Լիբանանում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել

Կարևոր 05.08.2020   10:00   394

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբն օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարել` ի հիշատակ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս: 

Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:

Բեյրութի նավահանգստում պայթյունավտանգ ամոնիումի նիտրատ է պայթել:  Այս մասին, ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, ասել է Լիբանանի ՆԳՆ ղեկավար Մուհամմադ Ֆահմին: Միևնույն ժամանակ, իրավապահները Al Mayadeen հեռուստաընկերությանը հայտնել են, որ «պայթեցվել է պայթուցիկ նյութերի մաքսանենգ բեռը, որը 9 տարի առաջ առգրավվել է նավերից մեկից, որը այս բոլոր տարիներին պահվել է նավահանգստում գտնվող պահեստում՝ հետագա մշակման կամ ոչնչացման համար»: 

«Չորս ամիս առաջ զեկույց է պատրաստվել ծովային նավահանգստում այդպիսի պայթուցիկ նյութերի բեռը պահելու մեծ վտանգի մասին»,- ասել է նա:

Ըստ որոշ տեղեկությունների, պահեստում տեղի է ունեցել կարճ միացում, որը հրդեհ է առաջացրել, դրա հետեւանքով էլ նիտրատը պայթել է:

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հանձնարարել է հետաքննել պայթյունի պատճառները և 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բեյրութում տեղի ունեցածը «հրեշավոր հարձակում» է անվանել, հաղորդում է RT-ն:

Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը ցավակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին և նշել` ամերիկացի գեներալները կարծում են, որ Բեյրութի վրա հարձակում է տեղի ունեցել։

«Ես հանդիպել եմ մեր որոշ գեներալների հետ։ Նրանք էլ են այդպես կարծում։ Դա նման չի եղել արտադրական պայթյունի։ Նրանք կարծես թե մտածում են, որ դա հարձակում էր, ինչ-որ ռումբ», — ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով` ամերիկացի զինվորականները նման եզրակացության են հանգել` հաշվի առնելով պայթյունի բնույթը։

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 հայ է զոհվել

Լիբանանի «Կատայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը դարձել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը։ Նաջարյանը պայթյունի հետևանքով լուրջ վիրավորում է ստացել։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Բեյրութի պայթյունի զոհերի մեկը Ջեսիկա Բեզջյանն է։ «Արևելքը», հղում անելով լիբանանյան լրատվամիջոցներին, հայտնում է, որ նա պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: Ջեսիկան Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, Լիբանանի Հիվանդապահների միության անդամ:

«Լիբանանի «Ազդակ» օրաթերթը հայտնում է, որ պայթյունի հետևանքով զոհերի թվում կա ևս մեկ հայ՝ Ժաք Պարամաքեանը:  

Բեյրութի պայթյունի զոհ է դարձել նաև Դելիա Փափազյանը։ Տեղեկությունը հայտնում է «Արևելքը»` նշելով, որ նա պայթյունի հետևանքով մահացած 5-րդ հայն է։

Վնասվել են հայկական թաղամասերը, այդ թվում՝ Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։ Հայտնի է նաև, որ վնասվել է Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:

Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով 78 մարդ է մահացել, տուժածների թիվը հասել է 4 հազարի:

Լիբանանի պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութն աղետի գոտի է հայտարարել։

Արամ Ա Կաթողիկոսը այցելել է հայկական թաղամաս, որը ևս վնասներ է կրել այսօրվա պայթյունից հետո։

Բեյրութում պայթյունի հետեւանքով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը գույքային եւ նյութական  վնասներ է կրել:Անթիլիասի մայրավանքում վնասվել են Մայր տաճարի դռները, ջահերը, պատուհանները:Վնասներ են կրել նաև Վեհարանը, հայագիտական եւ մանկավարժական կենտրոնները, նաեև «Կիլիկիա» թանգարանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր ցավակցական գրառում է կատարել Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հայտնում է, որ Բեյրութի երեկվա պայթյունից հետո ծանոթ ու անծանոթ շատ հայեր խնդրանքով դիմում են ՀՀ կառավարությանը, որպեսզի հատուկ չվերթերով թույլ տան տեղափոխվել Հայաստան։

«Բեյրութի սարսափելի պայթյունի հետևանքով հնարավոր է` օդում արտանետվել են թունավոր նյութեր, որոնք կյանքին սպառնալիք կարող են հանդիսանալ։ Քաղաքային իշխանությունները, ինչպես նաև Լիբանանի ԱՆ-ը կոչ են անում քաղաքացիներին արագ լքել քաղաքը։ Կարծում եմ` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ՀՀ կառավարություն հետ համատեղ պետք է հնարավորինս արագ և օպերատիվ կազմակերպեն լիբանանահայերի տեղափոխումը Հայաստան»,–ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         սգո օր, պայթյուն, հայեր, Բեյրութ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon