի՞ արդյոք Ռուսաստանը Թուրքիայի ներխուժման պարագայում։
1974թ․ Թուրքիան ներխուժում է Կիպրոս։ Հունաստանը (1952թ-ից ՆԱՏՕ-ի անդամ), ի նշան բողոքի, դուրս է գալիս ՆԱՏՕ-ի միասնական ռազմական կառույցից, քանի որ ՆԱՏՕ անդամ երկրները ոչինչ չձեռնարկեցին։ Եվ 6 տարի անց վերադառնում է։ Որովհետև դրսում ավելի վատ էր, քան ներսում։
Ահա անկեղծ պատասխանը։ Դաշինքը կամ դաշնակիցը, ամենայն հավանականությամբ, չի աշխատի այնպես, ինչպես մենք հույս ունենք, հատկապես եթե ագրեսորը նրա համար նույնպես գործընկեր է։ Բայց վիրավորվածության նշանով դաշինքից դուրս գալը դրությունը չի բարելավում․ սա հենց այն է, ինչ Հունաստանը փորձեց իր վրա և վեց տարի անց ընդունեց որպես սխալ։
Այժմ նայենք ճշմարտության աչքերին։
2022թ․ հունվարի 6-ին Փաշինյանը՝ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն խաղաղապահ ուժեր Ղազախստան ուղարկելու մասին։ Կրեմլը հրապարակեց նրա հայտարարությունը։ Հայաստանն ուղարկեց ավելի քան 100 զինծառայող։
Ինչպե՞ս կվերաբերվեր հայ հանրությունը, եթե Ղազախստանում հայ զինվոր զոհվեր։ Ի՞նչ կասեինք մենք՝ իմանալով, որ հայ տղան զոհվել է՝ ապահովելով Տոկաևի իշխանության պահպանումը։ Պատասխանն ակնհայտ է։ Մենք կհարցնեինք՝ իսկ մեզ դա ինչի՞ համար է պետք։
Հենց այս հարցն է իրեն տալիս ղազախ և բելառուս հասարակությունը, երբ խոսքը հասնում է նրան, որ նրանց զինվորները պետք է կռվեն Ադրբեջանի դեմ՝ Հայաստանի համար։ Ռուս զինվորը չի պատրաստվում զոհվել Հայաստանի համար։ Լեհ զինվորը չի պատրաստվում զոհվել Ուկրաինայի համար։ Ամերիկացին չէր պատրաստվում զոհվել Քուվեյթի համար․ ամերիկյան բանակն ուղարկվեց միայն այն ժամանակ, երբ վտանգվեց մերձավորարևելյան նավթը։
Սա դավաճանություն չէ։ Սա աշխարհի դրվածքն է։ Էմոցիաներն ու նեղացկոտությունն այստեղ տեղ չունեն։
Մերձիշխանական փորձագետների փաստարկն այն է, որ եթե Ռուսաստանը չօգնեց Ադրբեջանի դեմ, ինչո՞ւ ենք մենք կարծում, որ կօգնի Թուրքիայի դեմ։ Նախ, իրավիճակները նույնը չեն․
1․ հայ-թուրքական սահմանը սահմանազատված է դեռ խորհրդային ժամանակներից։ Հայ-ադրբեջանականը՝ ոչ․ մոտավորապես 1000 կիլոմետրից սահմանազատված է 12-ը։ Սրանք տարբեր իրավական կարգավիճակներ են։
2․ Զսպումն ունի տհաճ հատկություն․ նրա հաջողություններն անտեսանելի են, իսկ ձախողումները տեսանելի են բոլորին։ Քանի դեռ այն աշխատում է, ոչինչ տեղի չի ունենում, և թվում է, թե այն անօգուտ է։ Մենք երբեք չենք իմանա, թե քանի անգամ է այն աշխատել, որովհետև աշխատած զսպումը սովորական օրվա տեսք ունի։ Փոխարենը՝ միակ դեպքը, երբ այն չի աշխատել, մենք քննարկում ենք արդեն չորրորդ տարին անընդմեջ։ Դուք ձեր տան դուռը չեք հեռացնի, եթե տունը մեկ անգամ թալանեն։ Երևի թե կտեղադրեք մեկ այլ՝ ավելի ապահով դուռ։
Եվ հետևաբար՝ ի՞նչ է առաջարկվում ռուսական ռազմաբազայի փոխարեն։ Ոչինչ։ Եվ սա ենթադրություն չէ, այլ իշխող ուժի դիրքորոշում՝ հնչեցված անձամբ Փաշինյանի և ՔՊ-ական պատգամավորների կողմից։ Ներկա իրավիճակում ՀԱՊԿ-ից դուրս գալը արտաբլոկային կարգավիճակ է ոչ թե որպես ընտրված ռազմավարություն, այլ որպես մնացորդային արդյունք։
Արտաբլոկային կարգավիճակը հրաշալի բան է, բայց Շվեյցարիայի, Ավստրիայի, Իռլանդիայի համար։ Նրանց համար, ովքեր չունեն տարածքային վեճեր, որոնց նկատմամբ տարածքային պահանջներ չեն ներկայացվում և որոնցից չեն պահանջում վերաշարադրել Սահմանադրությունը։ Ում մոտ այս ամենը կա, արտաբլոկային կարգավիճակն այլ կերպ է կոչվում։
Չե՞ք հավատում։ Կրկին՝ փաստերով։
1998թ․ Թուրքիան պատերազմի սպառնալիքով ստիպեց Սիրիային արտաքսել Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին։ 2000-ականներին հարաբերությունները կարգավորվեցին և ամրապնդվեցին այնպիսի մակարդակի, որին Թուրքիա-Հայաստան հարաբերությունները նույնիսկ մոտ չեն․ 2009թ․՝ առանց վիզայի ռեժիմ, կառավարությունների համատեղ նիստեր, Էրդողանի և Ասադի անձնական բարեկամություն։ Դա չխանգարեց Թուրքիային 2016-2020թթ․ իրականացնել «հակաահաբեկչական» գործողություններ Սիրիայում և օկուպացնել երկրի հյուսիսային շրջանները։
Իսկ թե ինչով ավարտվեց այդ ամենը, մենք տեսանք այս շաբաթ։ Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոն բարձրացավ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաան (լուսանկարում)։ Մարդ, որը ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ընդգրկվել էր ահաբեկչական ցուցակներում՝ Իսլամական Պետության առաջնորդների կողքին, ում գլխի համար 10 միլիոն դոլար պարգևավճար էր սահմանված։
Ահաբեկչական ցուցակներից նա հանվեց 2024թ․ դեկտեմբերին՝ այն ժամանակ, երբ նրա զորքերը գրավեցից Դամասկոսը։ Նրա անցյալում ոչինչ չէր փոխվել։ Փոխվել էր նրա օգտակարությունը։ Ճիշտ այնպես, ինչպես Ցեղասպանության դեպքում․ ճանաչում են ոչ թե այն, ինչ ճշմարիտ է, այլ այն, ինչ պետք է, և այն ժամանակ, երբ պետք է։
Ջերմ հարաբերությունները չեն փոխարինում սահմանին։ Պայմանագրերը չեն փոխարինում երաշխիքին։ Իսկ նրան, ում այսօր անվանում են ահաբեկիչ, վաղը կարող է խոսել ՄԱԿ-ի ամբիոնից, եթե դա ինչ-որ մեկին պետք լինի։
Եվ վերջում՝ այն տրամաբանության մասին, որի վրա ամեն ինչ կառուցված է։
2022թ․ հոկտեմբերի 14-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդում ելույթ ունենալիս, Փաշինյանը ձևակերպեց հետևյալ միտքը. «․․․ասելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա ՀԱՊԿ պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա և կազմակերպությունը»։
Այս տրամաբանությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ, հետևաբար Հայաստանի տարածքը որոշված չէ, ինչը նշանակում է՝ Հայաստանը գոյություն չունի։ Հայ-վրացականը ավարտված չէ։ Ադրբեջան-Վրաստան սահմանը նույնպես։ Այս տրամաբանությամբ Հարավային Կովկասում ոչ մի պետություն չկա։
Սա կհնչեր որպես սոփեստական հնարք, եթե բարձրաձայն չասվեր իշխող ուժի մեկ այլ ներկայացուցչի կողմից։
Սեպտեմբերի 21-ին՝ անկախության 35-ամյակի օրը, Եռաբլուրում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողներին ասաց. «Տա Աստված, մենք վերջնականապես ունենանք պետական սահմաններ և լիովին անկախ լինենք»։
ՀԱՊԿ-ը վերացնելու համար հորինված «տրամաբանությունը», հետևողականորեն կիրառվելով, վերացրեց Հայաստանը։ Եվ դա արեց ոչ թե իշխանության ընդդիմախոսը, այլ իշխանական պատգամավորը։
Ինքնիշխանությունը ո՛չ կարգախոս է, ոչ էլ ամսաթիվ։ Դա այն չէ, ինչ ձեռք են բերում երկուշաբթի՝ կիրակի օրը ինչ-որ մեկի հետ վիճելուց հետո։ Եվ դա հաստատ այն չէ, ինչ հարևանը վերցնում է քեզնից՝ 120․000 հազար մարդկանց անտուն դարձնելով։
Ինքնիշխանությունը չափվում է ոչ թե նրանով, թե ում զինվորներն են կանգնած քո տարածքում, և ոչ էլ նրանով, թե որ կազմակերպություններից ես դուրս եկել կամ որոնց անդամակցում։ Այն չափվում է մեկ բանով՝ ում պահանջներն են կատարում քո կառավարությունն ու խորհրդարանը։
Եվ քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը վերաշարադրվում է Բաքվում կազմված ցուցակով, Մոսկվայից ինքնիշխանություն ձեռք բերելու մասին խոսակցությունները արտաքին քաղաքականություն չեն։
Դա «Սատանայի» դեմ կռիվ է, որն իրականում չկա։
Հ.Գ. «Լիարժեք անցումը ժողովրդավարությանը քիչ հավանական է, և այս տարածաշրջանի նախագահների կամավոր հեռանալու առումով անցած ուղին բավականին աղքատ է։ Ցանկալի և, հնարավոր է, հասանելի է այն, որ Ալիևը կառավարի որպես դաշինքների մենեջեր...»։ Վաշինգտոնում Ադրբեջանի ժողովրդավարացում չէին սպասում դեռ 2009թ․ և դա գրում էին գաղտնի հեռագրերում։


