«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Արման Գրիգորյան. Հայաստանի ու Արցախի կործանումն արդարացնող առասպելները. «Առավոտ»

Արման Գրիգորյան. Հայաստանի ու Արցախի կործանումն արդարացնող առասպելները. «Առավոտ»

«Առավոտը» հրապարակել է քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանի հոդվածը  հետպատերազմական առասպելների մասին.

Հայաստանի ու Արցախի կործանումն արդարացնող առասպելները

Պարտությունները երբեմն դրական հետևանքներ են ունենում։ Դրանք բացահայտում ու վարկաբեկում են հասարակությանը մոլորեցրած գաղափարներն ու դոգմաները։ Դրանք կազմաքանդում ու ասպարեզից հեռացնում են այն աղակալած ինստիտուտներն ու քաղաքական ուժերին, որոնք այդ առասպելների վաճառականներն են եղել։ Դրանք հասարակություններին պարզապես ստիպում են ուշքի գալ ու լրջանալ։

Ես որոշ աղոտ հույսեր ունեի, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունը մեր հասարակության համար այդպիսի հետևանք կունենա, բայց աստիճանաբար այդ աղոտ հույսերն էլ մարում են։ Հին առասպելների փոխարեն, կամ ավելի ճիշտ` դրանց հիմքի վրա, մեծ թափով քաղաքական ասպարեզ են նետվել նոր առասպելներ։ Մասնավորապես` իշխանությունն ու նրա ղեկավարն այս աղետի համար սեփական պատասխանատվությունն ընդունելու փոխարեն օրական մի նոր բան են մոգոնում պատասխանատվությունից խուսափելու համար։ Բայց ինչպես կտեսնենք, ակտիվ ընդդիմությունն էլ փորձում է ետ չմնալ։ Իսկ մեր հասարակությունն աստիճանաբար հարմարվում է այս նոր առասպելներով հագեցած հասարակական մթնոլորտին։

Ի՞նչ առասպելների մասին է խոսքը։  

ԱՌԱՍՊԵԼ 1. ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՈՒ ԱՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՄԻՋԵՎ, ՈՐ ՄԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԷԻՆՔ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԼՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ։

Սա հաստատապես պետք է համարել հայ քաղաքական մտքի մեծագույն հայտնագործությունն ու համաշխարհային քաղաքագիտական մտքի մեջ իսկական հեղափոխություն իրականացնելու հայտ։ Մինչ այս հայտնագործությունն աշխարհի բոլոր քաղաքագետները համոզված էին, որ երբ դու ինչ-որ բան ունես զիջելու, դրա փոխարեն կարող ես նաև ինչ-որ բան պահանջել ու ստանալ, բայց երբ դու ոչինչ չունես զիջելու, դրա դեմ կստանաս ոչինչ։ Նրանք նաև համոզված էին, որ քանի դեռ դու կարողություն ունես հակառակորդին ինչ-որ գին պարտադրելու, հակառակորդդ շահ ունի քեզ ինչ-որ բան զիջելու այդ գինը վճարելուց խուսափելու համար։ Երբ դու այլևս չունես այդ կարողությունն ու արդեն ինչ գին կարող էիր պարտադրել ես, դրանից հետո հակառակորդդ կրկին քեզ որևէ բան զիջելու պատճառ չունի։ Բայց քաղաքագիտության տիտան Նիկոլ Փաշինյանն ու նրա դպրոցի ներկայացուցիչները փաստորեն ցնցող հայտնագործություն են արել, ինչը պարզապես կարելի է արտահայտել հետևյալ պնդմամբ. ոչինչը հավասար է ինչ-որ բանի։ Այս տեմպերով նրանք հավերժական շարժիչ էլ կհայտնագործեն։ Եվ հարցը միայն այն չի, որ նրանց ուղեղում նման հակամիտք է գոյացել, այլ այն, որ նրանք դա կրկնում են ամենայն համոզվածությամբ, առանց դրա համար խայտառակ լինելու վախի։ Եվ ճիշտ են անում, որովհետև հայաստանյան վերլուծաբաները, լրագրողներն ու մտավորականներն ավելի կարևոր բաներով են զբաղված, քան մեր հավաքական ինտելեկտին հասցված այս վիրավորանքին պատասխանելն է։

Իրականում սա շատ ավելի սարսափելի է, քան պարզապես մեր ինտելեկտին հասցված վիրավորանքը։ Փաշինյանն ու փաշինյանիզմի հետևորդները կարծես չեն հասկանում, կամ ձևացնում են, թե չեն հասկանում, որ եթե նույնիսկ իրենք համաձայնեին ճիշտ այն արդյունքին, ինչ ստացանք պատերազմի հետևանքով, միևնույնն է բանակցային տարբերակը նախընտրելի էր, որովհետև այսօր հազարավոր երիտասարդ տղաներ ողջ կլինեին, իսկ նրանց կրկնապատիկն էլ հաշմանդամ դարձած չէին լինի։ Ասել, որ տարբերություն չկա պատերազմի արդյունքի ու այն արդյունքի միջև, ինչ մենք ստանալու էինք բանակցային լուծման արդյունքում, հետևաբար, ոչ միայն կատարյալ ապուշություն է, այլև ստորություն։ Վերջապես, դա անամոթ սուտ է, ինչը շատ լավ գիտեն մարդիկ, որոնք այդ բանակցությունների մասին գոնե մինիմալ գիտելիքներ ունեն, ինչպես օրինակ` Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը։

ԱՌԱՍՊԵԼ 2. ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷԻՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐ`ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑՈՒՄ ՈՐԵՎԷ ՓՈԽԶԻՋՄԱՆ։

Սա էժանագին շահարկում է։ Այստեղ նույնպես գործ ունենք փաշինյանական տրամաբանության հերթական դրսևորման հետ, ինչն այս դեպքում կարելի է ձևակերպել այսպես. եթե ինչ-որ բան ամեն ինչ չէ, ուրեմն դա ոչինչ է։ Բանակցություններում մեզ առաջարկվածը ոչինչ չէր։ Արցախի կարգավիճակը չէր նախասահմանվում։ Ինչ էլ տային, դա լինելու էր որոշակի անվտանգության ու ինքնուրույնության ֆունկցիաներ ունեցող կարգավիճակի տեսքով, որը գուցե անկախություն չլիներ, բայց հաստատ այս ողորմելի ռուսական պրոտեկտորատից ավելի նախընտրելի մի բան էր լինելու։ Այս կապակցությամբ, մի ուրիշ շահարկում էլ է անում քաղաքագիտության մերօրյա ռահվիրան. մեզնից պահանջում էին յոթ շրջան, հայտարարում է նա, առանց Արցախի կարգավիճակը ճշտելու։ Ոչ, յոթ շրջան չէին պահանջում, պահանջում էին հինգը, իսկ մյուս երկուսի վերադարձի հարցը փաստորեն Արցախի կարգավիճակի հետ փաթեթով էր լուծվելու։ Նա շատ լավ գիտի այս ամենն իհարկե, բայց դե կարող է ուզած բանն ասել, քանի որ շատ լավ գիտի, որ լրատվական դաշտը հագեցած էլ լինելու 5 միլիարդ դոլար կաշառքի թամաշայով ու որևէ լուրջ քննադատություն հանրային քննարկման առարկա չի դառնալու։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում