ԱՀ դատաբժշկական փորձաքննության բյուրոյում գրանցվել է 1578 զոհված զինծառայողի մարմին
Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ-ն։
Նախքան նիստի մեկնարկը, հանձնախումբը մեկ րոպե լռությամբ հարգել է արցախյան գոյապայքարի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը:
Հանձնաժողովը նոր կազմով ու աշխատանքային նոր ձևաչափով գործունեությունը սկսել է արցախյան 3-րդ պատերազմից անմիջապես հետո: Այսօր ամփոփվել է կատարված աշխատանքը:
Այսպես՝
- 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 12-ը ԱՀ առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության բյուրոյում գրանցվել է 1578 զոհված զինծառայողի մարմին:
- 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 28-ը որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն:
- 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո դատաբժշկական փորձաքննության արդյունքում հաստատվել է 2711 մարդու ինքնություն:
Կարեն Սարգսյանը վստահեցրել է, որ ինչպես անհետ կորածների, այնպես էլ գերիների վերադարձման ուղղությամբ հանձնաժողովը կատարում է իր առջև դրված խնդիրը՝ համագործակցելով ու բանակցություններ վարելով շահագրգիռ բոլոր կառույցների ու գերատեսչությունների հետ:
Գերեվարված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց հարազատների հետ հանդիպումներն այսուհետ ավելի հաճախակի կկազմակերպվեն:
Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահին է ներկայացվել տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները:
Զեկույցներով հանդես են եկել հանձնաժողովի քարտուղարը, ԱԻՊԾ, ՊՆ, աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի, ԱԳ նախարարություների ներկայացուցիչները, դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Քննչական կոմիտեի աշխատակիցները, ինչպես նաև զոհված և անհետ կորած ազատամարտիկների հարազատների միությունների պատասխանատուները:
Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը հանձնարարականներ է տվել հանձնախմբի անդամներին: Իսկ առաջիկա հանդիպումը՝ նորություններով, նախատեսվում է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում:
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն:Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Ըստ Արցախի ՆԳՆ-ի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և տարհանվել է 1589 աճյուն: