Արման Գալոյան. Ռուբեն Սահակյանը մշտապես կապված է եղել քոչարյանական թևի հետ
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանի անցյալն իրոք հետաքրքիր է: Ժամանակին նա եղել է «Դրոյի գործ»-ով մեղադրյալների պաշտպանը: Հետո նա եղել է «Առագաստ» սրճարանում Քոչարյանի թիկնազորի նախկին ղեկավար Աղամալ Հարությունյանի՝ «Կուկուի» կողմից սպանված Պողոս Պողոսյանի իրավահաջորդների ներկայացուցիչը դատարանում: Եւ ինչպես վկայում է այն ժամանակվա մամուլը, Ռուբեն Սահակյանը ոչ այնքան միանշանակ պահվածք է ցուցաբերել այդ գործի շրջանակներում: 2002թ, Պողոս Պողոսյանի եղբորը՝ Անդրանիկ Պողոսյանին, ըստ իր իսկ տված հարցազրույցի («Շանթ» հեռուստաընկերություն, 19.02.2002թ.), Ռ.Սահակյանը հենց սկզբից համոզել էր, թե ոչ մի արդյունքի չի հասնի, քանի որ հասարակությունը պատրաստ չէ: Այսինքն՝ նախօրոք գիտեր, որ Ռ. Քոչարյանի թիկնապահի դեմ ցուցմունք տվող վկաներ դատարանում չեն լինելու:
Ռուբեն Սահակյանը նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապաշտպաններից է. եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար, «Հոկտեմբերի 27-ի գործ»-ով անցնող Ալեքսան Հարությունյանի փաստաբանը (հիշեցնենք՝ Ալեքսան Հարությունյանը սկզբում մեղադրյալի կարգավիճակով էր, բայց հետո դարձավ վկա), Սահակյանը նույն գործի շրջանակներում եղել է մյուս ամբաստանյալների փաստաբանը եւս: Եւ կրկին՝ այն ժամանակվա մամուլի հրապարակումների համաձայն, «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությանը ներկա եղած շատերն էին նկատել, որ Ռ. Սահակյանը ինչ-ինչ միջոցներով հուշարարի դեր էր կատարում մեղադրյալների համար: Իհարկե, Ռուբեն Սահակյանն այդ գործի շրջանակներում նաեւ հայտարարել է, թե «չի բացառում դրդիչների գոյությունը», սակայն դրանց պետք չէ փնտրել Քոչարյանի իշխանության թեւում:
Ինչ-որ տարօրինակ զուգադիպությամբ նա մշտապես կապված է եղել քոչարյանական թեւի հետ, անգամ երբ Քոչարյանի հակառակորդներին է ներկայացրել դատարանում: Իսկ հիմա Ռուբեն Սահակյանը պաշտպանում է «Մարտի 1-ի գործ»-ի շրջանակներում ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին:
Հ.Գ. Ի դեպ երեկ Ռուբեն Սահակյանը լրագրողի հարցին ադրբեջաներեն է պատասախանել: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ...
Արման Գալոյան