Լևոն Տեր-Պետրոսյան. Փաստեր «ցրտի ու մթի» տարիների մասին (տեսանյութ)

Խոսք 18.12.2019   19:10   1414

«Թեեւ մեր իմաստուն ընդդիմախոսների եւ քոչարյանագեբելսյան քարոզչամեքենայի հետեւողական ջանքերի շնորհիվ «ցրտի ու մթի տարիներ» է պիտակավորվել Հայաստանի նախկին վարչակազմի իշխանավարության ողջ շրջանը, սակայն իրականում ցուրտ եւ մութ է եղել միայն 1992–1994 թվականներին։ Եթե մի պահ փորձենք հիշել, թե դրանք ինչ տարիներ էին, ապա ապշանքով կնկատենք, որ դրանք աստղաբաշխական ճշգրտությամբ համընկնում են Արցախյան պատերազմի տարիներին։ 

Միայն այս փաստը բավական էր, որպեսզի համաշխարհային պատմությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած բանական մարդ, առանց մեծ ճիգ թափելու, կռահեր, թե ինչու այդ տարիներին Հայաստանում ցուրտ ու մութ պետք է լիներ։ 

1992–1994 թվականներին Հայաստանի իշխանությունները, մեծ զրկանքների ենթարկելով հանրապետության քաղաքացիներին, հայթայթված սուղ միջոցներն ամբողջովին ներդրեցին Արցախի գոյությունն ու անվտանգությունն ապահովելու գործում՝ մեր երկրի տնտեսական գլխավոր խնդիրը դիտելով պատերազմի կարիքների բավարարումը, զենքի, զինամթերքի, դիզվառելիքի, դեղորայքի հայթայթումը, հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը, բանակի հանդերձավորումն ու պարենավորումը։ Թեեւ բոլորի մոտ տպավորված է այն պատկերացումը, թե պատերազմն ընթանում էր Լեռնային Ղարաբաղում, սակայն իրականում Հայաստանը նույնպես անմիջականորեն ներքաշված էր չհայտարարված պատերազմի մեջ։ Հայ-ադրբեջանական եւ հայ-նախիջեւանյան ողջ սահմանային գոտին երկու տարի շարունակ ենթարկվում էր համարյա ամենօրյա ռմբակոծությունների, հրաձգությունների եւ ավերումների։ Այդ գոտում՝ սկսած Ոսկեպարից մինչեւ Մեղրի եւ Երասխ, չկա որեւէ գյուղ, որը զոհեր եւ վիրավորներ տված չլինի։ Ադրբեջանի կողմից, ըստ էության, պատերազմ էր հայտարարված նաեւ Հայաստանի արտաքին կոմունիկացիաներին։ 1992–1995թթ. ընթացքում 42 անգամ պայթեցվել է Հայաստան մտնող գազամուղը եւ 21 անգամ՝ վրաց-հայկական երկաթգիծը։ Կարիք չկա ասելու, թե այդ պայթեցումներից հետո ինչ լրացուցիչ ծախսեր են պահանջվել կոմունիկացիաների վերականգնման աշխատանքների համար։ Ես առայժմ չեմ կարող պետական գաղտնիքներ հրապարակել, բայց հավատացնում եմ, որ պատերազմի, զենքի, զինամթերքի, դիզվառելիքի հայթայթման, բանակի մատակարարման, Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանության, խափանված կոմունիկացիաների վերականգնման վրա այնքան գումար է ծախսվել, որ լիուլի կբավարարեր մեր ժողովրդին թե՛ լույսով, թե՛ ջերմությամբ ապահովելու համար։

Թող տարօրինակ չհնչի, բայց ես երջանիկ եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը 1992–1994 թվականները համարում է «ցրտի ու մթի» տարիներ, ինչը նշանակում է, որ նա իր մաշկի վրա չի զգացել պատերազմի արհավիրքները։ Մինչդեռ Արցախ մեկնած հազարավոր հայաստանցի կամավորների ու նրանց ընտանիքների, սահմանամերձ շրջանների բնակչության համար դրանք եղել են արյան, դիերի, վիրավորների, ռմբակոծումների եւ ավերումների տարիներ՝ զոհողություններ, որոնց գինը ազատագրված Արցախն է։

Համոզված եմ, որ սերունդները «ցրտի ու մթի» տարիները գնահատելու են որպես հերոսական մաքառման եւ հաղթական պատերազմի տարիներ։ Բայց դրա հետ մեկտեղ, հասկանում եմ նաեւ, որ իմ երկարաշունչ բացատրությունները, միեւնույն է, չեն փարատելու շատերի կասկածները։ Ուստի ինձ մնում է միայն ներողամտություն հայցել մեր ժողովրդից՝ հանուն Արցախի փրկության նրան պատճառած տառապանքների համար։ Խորապես ցավում եմ, որ հարկադրված եղա այսքան բացահայտ խոսել Հայաստանի էներգետիկ ճգնաժամի եւ հաղթական պատերազմի փոխկապակցվածության մասին։ Նորմալ երկրում դա պետք է այնպիսի տաբու լիներ, որ յուրաքանչյուր մարդ վիրավորված զգար՝ այդ բանն իրեն հիշեցնելու համար։»

Լևոն Տեր-Պետրոսյան, 
«Բարեկամական զրույց», 16.11.2007 թ.



Ելույթն ամբողջությամբ` 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր- Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon