Ադրբեջանը ևս 95 հայ զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակությունը հաստատում է տեղեկատվությունը, որ այսօր մասնակցել են հայ զինծառայողների մարմինների փոխանցմանը հայկական կողմին:
Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր Կարմիր Խաչի միջոցով հայկական կողմին են փոխանցվել ևս 95 զինծառայողների դիեր:
Շաբաթ օրը հաղորդվել էր հայկական կողմին 32 զինծառայողների դիեր փոխանցելու մասին:
Ըստ ադրբեջանական կողմի՝ գործընթացը շարունակական է լինելու:
Ադրբեջանական կողմի ագրեսիայի հետեւանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: