Փաստեր Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումներից (տեսանյութ)

Կարևոր 08.09.2021   12:00   292

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ հրավիրված ասուլիսում մանրամասներ ներկայացրին անգլերենով կազմված արտահերթ զեկույցից, որը վերաբերում է Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը:

Ասուլիսին ներկա էին նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

Արման Թաթոյանը նշեց փաստերը, որոնք վերաբերում են ինչպես ռազմագերիներին, այնպես էլ քաղաքացիական անձանց, տարբեր աղբյուրներից ստուգվել են, և այդ առումով զեկույցն ունի ամենաբարձր հիմնավորումը։

«Թե՛ քաղաքացիական անձինք, թե զինծառայողները համատարած ենթարվել են խոշտանգման։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մարդկանց զրկել են ջրից ու սննդից, որը տրամադրել են նվաստացումներից ու դաժան ծեծից հետո։ Եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են գետնին ու ստիպել են ուտել հատակից կամ սոված ռազմագերու աչքի առաջ սնունդը գցել են աղբամանի մեջ։ Եղել են դեպքեր, երբ ուտելու համար տվել են 10 վայրկյան և անկախ նրանից, թե ռազմագերին հասցրել է հացը ուտել, թե ոչ, գցել են աղբամանի մեջ։ Եղել են դեպքեր, որ թքել են սննդի մեջ ու ռազմագերուն ստիպել ուտել»,–ասաց Թաթոյանը։

Նրա խոսքով`առանձնակի դաժան են վերաբերվել բժշկական հետազոտությունների ժամանակ։ Հայ գերիներին ստիպել են տանել ցավը։ Հաճախ ծեծն ու խոշտանգումը եղել է հենց վերքի վրա մատը դնելով, խփելով, որ էլ ավելի ցավի։ Ստիպել են, որ մարդիկ խնդրեն, աղաչեն բժշկական օգնություն ու սնունդ։

Ձմեռվա ցուրտ եղանակին, մերկ վիճակում, հայ գերիներին ստիպել են ձեռքերը կապված քնել հատակին, հետո պատուհանն են բաց թողել, որ ավելի ցուրտ լինի, երբեմն էլ մարդկանց վրա սառը ջուր են լցրել։

Թաթոյանի խոսքով` երբ ադրբեջանցիներն իմացել են, որ Կարմիր խաչը կամ ռուս խաղաղապահներն այց են իրականացնելու, միայն այդ ժամանակ են գերիներին համեմատաբար լավ վերաբերվել, այլ տեղ են տեղափոխել և առանձնազրույցի ներկայացրել են այն գերիներին, որոնց նախապատրաստել են։

Բացի այդ, շատ են դեպքերը, երբ հայ զինվորականներին ստիպել են տեսախցիկի առաջ սուտ տեղեկություններ տալ, հետո դա օգտագործել են նրանց դեմ։

«Մի հայ զինծառայողի տեսախցիկի առաջ ստիպել են ասել, որ Կովսականի (Զանգելան) տներից մեկում հարսանիք է եղել, ու ինքը նռնակով պայթերել է այդ տունը և 50 ադրբեջանցիներ մահացել են, հետո իբրև հարևանն է եկել, նրան էլ է սպանել»,–ասաց Թաթոյանը։

Պաշտպանի խոսքով՝ ադրբեջանցիները խախտել են նաև ռազմագերիների կրոնական իրավունքները՝ հավաքելով նրանց խաչերը։

Սիրանուշ Սահակյանն ընդգծեց, որ այս պատերազմի ընթացքում ռազմագերիների բռնի անհետացում է տեղի ունեցել։ Պատերազմից շուրջ 10 ամիս անց շատ մարդկանց ճակատագրեր, որոնք ողջ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո, անորոշ է։

«Միջազգային ստանդարտները պահանջում են, որ պատասխանատվություն նախատեսվի բռնի անհետացման դեպքերի համար։ Պատասխանատու են ոչ միայն նրանք, ովքեր ուղղակիորեն ներգրավված են, այլև այն պաշտոնատար անձինք, որոնք չեն կանխել, որոնց անգործության պատճոռով հնարավոր է եղել բռնի անհետացումը»,–նշեց Սահակյանը։

Ամբողջական՝ տեսանյութում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, ՄԻՊ Արման Թաթոյան, գերիներ.ռազմագերիներ, ԱՀ ՄԻՊ, Արցախ, Գեղամ Ստեփանյան, ադրբեջան, Սիրանուշ Սահակյան, Արտակ Զեյնալյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon