«  Նոյեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика


Արմեն Խաչատրյան. Ահա այստեղ է Լևոն Տեր-Պետրոսյանի  պետական մտածողության առանձնահատկությունը

Արմեն Խաչատրյան. Ահա այստեղ է Լևոն Տեր-Պետրոսյանի  պետական մտածողության առանձնահատկությունը

Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական բացառիկության մասին կարելի է շատ խոսել։ Բայց երբեմն ընդամենը մեկ հայտարարություն բավական է՝ հերթական անգամ համոզվելու համար, թե ինչն է նրան տարբերում սովորական քաղաքական գործչից։

Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվեց։ Դրա շուրջ, բնականաբար, սկսվեցին քաղաքական գնահատականներ, քննադատություններ, փոխադարձ մեղադրանքներ։ Սակայն այս ամբողջ աղմուկի մեջ Հայաստանի դատավորների միությունը բարձրաձայնեց մի հարց, որի նշանակությունը շատ ավելի մեծ է, քան կարող է թվալ առաջին հայացքից․ դատական իշխանության անկախությունը, դատավորների անփոփոխելիությունը և յուրաքանչյուր քաղաքացու արդար դատաքննության իրավունքը։

Միությունը ոչ միայն մատնանշեց նախագծի կոնկրետ վտանգավոր դրույթները, այլև, ըստ էության, հանդես եկավ որպես պետական ինստիտուտի ինքնուրույնության պաշտպանության ձայն։

Եվ հենց այս հայտարարության մեջ Տեր-Պետրոսյանը տեսավ ոչ թե հերթական մասնագիտական կամ կորպորատիվ դժգոհությունը, այլ քաղաքական իրադրությունը փոխելու իրական ներուժ ունեցող փաստաթուղթ։

Ահա այստեղ է նրա պետական մտածողության առանձնահատկությունը։

Նա կարողացավ գնահատել ոչ միայն հայտարարության իրավական բովանդակությունը, այլև դրա քաղաքական նշանակությունը, հասարակական ազդեցության հնարավորությունը և այն փաստը, որ իշխանության դեմ պայքարը չի կարող հաջողվել միայն ընդդիմադիր ուժերի հայտարարություններով ու քաղաքական հավակնություններով։ Պետության առողջացման համար անհրաժեշտ է, որ հասարակության տարբեր ինստիտուտներ կարողանան ինքնուրույն, մասնագիտական և սկզբունքային դիրքորոշում արտահայտել՝ պաշտպանելով իրենց սահմանադրական առաքելությունը։

Տեր-Պետրոսյանը նկատեց հենց այդ պահը։ Նկատեց նաև, որ նման գործընթացները կարող են դառնալ հասարակական հասունացման և քաղաքական փոփոխության իրական նախադրյալ։

Ինձ համար նրա բացառիկությունը հենց սա է՝ քաղաքականությունը դիտարկել ոչ թե միայն իշխանության և ընդդիմության հարաբերությունների, այլ պետության, պետական ինստիտուտների և հասարակության երկարաժամկետ շահերի տեսանկյունից։

Ուզում ես կիսիր Տեր-Պետրոսյանի հայացքները, ուզում ես քաղաքական հակառակորդ եղիր, բայց դժվար է չնկատել, որ նա շարունակում է մտածել պետականության չափանիշներով, կարողանում է տեսնել իրադարձությունների խորքային իմաստը և գնահատել այնպիսի երևույթների նշանակությունը, որոնք շատերի համար կարող են մնալ ընդամենը օրվա հերթական լուր։

Եվ, թերևս, հենց սա է տարբերությունը քաղաքական գործչի և պետական գործչի միջև։

Պետական գործիչը ոչ միայն տեսնում է, թե ինչ է կատարվում այսօր, այլև հասկանում է, թե այսօր կատարվողն ինչ կարող է նշանակել վաղվա պետության համար։

Արմեն Խաչատրյան


ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ նոյեմբերի 25-ին, հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ Հայաստանի դատավորների միության հայտարարությանը:

Կիսվել Telegram-ում