Անահիտ Օհանյան. Ընդդիմությունը պետք է...
Ընդդիմությունը մարդկանց պետք է շատ պարզ ու մատչելի բացատրի մեկ հիմնարար ճշմարտություն:
Ալիևի պահանջով ու թելադրանքով Հայաստանում որևէ փոփոխություն լինի դա Սահմանադրություն, թե այլ ներպետական փաստաթուղթ, ի սկզբանե մերժելի է։
Կարիք չկա անգամ փորփրելու ադրբեջաներենից հայերեն թարգմանված այդ նախագծի տեքստը կամ վերլուծելու դրա տողատակերը։ Բովանդակությունը քննարկելը նշանակում է լեգիտիմացնել թշնամու իրավունքը միջամտելու Հայաստանի ինքնիշխան որոշումներին։
Միևնույն ժամանակ, պետք է ջախջախել իշխանության կեղծ թեզը, թե ալիևյան նախագծին «ՈՉ» ասող ընդդիմությունը դեմ է խաղաղությանը։ Ոչ, ընդդիմությունը դեմ չէ խաղաղությանը, ընդդիմությունը դեմ է Բաքվի պարտադրանքներին, անվերջանալի նսեմացմանը, դեմ է խաղաղություն մուրացողի կարգավիճակն ընդունելուն։
Խաղաղությունը պետության հիմքերը կազմաքանդելով չի ստեղծվում, դա կոչվում է ոչ թե խաղաղություն, այլ փուլային կապիտուլյացիա։
Եվ վերջապես հանրությանը պետք է ազատել փաշինյանի ամենագլխավոր գործիքից «եթե չանենք, պատերազմ կլինի» կեղծ շանտաժից։
Եթե Ալիևն այսօր ունենար նոր լայնածավալ պատերազմ սկսելու ռազմաքաղաքական карт-бланш (թույլտվություն), ապա վաղուց էր դա արել, հատկապես որ այս իշխանությունը հետևողականորեն քանդել ու թուլացրել է մեր անվտանգային համակարգը։ Սակայն իրական աշխարհաքաղաքականության մեջ ուժի կիրառումը պայմանավորված է ոչ միայն սեփական ցանկություններով, այլև միջազգային զսպումների համակարգով։
Ոչ մի առանցքային ուժային կենտրոն այսօր շահագրգռված չէ մի նոր էսկալացիայով, որը կխախտի ստատուս-քվոն և կբերի անկանխատեսելի հետևանքների։
Բաքվի ռազմական ախորժակը սահմանափակված է աշխարհաքաղաքական կարմիր գծերով, իսկ պատերազմի մշտական սպառնալիքը փաշինյանն ու իրեն կցված որոշ «ինտելեկտուալ» քարոզիչներ հմտորեն ծառայեցնում են որպես հոգեբանական տեռորի և ներքին ճնշման հիմնական գործիք սեփական ժողովրդին կոտրելու և թշնամուն նոր միակողմանի զիջումներ մատուցելու համար։


