Արման Գրիգորյան. Պետք է ընդունել խաղաղության պայմանագրի ռուսական պլանը. «Առավոտ»
«Եթե դա ենթադրում է ռուսական վերահսկողությամբ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ճանապարհ, ինչը որքան հասկանում եմ՝ հիմնական անհանգստությունն է, դա շատ վատ է, բայց դա ավելի վատ չէ, քան նույն ճանապարհը Թուրքիայի ու Ադրբեջանի վերահսկողությամբ։ Այսինքն, այդ դեպքում դա ճանապարհ չի լինի, այլ լրիվ ուրիշ բան կլինի»,- «Առավոտի» զրուցակիցն է Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։
«Ադրբեջանը հետեւողականորեն վարում է Արցախն անվերապահորեն ու ամողջությամբ Ադրբեջանին ենթարկելու քաղաքականություն։ Նրանք շատ լավ հասկանում են նաեւ, որ եթե նրանց հաջողվի դա անել, Արցախի հայության մեծ մասն այնտեղից պարզապես դուրս կգա։ Վերջապես, նրանք օգտվում են այն հանգամանքից, որ Հայաստանն ինքնուրույն, առանց դրսի աջակցության այդ պլանները չի կարող վիժեցնել, իսկ արտաքին աջակցությունն այս պահին սահմանափակ է։ Ռուսները զբաղված են Ուկրաինայում, հետեւաբար Կովկասում նոր ճգնաժամը նրանց համար անցանկալի է։ Բացի այդ, ես կարծում եմ, որ մեր իշխանությունների վարքագիծը որոշակիորեն նպաստում է ռուսների հարաբերականորեն իներտ պահվածքին, ինչից նույնպես օգտվում է Ադրբեջանը։ Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա այն Ադրբեջանի սանձերը լրջորեն քաշելու շահ չունի։ Ինչ-որ որոշումներ են ընդունում ինչ-որ միջազգային դատարաններում, երբեմն էլ, ինչպես հիմա սիրում են ասել` հասցեական հայտարարություններ են անում Ադրբեջանին քննադատող, բայց դրանք շատ մեծ արժեք չունեն. ոչ պատժամիջոցները կան, ոչ ռազմական սպառնալիքներ, ոչ Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրելու մտադրություններ։ Իսկ եթե այդ բաները չեն անում, մնացածը շատ մեծ նշանակություն չունի։ Դե Ադրբեջանն էլ օգտագործում է ստեղծված բարենպաստ իրադրությունն ու փորձում է ավարտին հասցնել այն, ինչ սկսել էր 2020 թ. սեպտեմբերի 27-ին։
Ես կարծում եմ, որ պետք է դադարեցնել Արեւմուտքում հովանավորներ փնտրելու այս դատապարտված ու վտանգավոր քաղաքականությունը, ընդունել խաղաղության պայմանագրի ռուսական պլանը ու ձեռնամուխ լինել դրա իրականացմանը։ Եթե դա ենթադրում է ռուսական վերահսկողությամբ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ճանապարհ, ինչը որքան հասկանում եմ՝ հիմնական անհանգստությունն է, դա շատ վատ է, բայց դա ավելի վատ չէ, քան նույն ճանապարհը Թուրքիայի ու Ադրբեջանի վերահսկողությամբ։ Այսինքն, այդ դեպքում դա ճանապարհ չի լինի, այլ լրիվ ուրիշ բան կլինի։ Մնացած խոսակցությունները, որ Արեւմուտքը պատրաստ է երաշխավորելու, որ այդ ճանապարհը մնա մեր անվերապահ ու ամբողջական վերահսկողության ներքո, որ մենք պարզապես առանց ռուսների կամքը հաշվի առնելու կարող ենք Արցախի նկատմամբ Ադրբեջանի անվերապահ սուվերենության ճանաչումը փոխանակել նոյեմբերի 10-ի փաստաթղթի 9-րդ կետից Ադրբեջանի հրաժարվելու հետ ու դա անել Արեւմուտքի քավորությամբ, ես համոզիչ չեմ համարում։ Ավելին, ես դա համարում եմ վտանգավոր։
Ես գիտեմ, որ հայհոյանքների ու մեղադրանքների հերթական տարափն եմ հրավիրում ինձ վրա սա ասելով, բայց վաղուց ժամանակն է, որ Հայաստանում դադարեն դրանից վախենալ։ Բանը բանից անցել է։
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: