Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
Ժամը 06:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է։ 2100 հաշվառվածներից մոտ 1000–ը մեկնել են իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ մյուս 1100-ին կառավարությունն ապահովել է կեցության վայրով (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է)»,– ասված է հաղորդագրությունում:
Ամբողջ գիշերվա ընթացքում բռնի տեղահանված անձանց հոսքը շարունակվել է: Աջակցության կարիքների հաշվառման և կեցության պայմաններով ապահովման աշխատանքներն ընթացել են ողջ գիշերվա ընթացքում և շարունակվում են։
Նշենք, որ Արցախից տեղահանվածների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ բնակիչների տարհանումն իրականացվում է ըստ առաջնահերթության։ Առաջին փուլում տարհանվում են նրանք, ում բնակավայրերը ռազմական վերջին գործողությունների հետևանքով անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Առաջնահերթ ցանկում են Մարտակերտի շրջանի գյուղերը։
Ստեփանակերտի բնակիչների տարհանման մասին դեռ որոշում չկա։