30 տարի առաջ այս օրը Արցախում «ԱՅՈ» ասացին անկախությանը. հայտարարություն
Արցախում Անկախության հանրաքվեի անցկացման օր էր ընտրվել 1991-ի դեկտեմբերի 10-ը: Այդ օրն ամբողջ աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:
Ընտրելու իրավունք ունեցող 132 328 հոգուց քվեարկությանը մասնակցեց 108 736-ը (82,2 %), անկախությանը «կողմ» քվեարկեց 108 615 (քվեարկողների 99,89 %-ը), «դեմ»՝ 24 (0,02 %) հոգի, 96 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց:
Հանրաքվեի նախապատրաստումը, անցկացումը և արդյունքների ամփոփումն իրականացվել էին համապատասխան «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի անցկացման մասին ժամանակավոր կանոնակարգի», որն ընդունվել էր 1991 թ. նոյեմբերի 27-ին ԼՂՀ Ժողովրդական պատգամավորների խորհրդի նիստի ընթացքում։ Նիստին հաստատվել էր նաև հանրաքվեի անցկացման օրը։
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ պայմաններ էր ստեղծել հանրապետության ամբողջ տարածքում, ներառյալ նաև ադրբեջանաբնակ բնակավայրերը: Մասնավորապես, հեռագիր էր ուղարկվել Շուշիի շրջանի ղեկավարությանը՝ շրջանի ադրբեջանական բնակչության մասնակցությունը հանրաքվեին կազմակերպելու խնդրանքով: Հանրապետության ադրբեջանաբնակ վայրեր էին ուղարկվել քվեաթերթիկներ:
Քվեաթերթիկները կազմվել են հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով և պարունակում էին հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»:
Համաձայն ԼՂՀ Ժողովրդական պատգամավորների խորհրդի կողմից հաստատված կանոնակարգի՝ հանրաքվեի դրված հարցն ընդունված էր համարվում, եթե դրա օգտին քվեարկեր ընտրողների առնվազն 2/3-ը՝ 50%-ից ոչ պակաս մասնակցության դեպքում:
Հանրաքվեի անցկացման ընթացքին հետևում էր անկախ դիտորդների խումբը, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի արդյունքների վերաբերյալ իր եզրակացությունն ամփոփեց համապատասխան Ակտում: Քվեարկության գործընթացի լուսաբանման համար ԼՂՀ էին ժամանել «Радио России», «Эхо Москвы», «Известия», «Московские новости», «Мегаполис-экспресс», «Столица», «Панорама», «Литературная газета», «Le Quotidien de Paris», «France-Presse», մի շարք այլ պարբերականների ու գործակալությունների, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ, Բուլղարիայի հեռուստաընկերությունների լրագրողներ և թղթակիցներ։
ԼՂՀ ադրբեջանական բնակչությունը հրաժարվեց մասնակցել հանրաքվեին։ Փոխարենը նրանք սատարեցին Արցախի դեմ ադրբեջանական իշխանությունների սանձազերծած ագրեսիային՝ ակտիվ մասնակցություն ունենալով դրանում։ Հանրաքվեի օրը Ստեփանակերտը և հայկական այլ բնակավայրեր ենթարկվեցին գնդակոծության, որի հետևանքով զոհվեց 10, վիրավորվեց 11 խաղաղ բնակիչ:
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում անկախության հանրաքվեի անցկացման 30-ամյակի կապակցությամբ։
«Հանրաքվեի նախապատրաստումն ու անցկացումը տեղի է ունեցել Ադրբեջանի՝ լարվածության սրմանն ուղղված քաղաքականության պայմաններում, որը պայթյունավտանգ բնույթ էր ստացել և արդյունքում վերածվեց լայնածավալ պատերազմի Արցախի և նրա ժողովրդի դեմ»,- ասված է հայտարարության մեջ։
Արցախի ԱԳՆ-ի բնրոշմամբ` անկախության հանրաքվեի անցկացումն արցախյան կողմի հերթական փորձն էր՝ կանխել ու մոտալուտ պատերազմն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղափոխել իրավական և քաղաքական հարթություն։
Սակայն Ադրբեջանն արհամարհեց հակամարտությունը խաղաղ և դիվանագիտական միջոցներով լուծելուն ուղղված Արցախի քայլերը և քվեարկության օրը ծանր հրետակոծության ենթարկեց մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին տասնյակ քաղաքացիական բնակիչներ։
Ինքնիշխան պետականությունն ամրապնդելու և զարգացնելու իր վճռականությունն արցախահայությունը վերահաստատել է նաև հաջորդ սահմանադրական հանրաքվեների ժամանակ` 2006 թ․ դեկտեմբերի 10-ին, երբ ընդունվեց ԼՂՀ առաջին Սահմանադրությունը, 2017 թ․-ի փետրվարի 20-ին, երբ Արցախի ժողովուրդը կողմ քվեարկեց նոր Սահմանադրությանը։
«Ցավոք, միջազգային հանրությունը չճանաչեց Արցախի ժողովրդի կամարտահայտությունն ու ժողովրդավարական ձգտումները, ինչը թույլ կտար կանխել Ադրբեջանի սանձազերծած պատերազմները և փրկել հազարավոր անմեղ կյանքեր։ Ադրբեջանը նախաձեռնեց Արցախի ոչնչացման նպատակով սանձազերծված երեք պատերազմներ (1991-1994 թթ․, 2016 թ․ և 2020 թ ․), ինչի նպատակը հակամարտության համապարփակ կարգավորման բացառումն է,- արձանագրում է Արցախի ԱԳՆ-ն,-հրաժարվելով բանակցություններից՝ Բաքուն, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և առաջարկներին, փորձում է ուժի ապօրինի կիրառման արդյունքները պարտադրել որպես կայացած փաստ։
Արցախի ԱԳՆ-ն վերահաստատում է սեփական անկախ պետականության համար պայքարելու` արցախահայության վճռականությունը` շեշտելով, որ դա պայքար է հանուն ազատության, հիմնարար իրավունքների, խաղաղության, անվտանգ և արժանապատիվ ապագայի։