Արման Գրիգորյան. Նայեք Ուկրաինային ու հետևություններ արեք. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի հարցազրույցը քաղաքագետ Արման Գրիգորյանի հետ:
- Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները՝ նվազ ցավոտ զիջումների գնալու եւ հետագա վտանգներից խուսափելու մասին, իրարամերժ վերաբերմունքի արժանացան: Ի՞նչ ասել է «նոր զիջումներ»:
- Նախագահ Տեր-Պետրոսյանի ասածն իրականում շատ պարզ բան էր։ Չգիտեմ՝ ինչ նկատի ունեք Դուք՝ ասելով, որ նա խոսում էր ինչ-որ նոր զիջումների մասին։ Նրա ուղերձը հետեւյալն էր. պատերազմում Հայաստանը ծանր պարտություն է կրել, այդ պարտության արդյունքները տակավին ամրագրված չեն խաղաղության պայմանագրով, որովհետեւ Հայաստանի իշխանությունները դիմադրում են դրան։ Այդ դիմադրության պատճառը կարող է լինել կա՛մ այն, որ իշխանությունները չեն հասկանում, որ չեն կարողանալու խուսափել նման ամրագրումից, կա՛մ վախենում են այդ քայլին գնալու ներքաղաքական հետեւանքներից։ Տեր-Պետրոսյանի առաջարկը, որ կաթողիկոսի նախաձեռնած հանդիպման մասնակիցներն ու նրանց ղեկավարած ուժերն իշխանության հետ միասին պատասխանատվություն ստանձնեն այդ ամրագրման համար, իշխանություններին առնվազն կազատեր ներքաղաքական հակազդեցության մտավախությունից։ Տեր-Պետրոսյանը նաեւ կարծիք էր հայտնել, որ ձգձգելն ու դիմադրելը կարող են իմաստ չունենալ եւ ընդամենը հանգեցնել նորանոր կորուստների ու ավելի վատ պայմաններով պայմանագրի, քանի որ Հայաստանը հիմա ո՛չ միայնակ դիմադրելու ռեսուրս ունի, ո՛չ անհրաժեշտ արտաքին աջակցություն՝ վերոհիշյալ ամրագրումից խուսափելու համար։
- Արդյո՞ք այդպես է։ Հիմա շատերը խոսում են, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն Հայաստանին աջակցելու ուղերձներ են հղում, եւ, հետեւաբար, Հայաստանը դիմադրելու ռեսուրս ունի։
- Այստեղ 2 խնդիր կա։ Նախ՝ եթե նույնիսկ այդ աջակցությունը կա, պետք է հասկանանք, թե հատկապես ինչին են աջակցում ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն։ Երկրորդ, արդյո՞ք այդ աջակցությանն ապավինելը մեզ համար նոր խնդիր չի ստեղծի, եթե նույնիսկ մեր առջեւ գտնվող խնդիրը լուծի։ Սկսեմ առաջինից։ Բնականաբար, որեւէ մեկս 100 տոկոսանոց ինֆորմացիա չունենք, թե ինչից է բաղկացած ԵՄ-ի այլընտրանքային միջնորդական առաքելությունը, ինչը, վստահաբար, համաձայնեցված է ԱՄՆ-ի հետ։ Բայց որոշակի պատկեր ուրվագծվում է տարբեր կողմերի հայտարարություններից։ Մասնավորապես, ես այն տպավորությունն ունեմ, որ Հայաստանին առաջարկվում է ճանաչել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սուվերենությունը՝ որոշակի երաշխիքներով, որ Արցախի հայերի իրավունքները՝ որպես ազգային փոքրամասնության, կպաշտպանվեն։ Թե հատկապես ինչից են բաղկացած այդ երաշխիքները, ու ինչ կարգավիճակ է ունենալու Արցախն Ադրբեջանի կազմում, հստակ չէ։ Իշխանամերձ շրջանակները խոսում են այն մասին, որ դա այն գինն է, որ Հայաստանն ստիպված է վճարել Սյունիքի նկատմամբ Հայաստանի անվերապահ վերահսկողությունը պահպանելու համար։ Թերեւս եվրոպացիների ու ամերիկացիների միջոցով հաջողվի համոզել ադրբեջանցիներին, որ ոչ միայն Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ճանապարհը պետք է ընդամենը տարանցիկ ճանապարհ լինի եւ ոչ ավելին, այլ որ այդ ճանապարհն անցնի ոչ թե Մեղրիով, այլ՝ Հայաստանի մեկ այլ հատվածով, ինչն ակնհայտորեն ավելի ցանկալի է մեզ համար։ Կրկնեմ, որ ես չգիտեմ, թե որքան ճշգրտորեն է այս պատկերը համապատասխանում իրականությանը, բայց գոնե իշխանություններն ու նրանց աջակցող ինֆորմացիայի աղբյուրներն այս պատկերն են ուրվագծում։ Ռուսական տարբերակը, որի մասին տեղեկությունները նույնպես 100 տոկոսանոց չեն, կարծես թե ենթադրում են Արցախի կարգավիճակի առկախում եւ Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցքի տրամադրում Սյունիքով` ռուսական վերահսկողության ներքո։ Հիմա կարող ենք բանավիճել, թե այս տարբերակներից որն է պակաս կամ առավել ցավոտը, բայց խոսքը, ամենայն հավանականությամբ, գնում է այս 2 տարբերակի մասին, որոնցից ոչ մեկն էլ շամպայն բացելու ցանկություն չի առաջացնում։ Եկեք նաեւ ենթադրենք մի պահ, որ ռուսական տարբերակն ավելի վատն է։ Բայց այստեղ կա երկրորդ խնդիրը. այս այլընտրանքները միայն հայ-ադրբեջանական հակամարտության լուծման մասին չեն։ Դրանք նաեւ այս կամ այն միջնորդի դիրքերի ուժեղացման կամ թուլացման մասին են։ Այսինքն՝ դրանք չի կարելի դիտարկել ռեգիոնում Ռուսաստանի ու Արեւմուտքի ստրատեգիական մրցակցության համատեքստից դուրս։ Հետեւաբար, որեւէ տարբերակի ընտրություն նաեւ ստրատեգիական կողմնորոշման խնդիր է։ Կարող են ասել` շատ լավ, ոչ միայն արեւմտյան տարբերակն է պակաս ցավոտ, այլ նաեւ Արեւմուտքն է ավելի նախընտրելի ռազմավարական գործընկեր, որովհետեւ նրանց հետ գործընկերությունը թույլ կտա երկիրը դնել ցանկալի քաղաքական ու տնտեսական զարգացման ուղու վրա։ Սա էլ ընդունենք զուտ որպես տեսական ենթադրություն։ Հիմա՝ մի քանի կարեւոր հարց։ Եթե մեր կողմնորոշման փոփոխությունը սպառնում է Ռուսաստանին դուրս մղել այս տարածաշրջանից, Ռուսաստանը դա առանց դիմադրության կընդունի՞։ Ի՞նչ հարվածների տակ կհայտնվի Հայաստանը, եթե ռուսները լռելյայն չընդունեն Հայաստանի ստրատեգիական շրջադարձը։ Եվ ի՞նչ կհակադրի դրան Արեւմուտքը։ Ես համոզված չեմ, որ Արեւմուտքի հակազդեցությունը կանցնի հումանիտար օգնության ու համակրանքի արտահայտությունների նշաձողը։
- Ընդդիմադիրները նշում են, թե Փաշինյանը կապիտուլյացիա է ստորագրել, հանձնել Արցախի 75 տոկոսը, այժմ ավարտին է հասցնում գործընթացը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախը հանձնել են Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Մադրիդյան սկզբունքները եղել են մեկնարկը։ Ո՞ր կողմն է ճիշտ: Ո՞ւմ մեղքով կորցրինք Արցախը:
- Երկու կողմն էլ ճիշտ են։ Իհարկե, Փաշինյանի պատասխանատվությունն ավելի մեծ է, քանի որ նրա իշխանության օրոք եւ նրա ընդունած որոշումների անմիջական հետեւանքով է տեղի ունեցել պատերազմը։ Բայց նախկինները, անշուշտ, շատ հեռու են այս հարցում անմեղ լինելուց։ Նրանք նպաստել են Արցախի կորստին։ Բայց այստեղ մի ուղղում պիտի անեմ։ Մադրիդյան սկզբունքները որդեգրելով չէ, որ դա արել են։ Նրանք, նրանց հետ միասին Վազգեն Սարգսյանը՝ իր Երկրապահով, եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն Արցախը կործանման ուղու վրա դրեցին 1998-ին, երբ վիժեցրին այն ժամանակ սեղանին դրված խաղաղության պլանը։ Սա տրիվիալ ճշմարտություն է։ Այն փաստը, որ այս պնդման հետ տարաձայնությունների իմիտացիաներ կան, ընդամենը մտավախություն է առաջացնում, որ Հայաստանում շուտով կսկսեն սեւ մածուն արտադրել։
- Նիկոլ Փաշինյանը Պրահայում հանդիպեց Թուրքիայի նախագահին, Ալիեւ-Մակրոն-Միշել-Փաշինյան քառակողմ հայտարարություն տարածեցին, Փաշինյանն ասաց․ «Հայաստանի համար առաջ գնալու նոր տարածքներ բացվեցին»։
- Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեծ բեկում տեղի ունեցավ Էրդողանի հետ Փաշինյանի հանդիպման արդյունքում։ Փաստն ինքնին հետաքրքիր էր, իհարկե՝ նույնիսկ ողջունելի։ Բայց ինձ համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում որեւէ մութ կետ ու լուսաբանման կարոտ խնդիր չկա։ Թուրքիայի դիրքորոշումն ավելի քան հստակ է, եւ այն չի փոխվել 1993-ից. հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց։ Իհարկե, երկու կողմերի միջեւ տարաձայնություններ կան այլ հարցերում եւս, բայց դրանք դիվանագիտական ու առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատումը կանխարգելող խոչընդոտներ չեն։ Փաշինյանի ու Էրդողանի հանդիպումը որեւէ սկզբունքային բան այս առումով չի փոխել ու չէր կարող փոխել։ Ինչ վերաբերում է քառակողմ հայտարարությանն ու դրա բացած նոր տարածքներին, թերեւս Փաշինյանի գնահատականը վերաբերում էր նրան, որ հայտարարությունը հղում է անում 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրին, որով ԱՊՀ անդամ երկրները ճանաչում էին միմյանց տարածքային ամողջականությունը, եւ որ հայտարարության տակ ստորագրել է Ալիեւը։ Այսինքն՝ Ալիեւը ճանաչում է 29 800 քառակուսի կիլոմետրի վրա Հայաստանի ինքնիշխանությունը, չնայած դեռ դելիմիտացիա պիտի տեղի ունենա, դեռ լուծված չէ անկլավների հարցը։ Փաշինյանը թերեւս գոհ էր նաեւ, որ հայտարարությունը նախատեսում էր դիտորդներ ուղարկել տարածաշրջան։ Ինչպես ռուսներն են ասում՝ чем богаты, тем и рады։
- Ֆրանսիայի նախագահը ՌԴ նախագահին մեղադրել էր ադրբեջանահայկական բախումներ հրահրելու մեջ։ Ոգեւորություն առաջացավ։ Ի՞նչ էր սա նշանակում:
- Սա նշանակում է շահագործել Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ առկա դժգոհությունները եւ դրդել հայերին ավելի վճռական գործողությունների։ Ես չեմ կիսում իմ բազմաթիվ հայրենակիցների ոգեւորությունն այս կապակցությամբ, որովհետեւ վստահ չեմ, որ Ֆրանսիան պատրաստ է Հայաստանին ապահովագրել այդ վճռական գործողությունների հետեւանքներից։ Քաղցր խոսքերից ու համակրանքի արտահայտություններից չի կարելի ոգեւորվել, եթե դրանք զուգակցված չեն իրական ու անհրաժեշտ մակարդակի աջակցությամբ, իսկ նման աջակցություն ակնկալելու ծանրակշիռ պատճառներ ես չեմ տեսնում։ Երբեմն նույնիսկ այդ դեպքում չի կարելի շատ ոգեւորվել։ Նայեք Ուկրաինային ու հետեւություններ արեք։
Հայկ Գևորգյան