Լավրով. Հիմա պետք է զբաղվել «հողային» դետալներով

Տարածաշրջան 11.05.2021   10:29   174

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են` չնայած դրանց բարդությանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերը բարձր գնահատելու համար։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամեն ինչ բխի նրանից, որ ռազմական լուծումները փակ են։ Հիմա պետք է զբաղվել «հողային» դետալներով։ Կան սահմանագծման, սահմանազատման հարցեր։ Ամեն ինչ հեշտ չէ, բայց մեր համոզմամբ՝ ամեն ինչ լուծելի է։ Դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները կարող են պայմանավորվել փոխընդունելի հանգուցալուծումների շուրջ», - ասել է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը երեք երկրների ղեկավարների ստեղծած աշխատանքային խմբի շրջանակներում պարբերաբար հանդիպում են, քննարկում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածության շուրջ առկա գործնական հարցերը:

Լավրովի խոսխով՝ դա պոտենցիալ շատ լուրջ տրանսպորտային հանգույց է, որի նշանակությունը դուրս է գալիս տարածաշրջանային շրջանակներից։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի տարածքով Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի կառուցման հարցում տեղաշարժ կա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այդ մասին նա խոսել է Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Ինչպես հայտնի է՝ «Զանգեզուրի միջանցքի մասին» ասվում է նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի նիստերում այս հարցում շատ լուրջ քայլեր են ձեռնարկվել։ Կարող եմ վստահաբար ասել, որ երկաթուղային միջանցքը կբացվի»,- ասել Է Ալիևը։

Նա հավելել է, որ արդեն տրվել է Հորադիզ-Ագբանդ երկաթուղու կառուցման մեկնարկը, կառուցվելու է Օրդուբադից մինչև Հայաստանի հետ սահման 15-16 կիլոմետր երկարությամբ բացակայող տեղամասը: Նրա խոսքով՝ արդեն գործում է Նախիջևանի երկաթգիծը, իրականացվում են ինչպես ուղևորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ։ Իսկ Հորադիզ-Ագբանդ հատվածի շինարարությամբ Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքի ողջ ենթակառուցվածքը կստեղծվի:

Ալիևը նաև բացատրել է, թե ինչու է այդ հարցը քննարկվում ՌԴ-ի հետ։

«Հայկական երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին։ Այդ պատճառով մենք այդ հարցը քննարկում ենք ռուսական կողմի հետ»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահի հետագա ծրագրերի մեջ է կապել Զանգելանը Արևմտյան Զանգեզուրի, ապա նաև Օրդուբադի միջոցով՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ։

Հիշեցնենք` ապրիլին Ալիևը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը և ռադիոյին տված հարցազրույցում ասել էր, որ Բաքուն «կիրականացնի Զանգեզուրի միջանցքի իրագործման առաջադրանքը, անկախ նրանից` ուզում է դա Հայաստանը, թե ոչ»:

Երևանում պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ալիևի այդ հայտարարությունները քննարկվել են Երևանում կայացած հանդիպումների ընթացքում, ՌԴ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել էր, որ իր հայ գործընկերոջ հետ քննարկվել են հետկոնֆլիկտային շրջանում կարգավորման բոլոր խնդիրները՝ տնտեսական, հումանիտար, և շատ այլ հարցեր:

Ըստ նրա, երեք երկրների ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության հիման վրա մշակված հաղորդակցությունների ապաշրջափակման մեխանիզմը նախատեսում է իրականացման բացառապես կամավոր սկզբունք `փոխշահավետ հիմունքներով:

«Այս մեխանիզմը ոչ մի կերպ չի ենթադրում որևէ այլ բան, քան տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական կապերի ամբողջական ապաշրջափակմանն ուղղված դիվանագիտական համաձայնություն և որոշումներ։ Ցանկացած այլ հարց, որը կհակասի երեք ղեկավարների այս պայմանավրվածությանը, իհարկե, չի կարող դիտարկվել որպես այլընտրանք այն ամենին, ինչ պայմանավորվել է», - ասել էր Լավրովը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի նախագահը երեկ այցելել է Նախիջևան։ Նա մասնակցել է Ջուլֆա-Օրդուբադ ավտոճանապարհի բացմանը, ծանոթացել է Օրդուբադի երկաթուղային կայարանում ընթացող աշխատանքներին նաև բացել է Նախիջևանի ռազմական օդանավակայանը, որը գտնվում է Հայաստանի հետ սահմանին

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, ԼՂ, ՌԴ-Ադրբեջան, Իլհամ Ալիև, Սերգեյ Լավրով, Արցախ, նախիջևան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon