Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ
Բնապահպաններն այսօր առավոտվանից ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ կապված Ամուլսարի ծրագրի ELARD-ի կողմից արված փորձաքննության արդյունքների և դրա վերաբերյալ Քննչական կոմիտեի մամլո ասուլիսի հետ։
Երեկ Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուսլարի փորձաքննության արդյունքները։ Քննչական կոմիտեի պատվերով միջազգային ELARD ընկերության անցկացրած փորձաքննության արդյունքերով՝ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերն ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա։ Ըստ զեկույցի, կենսաբազմազանության պահպանման առումով որևէ խախտում չի արձանագրվել:
Ամուլսարի հանքավայրի շահագործման ուսումնասիրության միջազգային փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան։
Բնապահպանները համաձայն չեն հրապարակված եզրակացության հետ։ Ավելին՝ նրանք նշում են, որ նույնիսկ սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատում չի արվել։
«Նույնիսկ սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատում չի արվել, թե ինչ ազդեցություն կունենա հանքի շահագործումը, եթե անգամ ոչ մի ազդեցություն չունի ջրերի վրա, բայց ինչ ազդեցություն կունենա Ջերմուկ քաղաքի՝ որպես առողջարանային քաղաք իր բրենդի, տնտեսության ու մարդկանց վրա», - հայտարարեցին ցուցարարները։