Հնարավոր չէ լուծել Ղարաբաղի հարցը առանց ծանր ու հետևողական ջանքերի, առանց փոխզիջման

Պաշտոնական 21.11.2019   10:00   338

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն:

Նոյեմբերի 20-ին Փաշինյանն այցելել է Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն և հանդես եկել ելույթով «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը:

Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«...Չնայած Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությանը, Հայաստանը ձեռնարկում է կոնկրետ քայլեր հակամարտության փոխընդունելի լուծում գտնելու ուղղությամբ: Այդ նպատակով մոտ մեկ տարի առաջ ես հրապարակավ հայտարարեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:

Ես առաջին հայ առաջնորդն էի, ով բարձրաձայնեց նման դիրքորոշում: Իմ երկրում ինձ խիստ քննադատեցին այդ բանաձևի համար, որը երեք կողմերին հավասար հիմունքներով է դիտարկում:

Այդուամենայնիվ, ես համոզված եմ, որ դա հակամարտության խաղաղ և տևական կարգավորման միակ ճանապարհն է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռման հնարավորություն։

Որպեսզի առաջ շարժվենք, ես նման հայտարարություն եմ ակնկալում նաև Ադրբեջանից: Եթե մենք լսենք այդպիսի հայտարարություն նախագահ Ալիևից, դա իսկական առաջընթաց կլինի բանակցային գործընթացում:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնում են իրենց նախկին դիրքերում՝ նպատակ ունենալով խնդիրը լուծել միայն Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով: Դա ինձ լրացուցիչ հիմք է տալիս կարծելու, որ Ադրբեջանը փայփայում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հույսեր և չի ցանկանում լուծումը գտնել բանակցությունների սեղանի շուրջ:

Այդուամենայնիվ, Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ խաղաղ բանակցություններին և խնդրի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա:

Նախ և առաջ, բացարձակապես անօգուտ է սպառնալիքի լեզվով խոսել Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Դա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ: Ադրբեջանը ժամանակին փորձել է ուժի լեզվով խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ և լուրջ հետևանքների է բախվել՝ չնայած Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր հսկայական գերակայությանը ինչպես ազգաբնակչության, այնպես էլ սպառազինության առումով: Իրենց իսկ ռազմական ձախողումների համար վրեժխնդիր լինելու փորձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:

Մեր տարածաշրջանում ռազմական էսկալացիան աղետալի հետևանքներ կունենա նույնիսկ գլոբալ տեսանկյունից: Ներգրավվելով ռազմական արկածախնդրությունների մեջ՝ Ադրբեջանը կարող է պարարտ միջավայր ստեղծել այն ահաբեկիչների համար, ովքեր կորցրել են իրենց ազդեցությունը Սիրիայում և Իրաքում, և այժմ փնտրում են նոր տարածքներ՝ իրենց գործողությունների համար:

Աշխարհագրական առումով, Ադրբեջանը կարող է ծառայել որպես հենակետ՝ տարածաշրջան բոլոր չորս ուղղություններով նրանց ներթափանցման համար՝ հարավից, հյուսիսից, արևելքից և արևմուտքից:

Սիրելի բարեկամներ,

Լեռնային Ղարաբաղը շատ բարդ և ցավոտ հարց է տարածաշրջանի ժողովուրդների համար: Հնարավոր չէ լուծել այն առանց ծանր ու հետևողական ջանքերի, առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության: Բայց եթե մենք ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների ապագայի համար, ապա պետք է ջանքեր գործադրենք իրական փոփոխությունների հասնելու նպատակով: Ես նկատի ունեմ Ադրբեջանի կառավարությանը, Լեռնային Ղարաբաղի կառավարությանը և Հայաստանի կառավարությանը։

Մենք անկեղծ ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման մեր ձգտման մեջ և պատրաստ ենք երկխոսության՝ հանուն հակամարտության այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Սա է մեր մոտեցումը, և մենք պատրաստ ենք բանակցել այս նոր պարադիգմի հիման վրա...»


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, Նիկոլ Փաշինյան, Իտալիա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon