«  Սեպտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика


Տաթև Զորյան. Իշխանությունների կողմից այս վտանգի հերքումը պետական դավաճանություն է

Տաթև Զորյան. Իշխանությունների կողմից այս վտանգի հերքումը պետական դավաճանություն է

ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը՝ «հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձի» պայմանների ձևավորման մասին, լոկ քարոզչական հռետորաբանություն չէ։ Սա Բաքվի որդեգրած պաշտոնական ռազմավարության արձանագրումն է` միջազգային բարձրագույն ամբիոնից։

Այս իրողության խորքային քննությունը բացահայտում է չորս առանցքային հարթություն

1.«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի իրավաքաղաքականացում․ Բաքուն հետևողականորեն միջազգայնացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնությունները։ Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը ձևավորել է արհեստական «հայելային» օրակարգ․ Արցախից բռնագաղթված հայերի վերադարձի իրավունքի թեզին հակադրվում է Հայաստանում ադրբեջանական հոծ համայնքների վերաբնակեցման պահանջը։ Սա միջազգային իրավունքի մանիպուլյացիա է՝ Արցախի էթնիկ զտման պատասխանատվությունը չեզոքացնելու նպատակով։

2.Գոյաբանական և ժողովրդագրական սպառնալիք․ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների զանգվածային վերաբնակեցման պահանջը պետականության քայքայման ուղղակի գործիք է։ Նման համայնքների ձևավորումը և դրանց համար «միջազգային երաշխիքների» կամ «ինքնավարության» կորզումը հետագայում ծառայեցվելու են ՀՀ ինքնիշխանությունը ներսից ապակայունացնելու և տարածքային նոր հավակնություններ պարտադրելու համար։

3.Իշխանության ռազմավարական կուրությունը․ ՀՀ գործող իշխանությունները տևական ժամանակ հանրությունից կոծկել կամ հերքել են այս սպառնալիքի գոյությունը՝ այն որակելով որպես «կեղծ թեզ»։ Բայրամովի հայտարարությունն ի չիք է դարձնում պաշտոնական Երևանի հերքումները` բացահայտելով պետական ապարատի անկարողությունը՝ ձևավորելու արտաքին մարտահրավերներին համարժեք դիվանագիտական և իրավական զսպաշապիկ։

4. «Խաղաղության օրակարգի» սնանկությունը․ Սա փաստում է, որ միակողմանի զիջումների և «խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը չի չեզոքացնում Բաքվի ծավալապաշտությունը։ Յուրաքանչյուր զիջումից հետո Ադրբեջանը բարձրացնում է պահանջների նշաձողը։ Առանց ուժերի իրական հավասարակշռության վերականգնման՝ «խաղաղության» անվան տակ տեղի է ունենում պետական սուվերենության աստիճանական կորուստ։

Հ.Գ. Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից պաշտոնապես լեգիտիմացրեց  Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը։ Իշխանությունների կողմից այս վտանգի հերքումը պետական դավաճանություն է։ Անհրաժեշտ է ձերբազատվել իլյուզիաներից և անհապաղ ձևավորել պետական դիմադրողականության վրա հիմնված, ինստիտուցիոնալ-դիվանագիտական հակազդման ռազմավարություն, այլապես հայի հետին խելքն այս անգամ մեզ չի փրկի։

Տաթև Զորյան 
ՀԱԿ վարչության անդամ