«  Սեպտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Թշնամին թիրախավորվել է նաև խաղաղ բնակավայրերը (թարմացվող)

Թշնամին թիրախավորվել է նաև խաղաղ բնակավայրերը (թարմացվող)

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ – ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ, այսօր առավոտյան հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

«Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր, ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում է համարժեք պատասխան գործողություններ՝ շարունակելով լիարժեք կատարել իր առջև դրված մարտական խնդիրները»։

Սյունիքի Իշխանասար լեռան շրջանում մարտական գործողությունները վերսկսվել են։ Sputnik Արմենիային Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը հայտնեց, որ կրակոցները վերսկսվել են գիշերը: Գնդակոծում են դիրքերը։
Գյուղի մեկ այլ բնակիչ հայտնել է, որ հրետանի է աշխատում, արկերն ընկնում են բնակավայրից մի փոքր ավելի բարձր դաշտում։
Գյուղի ուղղությամբ հարցածներ չեն եղել։

Սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Լրացված.

Ժամի 15:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է, հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Ժամը13։00-ից սկսած, նրա փոխանցմամբ, ադրբեջանական կողմը սկսել է Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, կիրառելով ԱԹՍ-ներ ևս:

«Հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին», - հայտնեց խոսնակը` հավելելով, որ սրան զուգահեռ ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը:

«Բաքուն պատրաստ է Հայաստանին հանձնել վերջին երկու օրերին զոհված շուրջ 100 հայ զինծառայողների մարմինները», - այսօր հայտարարել է Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը։

Լրացված.

Ջերմուկից կանայք և երեխաները տարհանվել են։ Քաղաքը, այստեղ բերող ճանապարհը, հարակից հայկական դիրքերը հրետանային կրակի տակ են:

«Քաղաքի ուղղությամբ հրետանին աշխատում է, քաղաքում մուտքի, ելքի ճանապարհը վտանգված է: Անմիջապես միգուցե ճանապարհի անմիջապես ասֆալտապատ ծածկույթը չի հարվածվել այս պահին, բայց նրան հարակից հարվածներ ստանում է տարածքը։ Մի խոսքով` մուտքն ու ելքն էլ է վտանգված», - «Ազատությանն» ասաց Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը:

Քաղաքացիական անձանց շրջանում այս պահի դրությամբ վիրավորներ չկան, ասաց փոխքաղաքապետը:

Ջերմուկի համայնքապետի տեղակալի տեղեկացմամբ՝ ովքեր չեն կարողացել հեռանալ քաղաքից՝ ապաստարաններում են. «Առաջին պահից, երբ խնդիրը սկսել է, բնակչությունն ինքնակամ քաղաքը լքել է՝ ովքեր ցանկացել են, ովքեր չեն ցանկացել, քաղաքում են, օգտվում են ապաստարաններից, պայքարում են, կռվում են, ով էլ ցանկանում է քաղաքապետարանն աջակցում է, դուրս է բերում։ Եթե տրանսպորտի խնդիր ունեն, տրասնպորտի խնդիրն ենք լուծում, սննդի խնդիր ունեն, սննդի խնդիրն ենք լուծում», - ասաց Սարգսյանը։

Լրացված.

Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եւ Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։

Աբդոլլահիանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լարվածությունը մտահոգություն է առաջացնում։ Նա հավելել է, որ Իրանի համար կարեւոր է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգային սահմանների անձեռնմխելիությունը։

Նա նաեւ նշել է, որ Իրանը հանդես է գալիս Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների միջոցով հարցերի խաղաղ կարգավորման օգտին եւ պատրաստ է աջակցել դրան։

Լրացված.

Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է, խորհրդարանում հայտնեց Ն. Փաշինյանը:

Լրացված.

Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ, հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

«Ժամը 15:00-17:00 ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր:

Ժամը 6:40-ից սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին ինչի հետևանքով բռնկվել է հրդեհ, այս պահին այն մարվել է», - նշեց Թորոսյանը:

ՊՆ խոսնակը հավելեց, որ նշված ուղղությամբ ժամը 17:00-ից «թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է»:

Լրացված.

ՀԱՊԿ առաքելության անդամների առաջին խումբը Հայաստան կժամանի վաղը, տեղեկացրել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Նրա խոսքով` սեպտեմբերի 15-ին Երևան ժամանող խումբը ղեկավարելու է ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան կուղևորվի հաջորդ շաբաթ», - «Ինտերֆաքսին» տեղեկացրել են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Լրացված.

Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը  հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։