«  Օգոստոս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Արման Գալոյան. «Քոչարյանի համար ամենաապահով վայրը կարող է դառնալ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ն»

Արման Գալոյան. «Քոչարյանի համար ամենաապահով վայրը կարող է դառնալ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ն»

Ամեն անգամ մարտի 1-ի քրեական գործի գոնե ինձ հայտնի նյութերն ուսումնասիրելուց նորանոր հարցադրումներ են ծագում:

Եւ այսպես, 
2008թ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանը փաստահավաք խմբում հարցաքննվելիս, իսկ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը, նրա տեղակալները, ՀՀ ՊՆ նախկին տեղակալներն ու այլ բարձրաստիճան սպաներ էլ քրեական գործի շրջանակներում իրենց ցուցմունքներում Ղարաբաղից զորք բերելու, ՀՀ ԶՈՒ-ն ներքաղաքական իրադարձություններում օգտագործելու օրինականության մասին միաբերան պնդել են, թե իրենք զինվորական էին եւ ընդամենը հրաման են կատարել (նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանի՝ 2008թ. փերտվարի 23-ի հայտնի խորհրդակցությունից հետո «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ» ՀՀ ՊՆ 0038 հույժ գաղտնի հրամանի կատարումը): Այդ թեզը կարմիր գծի նման անցնում է նրանց բոլորի ցուցմունքններում։

Եթե անգամ ընդունենք, որ այդպես է, ապա նախ պետք է արձանագրենք, որ 2008թ. փետրվարի 23-ին դեռ արտակարգ դրություն չէր հայտարարվել ու ԶՈւ-ն որեւէ պարագայում իրենք իրավունք չունեին ներքաղաքական հարցերին միջամտելու համար օգտագործել (չնայած արտակարգ դրության ժամանակ էլ ԶՈՒ-ն օգտագործելու իրավունք չունեին այն ժամանակվա ՀՀ Սահմանադրության համաձայն):

Հետեւաբար, հարց.

  • ԼՂՀ ՊԲ հրամանատարի ու իր տեղակալների մոտ արդյո՞ք որեւէ հարց չծագեց, թե 2008թ. փետրվարի 24-ին ինչու հենց Ղարաբաղից էր պետք համահավաք գումարտակներ ուղարկել Երեւան՝ սկզբում 300, հետո մոտ 400 հոգի։
  • Ինչու էին այդ համահավաք գումարտակների կազմում ընդգրկվել հենց սպաներ ու ենթասպաներ /այդ մասին վկայություններ կան նաեւ Մովսես Հակոբյանի ցուցմունքներում/:
  • Այդ սպաներից ու ենթասպաներից բաղկացած համահավաք գումարտակներն ինչու էին կազմավորվել հենց տեղաբնակներից՝ ղարաբաղցիներից /այդ մասին հաստատող վկայություններ կան նաեւ Մովսես Հակոբյանի ցուցմունքներում։ Իսկ Օգանովսկու ցուցմունքներում էլ նշված է,որ իր ենթակայության տակ եղած համահավաք գումարտակի կազմում եղել են միայն պաշտպանական բանակի զինվորականներ/։
  • Ինչու էր 2008թ. փետրվարին Երեւան ուղարկվել ԼՂՀ հետախուզական գումարտակն ամբողջությամբ /այդ մասին մանրամասն ցուցմունք է տվել Մովես Հակոբյանը/։
  • Ինչու էր այդ զորքը զինված եղել հաստիքային զենքերով, ամբողջական սպառազինությամբ, մարտական փամփուշտներով /այդ մասին մանրամասն ցուցմունք է տվել Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին/։
  • Երեւանում ում դեմ էին օգտագործելու մարտական փամփուշտները
  • Ինչու էր այդ զորքը զինված եղել ոչ միայն զրահաբաճկոններով, սաղավարտներով, այլեւ՝ յուրաքանչյուր դասակում ունեցել են 1 արկղ ձեռքի նռնակ /այդ մասին ցուցմունք է տվել Մովես Հակոբյանը/: 
  • Երեւանում ում դեմ էին օգտագործելու մարտական ձեռքի նռնակները։
  • Ինչու էին ԼՂՀ-ից Երեւան բերվել ԼՂՀ Ազգային անվտանգության ստորաբաժանումների ծառայողներին /այդ մասին ցուցմունք է տվել Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին/։
  • Ինչու էին ԼՂՀ-ից Երեւան բերվել դիպուկահարներ՝ բոլորն էլ իրենց զենքերով /այդ մասին մանրամասն ցուցմունք է տվել Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին/։
  • Երեւանում ում վրա էին կրակելու դիպուկահարները։
  • Եթե ենթադրենք, ԼՂՀ ՊԲ հրամանատարի ու իր տեղակալների մոտ 0038 հույժ գաղտնի հրամանն արագ կատարելիս նման հարցեր չեն ծագել սկզբում, ապա մի՞թե հետո էլ նույն հարցերը չծագեցին, երբ 2008 թվականի փետրվարին, եւ ՀՀ եւ ԼՂՀ ստորաբաժանումների՝ Երևան քաղաքում և մերձակա բնակավայրերում գտնվող զորամասերում տեղակայվելուց հետո, այն ժամանակվա ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանը պարբերաբար այցելում էր այդ զինծառայողներին, տեղում ստուգել է հանրահավաքները ցրելու պարապմունքների ընթացքը, միաժամանակ, արդարացնելով վերջիններիս ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներին՝ անձնակազմերի հետ ունեցել է ոգևորիչ և խրախուսող կոչեր պարունակող ելույթներ: Մասնավորապես, Սեյրան Օհանյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջն են համախմբել թմրամոլներ, խառնակիչներ ու հանցավոր տարրեր, ովքեր ցանկանում են երկրում հեղաշրջում կատարել, գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի հրամանն է՝ պահպանել Հայաստանի պետականությունը, բանակի խնդիրն է՝ մնալ գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, թույլ չտալ երկրում իրավիճակի ապակայունացումն և հեղաշրջումը, ապահովել կայունությունը:

Այսքանից հետո սյուրռեալիզմի ժանրից է.

երբ քննիչը հարցրել է Մովսես Հակոբյանին, թե ինչու է նման քանակությամբ զորք ուղարկվել Երեւան, նա պատասխանել է, որ կատարել է ՀՀ Պաշտպանության նախարարի հույժ գաղտնի 0038 հրամանը, որ ակնհայտ է եղել, դա կապված էր ՀՀ ներքաղաքական վիճակի հետ, բայց թե ԼՂՀ-ից Երեւան տեղափոխված զորքին ինչ խնդիր պետք է տային, նա տեղյակ չի եղել ու նման հարց չի քննարկվել։

Այսինքն՝ լինելով դեռեւս փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի՝ ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին չի հետաքրքրել, թե իր ենթակայության տակ եղած զորքը ինչու են տեղափոխում Երեւան, այլ անձի ենթակայության տակ, եւ ամենակարեւորը՝ ինչ առաջադրանք կատարելու համար են տեղափոխում։
Հավատո՞ւմ եք: Ես էլ չեմ հավատում։ Ու չեմ ուզում որակումներ տալ կատարվածին (որովհետեւ համապատասխան կոռեկտ բառեր չեմ կարող գտնել): Միայն կասեմ, որ այս ամենը պետական դավաճանության է նման։ Հավելյալ մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։

Հ.Գ. Ահա թե ինչու գլխավոր գերագույն ամբաստանյալն ամեն կերպ փորձում է ձգձգել դատավարության մեկնարկը, որովհետեւ բաց դատավարության դեպքում, երբ հրապարակվեն ապացույցները, ցուցմունքները նրա համար ամենաապահով վայրը կարող է դառնալ Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ն:

Արման Գալոյան