Ալեն Սիմոնյանը հերթական սկանդալի կիզակետում. «Ազատություն»
«Ազատություն». Թեև որևէ կանոնակարգով սահմանված չէ, բայց Ազգային ժողովի նախագահը երեկ միանձնյա որոշել էր «պատժել» լրագրողներին, իր կարծիքով՝ անվայելուչ կեցվածքի համար։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գնահատմամբ՝ նման քայլերով իշխանություններն անցնում են հնարավոր բոլոր կարմիր գծերը:
«Գոնե նվազագույն, գոնե մի փոքր նշույլ հեղափոխական գաղափար ունեցող ուժն այսպիսի վարքագիծ չի կարող դրսևորել», - ասաց իրավապաշտպանը:
Երեկ խորհրդարանում աշխատած լրագրողներն ահազանգեցին՝ միջանցքում աթոռներին նստած ու իրենց հեռախոսներով զբաղվող օպերատորների նստած դիրքը դուր չի եկել Ալեն Սիմոնյանին, զայրացել է, որ նրանք իրեն տեսնելիս չեն զգաստացել։ Սիմոնյանի հրահանգով միջանցքից աթոռները հեռացրել են՝ այդպես պատժելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Միգուցե և ինչ-որ մեկը ոչ հարիր ձևով է նստել, կարելի էր պարզապես զրուցել նրանց հետ, այլ ոչ թե այսպիսի քայլի դիմել, շեշտում է իրավապաշտպանը. - «Աթոռները հավաքել. դա ի՞նչ պատժի ձև է, դա նման է գուլագային ինչ-որ բաների՝ դու քեզ խելոք չես պահում քեզ տանում ենք կարցեր, դե լավ եք պրծել, որ գոնե կարցեր չեն տարել ժուռնալիստներին»:
Երեկ տեղում գտնվող մի քանի լրագրողներ Ալեն Սիմոնյանի հրահանգից հետո ստիպված են եղել հատակին նստած աշխատել։ «Առավոտ»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը պատմում է՝ փորձել են պարզաբանում ստանալ անձամբ Սիմոնյանից։ Վերջինս, ըստ «Առավոտ»-ի լրագրողի, ասել է՝ պետք է հարգել Ազգային ժողովի ինստիտուտը և իրեն կամ պատգամավորներին տեսնելիս ոտքի կանգնել։
«Շատ անակնկալ էր այդ պահանջը, մենք ասացինք՝ դա ուղղակի իրականացման ենթակա չէ: Եթե մի կողմ դնենք դրա վիճելի լինելը այդ պահանջի իրավական և բոլոր այլ տեսանկյուններից, պարզապես աշխատանքային իրավիճակը չենք պատկերացնում՝ ոնց կարող ենք մենք մեր նյութով տարված, րոպեն մեկ միջանցքներով պատգամավորներ են անցնում-դառնում, մենք պետք է մեր բան ու գործը թողած վեր կենանք կոմսոմոլի քարտուղարի պես ոտքի կանգնենք», - ասաց Ջեբեջյանը:
Հիշեցնելով այս սեպտեմբերից խորհրդարանում լրատվամիջոցների տեղաշարժի աննախադեպ սահմանափակումները՝ լրագրողներն այժմ հեգնում են՝ միգուցե պետք է ԱԺ նախագահի մակարդակով նոր որոշում ընդունել՝ իրենցից պահանջելով ամեն անգամ խոնարհվել Սիմոնյանի և պատգամավորների առաջ՝ ի նշան ինստիտուտի հանդեպ հարգանքի։
«Չեմ բացառում, որ կարող է անգամ Ազգային ժողովի նախագահի որոշման մակարդակով լինի որոշում, որ այսուհետ լրագրողները Ազգային ժողովի միջանցքում որևէ պատգամավորի հանդիպելիս, եթե գլխարկով են, պետք է գլխարկն անմիջապես հանեն, պետք է գլուխը կախեն, գլխիկոր, չոքեչոք գուցե ավելի լավ է դիմավորեն Ազգային ժողովի պատգամավորներին», - նշեց լրագրողը:
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում