Ադրբեջանցիները կրակել են Սոթքի ուղղությամբ
Օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Կրակոցների հետևանքով, հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ:
Ժամը 02.25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապ օգնության մեքենա, ինչից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը՝ հնարավորություն տալով տարհանել հակառակորդի վիրավորներին: Հայկական կողմից տուժածներ չկան»,–նշված է հաղորդագրության մեջ։
Իսկ օգոստոսի 27-ին` ժամը 22-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերն նշանառու ինտենսիվ կրակահերթ են սկսել ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի քաղաքացիական տների վրա՝ ուղիղ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը:
Օգոստոսի 28-ին, ժամը 15:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ: Նշվում է, որ ադրբեջանցիների արձակած կրակոցներից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը:
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։