ԱԱԾ-ն հաստատում է. գերի ընկնելու դեպքում զանգահարել այս հեռախոսահամարներով
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ովքեր պարեկություն են անում Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին, Հայաստանի քաղաքացիներին հատուկ հեռախոսահամարներ են բաժանում՝ արտակարգ դեպքերում զանգահարելու համար։
Խորհուրդ է տրվում նաև վարորդներին պատահական մարդկանց չնստեցնել իրենց մեքենան ու որքան հնարավոր է արագ անցնել ճանապարհի 4 կիլոմետրանոց հատվածը, որը ըստ GPS համակարգի՝ գտնվում է Ադրբեջանի տարածքում։
Սոցցանցերում տարածված այս տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից։
Բանն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում մայրուղու մի քանի հատվածներ համընկնում են սահմանագծի հետ, ու ադրբեջանական ստորաբաժանումների հետ հանդիպման վտանգ կա։ Հաշվի առնելով Արցախում քաղաքացիներին գերելու տխուր փորձը, այս ճանապարհով երթևեկությունը վտանգավոր է դարձել։
Հենց այդ պատճառով Գորիսից Կապան ուղևորվող քաղաքացիներին հեռախոսահամարներ են բաժանվում։ Դրանք են՝ +374 98 386250, 98 386252, 98 386253, 15 361893։
Ինչպես պարզաբանեցին ԱԱԾ-ից, տարածքում սահմանապահների դիտակետ է տեղակայված։ Նրանք մանրամասն հրահանգավորում են մարդկանց՝ ինչպես անցնել ճանապարհահատվածը, ինչ անել տարբեր տեսակի արտակարգ դեպքերի ժամանակ։ Հարկ եղած դեպքում սահմանապահներն ուղեկցում են նրանց։