Մեսրոպ Հարությունյան. «Ինչ է արժենում պաշտոնյայի ծիծաղը»

Խոսք 12.03.2021   13:00   249

aliqmedia.am . «Իսկանդերի» հետ կապված սկանդալին, դրան հաջորդած պաշտոնանկությանը, ապա եւ՝ Փաշինյանին սխալ զեկուցելու մասին բացատրություններին պիտի որ հաջորդեր Փաշինյանի ներողությունը եւ Տիրան Խաչատրյանին իր պաշտոնին վերականգնելը։

Տրամաբանությունը դա է հուշում. եթե ընդունում եք, որ «սխալ են զեկուցել», նշանակում է՝ ընդունում եք, որ սխալ կամ անհեթեթ բան եք ասել։ Եթե սա ընդունում եք, ուրեմն պիտի ընդունեք, որ Տիրան Խաչատրյանն էլ միանգամայն հիմնավոր է քրքջացել այդ անհեթեթության վրա, հետեւաբար՝ նրան ազատելը ձեզ զեկուցված սխալի անուղղակի հետեւանքն է։ Նորմալ ղեկավարը կպատժեր իրեն սխալ զեկուցողին, ներողություն կխնդրեր եւ իր պաշտոնում կվերականգներ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին։

Վերջին պարբերությունում ստուգիչ արտահայտությունը «նորմալ ղեկավար»-ն է։ Իսկ թե ինչ է կատարվում Հայաստանում Փաշինյանի կառավարման տարիների ընթացքում կադրային քաղաքականության ոլորտում, բոլորիս աչքի առաջ է (կարծես), բայց եւ գաղտնիության մշուշով է պատված։

Ժողովուրդը, որի անունից անընդհատ խոսում եւ որի իբր ներկայացուցիչը լինելն է անընդհատ շեշտում Փաշինյանը, տեղյակ չի լինում, թե ինչու է այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան ազատվում, հետո նշանակվում, հետո նորից ազատվում եւ այլն։ Որովհետեւ ամեն ինչ կատարվում է հախուռն՝ Փաշինյանի հերթական, մեղմ ասեմ, մտասեւեռված բռնկման պահին ընդունված միանձնյա որոշմամբ. «Ո՞նց թե դու ծիծաղես իմ ասածի վրա… Դե, ծիծաղը դու հիմի տես»։

Այդ ծիծաղի պատճառով Փաշինյանն իրար խառնեց ոչ միայն Գլխավոր շտաբը, բանակի բարձրաստիճան սպայակազմն ու բանակն ընդհանրապես, այլեւ ողջ երկիրը, բայց էդպես էլ չընդունեց իր սխալը՝ բավարարվելով «սխալ են զեկուցել» ոչինչ չասող արտահայտությամբ՝ իր սխալվելն անգամ ըստ սովորության «անսխալական» համարելով։

Փոխարենը, ինչպես կարելի է ենթադրել ՌԴ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, երեւի հազար տակ խոնարհվելով ներողություն է խնդրել թանկագին Վլադիմիր Վլադիմիրովիչից՝ ռուսական զենքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։

Իսկ մեր բանակի գեներալի նկատմամբ վերաբերմունքը անհարգալից չէ՞ր…
Եվ ես զարմանում եմ, որ այս ամենի ֆոնին ու այս ամենից հետո դեռ լինում են մարդիկ, որոնք ընդունում են Փաշինյանի առաջարկն ու պաշտոն ստանձնում։
«...»

Հ. Գ. – Փոխանցեք «Իմքայլական» պատգամավորներին, հատկապես կարկառուն օրենսդիրներ Ալեն Սիմոնյանին եւ Վահագն Հովակիմյանին, թող Սահմանադրական օրենքի նախագիծ մշակեն «Սիրելի Վարչապետի ասածների վրա քրքջալուն ներկայացվող պահանջների մասին»։ Թե չէ երես առան էդ պաշտոնյաները, «ով երբ ուզում քրքջում է, ով չի ուզում՝ չի քրքջում…»։

Լրագրող, փորձագետ Մեսրոպ Հարությունյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուր aliqmedia.am կայքում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մեսրոպ Հարությունյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon