«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Արցախի կորստյան շահառուներն իրար կոկորդ են կրծում. «ՉԻ»

Արցախի կորստյան շահառուներն իրար կոկորդ են կրծում. «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

...Եվ այնուամենայնիվ կամաց-կամաց հստակեցվում են իրավիճակի հանգուցալուծման՝ «հայ հասարակական-քաղաքական դաշտում ձևավորված» երկու հիմնական տարբերակները։ Դրանցից առաջինը պայմանականորեն կարելի է անվանել «Սամվել Բաբայանի տարբերակ», թեև մեծ հաշվով՝ նա ընդամենը բարձրաձայնում է այն, ինչը Հայաստանի օրվա իշխանությունները չեն ուզում ասել։ Այդ տարբերակի հիմքում դրված գաղափարն ընդհանուր գծերով մոտավորապես հետևյալն է․ «Ադրբեջանի կոշտ հռետորաբանությանը մի՛ նայեք, իրականում հնարավոր է՝ երկխոսությունը ստացվի։ Որովհետև Ադրբեջանի և Թուրքիայի վերջնանպատակը մեր տարածաշրջանից ռուսներին դուրս մղելն է, ու դա նրանց համար այնքան կարևոր է, որ կարող են հանուն այդ հարցում մեր աջակցությունը ստանալու՝ իսկապես էլ հնարավորություն ստեղծել, որ հայերն ապրեն Արցախում։ Ուստի պետք է երկխոսության գնալ։ Կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ ուրիշ ճար չկա, պիտի դուրս գանք Արցախից։ Բայց թող ռազմական ճանապարհով չփորձեն դուրս մղել, շատ լուրջ կորուստներ կունենան, էս արդեն իրենց իմացած հարթավայրերը չեն»։ Արևմուտքն, ըստ այս տարբերակի, պիտի շահագրգռված լինի ճնշում գործադրել Ադրբեջանի ու Թուրքիայի վրա, որովհետև ռուսներին տարածաշրջանից դուրս մղելը շատ լուրջ հաջողություն կլինի, իսկ Հայաստանը, հասկանալի է, Թուրքիայից և Ադրբեջանից կայուն խաղաղության երաշխիքներ ստանալուց հետո դուրս կգա ՀԱՊԿ-ից ու իր տարածքից դուրս կբերի ռուսական ռազմաբազաները։

Այս տարբերակը Նիկոլ Փաշինյանի իշխանության «տեսլականից» տարբերվում է միայն նրանով, որ վերջինս Արցախը հայաբնակ պահելն ընդհանրապես չի կարևորում։ Ավելին՝ մեծ հավանականությամբ, Արցախի ամբողջական տեղահանումն ընկալում է որպես հետագայում Ադրբեջանի առաջ քաշելիք ահռելի փոխհատուցման հարցը «ջրելու» հնարավորություն (իբր՝ էլ ի՞նչ փոխհատուցում, դուք էլ Ղարաբաղի 5 շրջաններն եք վերցրել՝ Ստեփանակերտով ու մյուս քաղաքներով)։ Մնացած հարցերում գաղափարը նույնն է՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության երաշխիքներ և ռուսների դուրսմղում։

Երկրորդ տարբերակը «միս ու արյուն ստացավ» Արցախի ներկա և նախկին նախագահների «համախոհությամբ» Ստեփանակերտում իշխանությունը մասամբ Դաշնակցությանը հանձնելով ու կարելի է ձևակերպել մոտավորապես այսպես․ «Ոչ մի բան չենք անում, Բաքվի հետ երկխոսության չենք գնում, դիմանում ենք՝ ինչքան կարող ենք, մինչև Ուկրաինայում խրված ռուսներն ուշքի գան, ու այդ ընթացքում աշխարհով մեկ աղմուկ ենք բարձրացնում, որպեսզի Ադրբեջանը չհամարձակվի հարձակվել։ Իսկ եթե չստացվի, ու այնուամենայնիվ հարձակվեն՝ ոչինչ, ոնց էլ լինի՝ 120 հազարի մեծ մասը կփրկվի (Մուսա Լեռան ու Շապին-Գարահիսարի ժողովրդի մի մասն է՛լ ի վերջո նավերով փրկվեց ու արտագաղթեց, և դա մենք հերոսամարտ ենք անվանում), կհասնենք Երևան, իշխանությունը կվերցնենք, ռուսների հետ հարաբերությունները կկարգավորենք, սահմանների ու ճանապարհների վերահսկողությունը կտանք նրանց ու համեմատաբար ապահով կապրենք»։

Հասկանալի է, որ իրականում այս երկու տարբերակների գաղափարախոսները բաց տեքստով չեն ներկայացնում իրենց «տեսլականները», ավելին՝ երկուսն էլ խոսում են ինքնիշխանության և Արցախը հայկական պահելու անսակարկելիության մասին, բայց ուշադրություն դարձրեք՝ երկու «տարբերակներով» էլ խոսքն իրականում Արցախի կորստի հաշվին դիվիդենտներ շահելուն է վերաբերում։

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: