Արցախի ՊՆ. Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը
Մարտի 10֊ին ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ «Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան»: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հիշեցնենք` Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը նույնպես խախտել էին հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։
Մարտի 5-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
Նշենք՝ ադրբեջանական կողմը երեկ կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Արցախգազ» ՓԲԸ–ն։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։