Անահիտ Օհանյան. «2026 թվականը լինելու է գոյապայքար բառի ամենաբուն իմաստով»
Շատերը դեռ ամբողջությամբ չեն գիտակցում փաշինյան նիկոլի կատարած պետական հանցագործության իրական մասշտաբները։ Գուցե ոմանք էլ չհասցնեն գիտակցել, բայց դրա ամբողջ ծանրությունը անխուսափելիորեն կկրեն մեր երեխաները, թոռները և ծոռները։
նիկոլը «խաղաղության» և «ինքնիշխանության» անվան տակ ոչ թե փակեց Արցախի էջը և կանխեց նոր պատերազմները, այլ ընդհակառակը խարխլեց հայկական պետականության հենասյուները և բացեց մի դուռ, որից մուտք գործեց ոչ թե խաղաղությունը, այլ նոր ու ավելի վտանգավոր սպառնալիքները։
Նա անգամ չկիրառեց «անջատում հանուն փրկության» սկզբունքը, փոխարենը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, հայաթափված Արցախով հանդերձ, և դրանով ամբողջությամբ փակեց հետագայում վերադարձի ցանկացած ճանապարհ։
Եվ սա վերջին քայլը չի լինի փաշինյանի կողմից, եթե նա նորից վերարտադրվի: Բացվելու է Սյունիքի միջանցքը, նիկոլն անմիջապես կկատարի Ալիևի հաջորդ պահանջները նաև 300.000 ադրբեջանցիների վերադարձը իրականություն կդառնա։ Այդ վերադարձը ոչ մի կապ չի ունենա խաղաղության գործընթացի հետ, այլ կդառնա նոր սպառնալիքների շղթա մեր սերունդների ուսերին։
Ահա այստեղ է թաքնված խոր վտանգը։ Հայաստանի տարածքում կբեմադրվեն ադրբեջանցիներին սպառնալիքների ու բռնաճնշումների ենթարկելու սցենարներ, կվոտնահարվեն կրոնական և քաղաքացիական իրավունքները, և Ադրբեջանը կկիրառի հենց այդ «անջատում հանուն փրկության» սկզբունքը
• Սյունիքում,
• Տավուշում,
• Գեղարքունիքում։
10-20-30 տարին պատմության համար մեկ ակնթարթ է։ Այն, ինչ նիկոլն արեց Արցախի հետ, շղթայական ազդեցությամբ բերում է և դեռ կբերի Հայաստանի տարածքային ամբողջականության լրջագույն խաթարման։
Եթե այս ընթացքը հիմա չկասեցվի, ապա հաջորդ սերունդներին մենք պարզապես տարածք չենք թողնի ապրելու համար։
2026 թվականը ընտրություն չի լինելու։ Դա լինելու է գոյապայքար բառի ամենաբուն իմաստով։


