Աշխարհ
ԱՄՆ Կոնգրես. Ադրբեջանը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերու՝ խեղաթյուրելով նրանց կարգավիճակը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ դեկտեմբերի 27-ին ստորագրած 2022 թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում առկա են կարևոր դրույթներ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, դրանում մասնավորապես շեշտվում է, որ Ադրբեջանը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերու՝ խեղաթյուրելով նրանց կարգավիճակը՝ շեշտելով Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն գերեվարված բոլոր անձանց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենքը հրապարակված է Կոնգրեսի պաշտոնական կայքում:
Օրենքում նշվում են Կոնգրեսի եզրակացությունները 44-օրյա պատերազմի վերաբերյալ, մասնավորապես.
- Ադրբեջանը և Թուրքիան «օտարերկրյա աշխարհազորային ջոկատների աջակցությամբ» ռազմական հարձակում են սկսել Արցախի վրա
- Չնայած Ժնևյան կոնվենցիաներով և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, հակամարտության ավարտից տևական ժամանակ անց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերիների, պատանդների և ձերբակալված անձանց «խեղաթյուրելով նրանց կարգավիճակը», փորձելով արդարացնել հետագա գերության մեջ նրանց գտնվելը
- Ադրբեջանական զինված ուժերը դաժան վերաբերմունք են ցուցաբերել էթնիկ հայ ռազմագերիների նկատմամբ, նրանց ենթարկել «ֆիզիկական բռնության և նվաստացման»
- Փաստագրված են Ադրբեջանի զինված ուժերի և Թուրքիայի աջակցությունը վայելող իսլամիստական զինյալների կողմից կատարված մարդկության դեմ հանցագործությունները և հայերի դեմ կատարված այլ վայրագությունները
- Գերիների և գերեվարված քաղաքացիական անձանց վիճակի կամ նրանց հետ վարվելու մասին հավաստի տեղեկությունները սահմանափակ են, և լուրջ մտահոգություն կա, որ ձերբակալված կանայք կարող են ենթարկվել սեռական ոտնձգությունների և այլ դաժան վերաբերմունքի
- Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց
- Բայդենի վարչակազմը պետք է բոլոր մակարդակներում փոխգործակցի Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում, որպեսզի պարզաբանի Ադրբեջանի պարտավորությունների կատարման կարևորությունը
- Հայաստանը կատարել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները՝ վերադարձնելով ադրբեջանցի ռազմագերիներին, Օրենքում նշվում է նաև, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը փաստաթղթի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 180 օր հետո, պետք է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին զեկույց ներկայացնի 44-օրյա պատերազմի, մասնավորապես.
- թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերում հայտնաբերված ամերիկյան ծագման դետալների ու տեխնոլոգիաների վերաբերյալ՝ զենքի արտահանման վերահսկողության կամ այլ կիրառելի օրենքների, պատժամիջոցների քաղաքականության կամ ԱՄՆ օրենսդրության այլ դրույթների ցանկացած հնարավոր խախտումների գնահատմամբ
- Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և արգելված զինամթերքի կիրառման վերաբերյալ՝ ԱՄՆ օրենսդրության կամ միջազգային իրավունքի ցանկացած հնարավոր խախտումների գնահատմամբ
- 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2020թ. նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախի դեմ Ադրբեջանի հարձակողական ռազմական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման վերաբերյալ՝ դրա հետ կապված՝ ԱՄՆ օրենսդրության, վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայի կամ այլ միջազգային կամ բազմակողմ պայմանագրերի ցանկացած հնարավոր խախտումների գնահատմամբ: