Հայաստանը 750 միլիոն դոլարի պարտատոմս է թողարկել

Պաշտոնական 04.02.2021   11:35   71

2021թ-ի տնտեսական տարին Հայաստանը սկսել է շատ ուժեղ դրական ազդակով։ Նման հայտարարություն այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում արեց Նիկոլ Փաշինյանը։

Իսկ դրական ազդակը, նրա դիտարկմամբ, ՀՀ կառավարության թողարկած 750 մլն դոլարի եվրոպարտատոմսերն են։ «Թողարկումը տեղի է ունեցել հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններում և ամենացածր տոկոսով, ինչը կարևոր ազդակ է մեր տնտեսության համար: Սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել և հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը վկայում է նաև որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և կառավարության կողմից տարվող քաղաքականության նկատմամբ»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` այս թողարկումն ամենևին արտառոց և արտակարգ երևույթ չէ, քանի որ նախատեսված է 2021 թվականի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում: 

Նա հայտնեց նաև, որ պահանջարկը եղել է շատ ավելի մեծ՝ շուրջ 3 միլիարդի պահանջարկ է եղել մեր պարտատոմսերի, բայց այս պահին որոշել են ներգրավել 750 միլիոնը:

Ֆինանսների  նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ հավելեց, որ այս քննարկումը հրապարակային առաջարկ չէ ներդրողներին և նախատեսված է իրավական տիրույթում այն կիրառելու համար: «Մենք այսպիսի թողարկում ուենցել ենք մինչև այժմ վարված համապարփակ քաղաքականության արդյունքում և սա միջազգային գնահատականն է»,-ասաց նա: Թողարկման ժամկետը տասը տարի է:

Նշենք, որ 2021թ-ին թողարկված պարտատոմսերը Հայաստանի համար արդեն չորրորդն են։ Երրորդը թողարկվել էր 2019 թվականին ՝ 500 մլն դոլար ծավալով, 10 տարի ժամկետով, երկրորդը` 2015թ–ին, 500 մլն դոլար ծավալով ու դարձյալ 10 տարի ժամկետով, իսկ առաջինը` 2013 թվականին` 700 մլն դոլար չափով՝ 7 տարի ժամկետով: Առաջին տրանշի եկամտաբերությունը կազմել է 6.25%, արժեթղթերը մարվել են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը: Երկրորդ տրանշի եկամտաբերությունը` 7,5%, երրորդինը` 4,625%, չորրորդ` վերջին պարտատոմսերը թողարկվել են 3.8%-ով։

Նշենք նաև, որ պարտատոմսերի թողարկման մասին մամուլում առկա վերլուծություններում հիմնական շեշտը դրվում էր այն բանի վրա, որ այդ 750 մլն դոլարը կազմում է ՀՀ տարեկան  բյուջեի հարկային մուտքերի 30 տոկոսը, որն, ըստ մեկնաբանությունների, մեծ բեռ է լինելու ՀՀ տնտեսության համար։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, կառավարություն, եվրաբոնուսներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon