Արման Գրիգորյան. Խաչիկյանը չի խայտառակում ռեսպուբլիկան
Խաչիկյանը չի խայտառակում ռեսպուբլիկան
Վերջերս Հայաստանի քաղաքական առանց այդ էլ փոթորկված մթնոլորտը մի նոր ազդակ ստացավ ավելի փոթորկվելու։ Պատճառն իմ վաղեմի բարեկամ ու դասընկեր Արտո (Արթուր) Խաչիկյանի`Կարպիս Փաշոյանին տված հարցազրույցն էր։ Հարցազրույցի հիմնական թեման Հայաստանի քաղաքական դաշտը խիստ բևեռացրած ու շիկացրած`ստրատեգիական կողմնորոշման խնդիրն էր։ Մասնավորապես, թե արդյո՞ք ռացիոնալ է Հայաստանի համար փորձ անել փոխելու այդ կողմնորոշումը Ռուսաստանից դեպի Արևմուտք։ Խաչիկյանի հիմնական փաստարկն այն էր, որ նման բան անելու մասին խոսակցությունները զուրկ են տրամաբանությունից, որ դրանք չեն համապատասխանում ռացիոնալիզմի ու ռեալիզմի տարրական սկզբունքներին, քանի որ մեզ ոչ ոք նման բան չի առաջարկում և հետևաբար մենք կարող ենք բացարձակ անպաշտպան մնալ, եթե հրաժարվենք թեկուզ ծակ, բայց մեր անվտանգության գոնե մինիմալ պահանջների համար դեռևս պիտանի ռուսական հովանոցից։
Հարցազրույցին հետևեց խիստ բացասական ու բուռն արձագանք։ Բացասական ու բուռն արձագանքն ինքնին զարմանալի չի, իհարկե։ Ես այդ նույն փաստարկը բազմիցս պաշտպանել եմ, ամեն անգամ թիրախը դառնալով Հայաստանում հատկապես վերջին տարիներին ագրեսիվացած, իրենց արևմտամետ հռչակած, բայց իրականում չինական խունվեյբիններին հիշեցնող մարդկանց մի խմբի, որի հետ պարզապես հնարավոր չի բանական ու քաղաքակիրթ խոսակցություն ունենալ։ Այս դեպքն առանձնանում էր նրանով, որ Խաչիկյանի հարցազրույցին բացասաբար ու բուռն արձագանքել էին նաև ինձ համար շատ հարգելի մարդիկ, որոնք ոչ միայն չեն պատկանում հաստիքային արևմտամետների այդ խմբին, այլ իրենք են հաճախ հանդես գալիս ռացիոնալիզմի ու ռեալիզմի պաշտպանության դիրքերից։ Սա առնվազն մի փոքր զարմանալի է և հետևաբար չպետք է մնա անարձագանք։ Այդ հակազդեցությունը նաև չպետք է անարձագանք մնա, որովհետև քննադատությունների տարափը մի տեսակ արշավի տեսք ընդունեց, ինչից տպավորություն էր ստեղծվում, թե Խաչիկյանն այդ մարդկանց տեսակետներից ու դավանանքից այնքան հեռու և զարհուրելի բաներ է ասել, որ նրանք պարզապես չէին կարող դրանց առանց ցասման հակադարձել։
Միանգամից ասեմ, որ չեմ պնդում, թե Խաչիկյանի ելույթներն ընդհանրապես ու Փաշոյանին տված հարցազրույցը մասնավորապես զերծ են թերություններից։ Թերություններ կային և դրանք միանգամայն օրինակարգ թիրախ են քննադատության համար։ Բայց քննադատության տարափը տպավորություն ստեղծեց, թե 1) հարցազրույցում թերություններից բացի ոչինչ չկար; 2) նշված քննադատները Խաչիկյանից արմատապես տարբեր տեսակետներ ունեն նրա հիմնական ասելիքի շուրջ։
Ինչպես ամերկացիներն են ասում` նրանք երեխային լողացնելուց հետո դեն նետեցին երեխային լողատաշտի ջրի հետ միասին։
Եվ այսպես, ի՞նչն էր այդպես զայրացրել Խաչիկյանի քննադատներին։ Շատերը նրան քննատատել էին տոնի համար, որը նրանց բնութագրմամբ չափազանց էպատաժային ու էմոցիոնալ էր, ինչն ինքին անցանկալի է, բայց այս պարագայում հատկապես անհամատեղելի էր սառը հաշվարկի, գլխով, այլ ոչ թե էմոցիաներով մտածելու Խաչիկյանի իսկ կոչերի հետ։ Այդ տոնը նաև անհամատեղելի էր Խաչիկյանի` իր ըննդիմախոսներին ուղղված այն քննադատության հետ, որ վերջիններս հաճախ այլ երկրներին, մասնավորապես` Ռուսաստանին, ինչ-որ քաղաքականության հետ կապ չունեցող բարոյական որակներ են վերագրում, երբ ինքը նույնն արեց Արևմուտքի մասին իր հայտարարություններում։ Տոնի հետ կապված մյուս քննադատությունը կրուասանի մասին Խաչիկյանի հայտարարությունն էր։ Մասնավորապես, որ եթե նույսնիսկ արևմտյան կրուասանները շատ համով են, դրանք ոչինչ չեն նշանակում, երբ խոսքը երկրի անվտանգության մասին է։ Քննադատները սա մեկնաբանել էին որպես անընդունելի ու անարդարացի մեղադրանք մեր ժողովուրդի հասցեին։
Քննադատությունների երկրորդ խումբը վերաբերում էր Խաչիկյանի պնդումներում առկա ներքին հակասություններին։ Մասնավորապես` եթե նա պնդում է, որ Իսրայելն ու Թուրքիան հարձակվել են Հայաստանի վրա, քանի որ զենք են վաճառել Ադրբեջանին, ապա նույն հաջողությամբ պետք է պնդեր, որ Հայաստանի վրա հարձակվել է նաև Ռուսաստանը, քանի որ Ադրբեջանին զենք է վաճառել նաև Ռուսաստանը։ Կամ ինչպե՞ս կարել էր նսեմացնել եվրոպական դիտորդական առաքելության կարևորությունը միաժամանակ կարևորելով Իրանի զսպող հայտարարությունները։
Խաչիկյանին քննադատել էին որոշ առարկայական պնդումների համար ևս։ Առաջին թիրախը նրա այն պնդումն էր, որ Թուրքիան մեծ Թուրան ստեղծելու մտադրություններ ունի, որ դա էկզիստենցիալ սպառնալիք է մեզ համար, որ դա լավ թե վատ զսպում է Ռուսաստանը և որ պատճառ չկա ակնկալելու, որ Արևմուտքը նույն զսպող դերակատարությունը կստանձնի եթե մենք ռուսներին գրողի ծոցն ուղարկենք։ Խաչիկյանի քննադատներից ոմանք սա որակել էին որպես հնացած մտածողության դրսևորում, ինչպես նաև ռեալիստին ոչ հատուկ պնդում, քանի որ պնդումը հղում էր անում ինչ-որ գաղափարի, ոչ թե տվյալ երկրի նյութական շահերին, ինչը սովորաբար անում են ռեալիստները։ Իմ կողմից շատ հարգված մի քննադատ էլ Խաչիկյանին մեղադրել էր «բայղուշությամբ» զբաղվելու մեջ։
Խաչիկյանի հիմնական «հանցանքը», սակայն, Հայաստանում արդեն համարյա անքննելի դարձած հակառուսական ու արևմտամետ ստանդարտի դեմ սուր ընդվզումն էր։ Խաչիկյանը չէր բավարարվել միայն պնդելով, որ անկախ Ռուսաստանիու Արևմուտքի համեմատական որակներից, արևմտյան ճամբարի մաս դառնալու հնարավորություն Հայաստանը պարզապես չունի։ Նա չքողարկված զայրույթով արձագանքել էր այն հարցին, թե արդյո՞ք ռեալիստները չափից ավելի չեն կենտրոնացած նյութական ու ֆիզիկական անվտանգության վրա, անտեսելով արժեքային գործոնը, և արդյո՞ք դեպի Արևմուտք թեքվելը նաև արժեքային ընտություն չէ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի գերակայության օգտին։ Խաչիկյանը թվարկել էր Արևմուտքի գործած զանազան մեղքերը, որոնք անհամատեղելի են նշված արժեքներին հավատարմության տարածված տեսակետի հետ և որոնք առնվազն կասկածելի են դարձնում դեպի Արևմուտք թեքվելը նման մոտիվներով բացատրելու մասին պնդումները։ Քննադատները բացարձակապես մերժելի, նույնիսկ վտանգավոր էին համարել Խաչիկյանի այդ արձագանքը։ Նրանցից ոմանց զայրացրել էր նաև Խաչիկյանի այն մասնավոր պնդումը, որ Ռուսաստանի ագրեսիվ վարքագիծը հետևանք էր նույն Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սպառնալից վարքագծի ու հատկապես ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականության։
Ես կիսում եմ քննադատների որոշ դիտողությունները։ Ես նույնպես կարծում եմ, որ նման խոսակցությունները պետք է վարել առանց էմոցիաներին տրվելու, հատկապես երբ բանախոսն ինքը խորհուրդ է տալիս մյուսներին գլխով մտածել։ Որոշ ներքին հակասություններ նույնպես կային նրա խոսքում, ինչը թերևս անխուսափելի է կես ժամանոց հարցազրույցի ֆորմատում, երբ ինչ-որ նրբերանգներ բացատրելու ժամանակ չկա ու երբ մտածում ես ոտքի վրա, բայց ներքին հակասությունը ներքին հակասություն է ու քննադատներն իրավունք ունեն դրանք մատնացույց անելու։
Այս ամենով հանդերձ, սական, պետք է շեշտել երկու բան։ Նախ, սրանք երկրորդական խնդիրներ էին, իսկ Խաչիկյանի հիմնական պնդումներն արդարացված էին, եթե նույնիսկ որոշ ձևակերպումներ կարելի էր խմբագրել և այդ պնդումներն անել մի փոքր այլ տոնով։ Երկրորդ, առնվազն տարակուսելի է, երբ հակառակ տեսակետների դեմ, որոնք երբեմն հասնում են զավեշտականության, նույն քննադատներից շատերը երբեք ասելիք չունեն։ Ասենք, երբ մի նվիրյալ ու հայտնի արևմտամետ պնդում է, որ աշխարհում մարդու իրավունքների, ժողովրդավարության ու միջազգային իրավունքի գերակայության միակ խոչընդոտը Ռուսաստանն է ու որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի հաղթանակից հետո մենք կթևակոխենք այդ արժեքների գերակայության ոսկե դար, որևէ մեկն իրավունք ունի ակնկալելու Խաչիկյանի վերոհիշյալ քննադատներից նույնքան բուռն հակազդեցության, որովհետև իսկապես դժվար է ավելի ծանր վիրավորանք հասցնել որևէ լսարանի ինտելեկտին ու բարոյականության տարրական ընկալումներին, քան նման պնդում անելն է։ Ու սա միակ օրինակը չի անարձագանք մնացած նման բազմաթիվ զավեշտի ենթակա ու շատ վատ տոնով արված հայտարարությունների։ Բայց Խաչիկյանին պետք էր անարգանքի սյունին գամել նման պնդումների դեմ էմոցիաները զսպել չկաորղանալու համար։ Չափազանց հիասթափեցուցիչ էր նաև այն հանգամանքը, որ նշածս քննադատների ֆեյսբուքյան գրառումների տակ կային խիստ վիրավորական մեկնաբանություններ, որոնց հեղինակներին այդ քննադատները որևէ փորձ չէին արել սաստելու։
Իսկ հիմա ըստ էության։ Որո՞նք էին Խաչիկյանի հիմնական փաստարկները և ինչու՞ եմ ես համարում, որ դրանք այնքան էլ դժվար պաշտպանելի փաստարկներ չեն։
Առաջին ու ամենակարևոր փաստարկն այն էր, որ շատ հաճախ դաշնակիցների, պոտենցիալ դաշնակիցների, ինչպես նաև հակառակորդների մասին մտածում ենք սխալ կատեգորիաներով`համակրանք, դավաճանություն, հավատարմություն, արդարություն, և այլն։ Նման կատեգորիաները միջազգային հարաբերություններում որևէ դեր չեն խաղում։ Դեր են խաղում երկրների շահերը։ Խաչիկյանն այս հարցում միանգամայն ճիշտ է ու նոր կամ արտառոց բան չի ասում։ Համենայն դեպս իրենց ռեալիզմի ուսմունքի հետևորդ համարողները նման հայտարարության դեմ ասելու շատ բան չպետք է ունենային։ Այստեղ տեղին է հիշել Վանո Սիրադեղյանի դիպուկ ձևակերպումը. «Հայ մարդը պատմությունը կամ սիրում, կամ ատում է, այնինչ պիտի ընդուներ ի գիտություն»։ Այդ ձևակերպումը վստահաբար ավելի է կիրառելի է միջազգային հարաբերությունների մասին խոսակցություններում, և Խաչիկյանի ասածն ուրիշ բան չէր։
Երկրորդ հիմնական ասելիքը, որն ինչ-որ առումով բխում էր առաջինից, այն էր, որ Արևմուտքը Հայաստանին պաշտպանելու շահ չունի։ Եթե նույնիսկ մեզ շատ սիրում են, նրանք մեզ չեն պաշտպանելու, եթե մենք լքենք մեր ներկա անվտանգային համակարգը։ Նորից, ես չեմ կարծում, թե այստեղ շատ բան կա վիճարկելու, հատկապես եթե զրույցն ընթանում է ռացիոնալ մարդկաց միջև ու այդ խոսակցությանը չեն մասնակցում առավոտից իրիկուն ինչ-որ անհասկանալի դեմագոգիայով զբաղվող հաստիքավոր արևմտամետները։ Քանիցս իրենց բերանով են ասել նույն Արևմուտքի ներկայացուցիչները, որ նրանք չեն կարող փոխարինել Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին, չնայած միևնույն ժամանակ, հատկապես վերջին շրջանում ու հատկապես ֆրանսիացները, սկսել են բենզին լցնել Ռուսաստանից Հայաստանում առկա դժգոհության կրակի վրա, իհարկե առանց որևէ կոնկրետ բան խոստանալու։ Ամեն անգամ, երբ ուղիղ հարցնում ես Արևմուտքի որևէ ներկայացուցչի, անվտանգության երաշխիքներ մեզ կտրամադրե՞ք Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ, նրանց պատասխանը միանշանակ է. դա իրատեսական չէ։ Հաստիքային արևմտամետների ստանդարտ պատասխանը, թե չենք կարող իմանալ Արևմուտքն ինչ կանի, մինչև դուրս չգանք ՀԱՊԿ-ից ու չչեղարկենք դաշինքը Ռուսաստանի հետ, չի կարող համոզիչ լինել որևէ լուրջ մարդու համար։ Այդ փաստարկի սնանկությունը պարզ տեսնելու համար նայեք Վրաստանին։ Վրաստանին էլ երաշխիքներ չեն տալիս, և դա այն դեպքում, երբ Արևմուտքի համար Վրաստանը նույն անվտանգային բեռը չի, ինչ Հայաստանը. Վրաստանի հիմնական հակառակորդն արդեն իրենց հակառակորդն է։ Մեր հակառակորդներից մեկն Արևմուտքի ֆորմալ դաշնակիցն է, իսկ մյուսի հետ ունեն պարզապես հրաշալի հարաբերություններ։ Իսկ եթե նույնիսկ ճիշտ է, որ չենք կարող իմանալ, հորդորը հավասարազոր է ֆինանսական պրոբլեմները լուծելու համար կազինո գնալու խորհրդին, ինչպես մի առիթով արդեն ասել եմ։
Խաչիկյանի երրորդ սկզբունքային պնդումն այն էր, որ եթե մենք վերջնականապես խզենք մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, մենք կմնանք անպաշտպան Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ։ Նա այս թեզն ավելի խիտ գույներով էր ներկայացրել, հղում անելով Թուրքիայի պանթուրանական ծրագրերին, բայց ասածի բուն էությունը դա էր։ Սա ինչ-որ մարդիկ համարել էին գուժկանություն և շեղում «նոր մտածողության» հայկական տարբերակից, որը մերժում էր Թուրքիան ու պանթուրքիզմը որպես հավերժ թշնամի ու սպառնալիք դիտելուց և որն ավանդաբար օգտագործվել է մեզ ռուսական կրնկի տակ պահելու համար։ Բայց իրականում, այդ քնադատներն են, որ այս հարցում որոշակիորեն կարծրացած, դոկտրինյոր մտածողություն են դրսևորում։ Այո, ժամանակին` Թուրքիայի` որպես հավերժ թշնամու ու սպառնալիքի ավանդական վարդապետության մերժումը միանգամայն ճիշտ էր։ Դա շահագործվում էր անկախ պետություն ունենալու մեր իղձերը խեղդելու նպատակով զորի բալայանների կողմից։ Դա նաև տրամաբանական չէր, քանի որ, ինչպես ժամանակին ՀՀՇ-ի ղեկավարներն էին ճշմարտացիորեն պնդում, եթե նույնիսկ նման սպառնալիքն իրականություն դառնար, անկախ Հայաստանը դրա դեմ դաշնակիցներ կգտներ։ Եվ գտավ։ Հայկական «նոր մտածողության» հայրերից մեկն էր, ի վերջո, որ Ռուսաստանի հետ փոխադարձ անվտանգության պայմանագիր ստորագրեց հենց այդ սպառնալիքի դեմ, երբ Թուրքիան փորձեց ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա։ Չի կարելի չնկատել նաև, որ նույնիսկ պանթուրքիզմի մասին հնացած թվացող խոսակցություններն այսօր այնքան անհիմն չեն, որքան էին 33 տարի առաջ։ Կարող եք ուսումնասիրել նոր տեղի ունեցած թյուրքական պետությունների համաժողովի նյութերը դրանում համոզվելու համար։ Բայց ի վերջո այս ամենն այնքան էլ կարևոր չի։ Կարևոր է հետևյալը. մենք չլուծված խնդիրներ ունենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ և մենք շատ թույլ ենք այդ երկուսի կոալիցիայի հետ համեմատ։ Եթե նրանց ոչինչ չզսպի, մեզ ուժով ինչ-որ բաներ պարտադրելը նրանց համար շատ դժվար չի լինի։ Իսկ նրանց ոչինչ չի զսպի, կամ շատ քիչ բան կզսպի, եթե Ռուսաստանն այդ դերից հրաժարվի։ Այս հարցում Արևմուտքի հետ հույսեր կապելու հիմքերն առնվազն ակնհայտ չեն։ Ես Խաչիկյանի փոխարեն սրա, այլ ոչ պանթուրքիզմի, վրա կդնեի շեշտը, բայց խնդրի էությունը դրանից առանձնապես չի փոխվում։
Չորրորդ սկզբունքային պնդումը միջազգային հարաբերություններում ու արտաքին քաղաքականության մեջ արժեքների անկարևորության մասին պնդումն էր։ Մասնավորապես, Խաչիկյանը վիճարկել էր այն տարածված տեսակետը, թե աշխարհը բաժանված է ժողովրդավարական ու ոչ ժողովրդավարական ճամբարների, որ ժողովրդավարական երկրների արտաքին քաղաքականության հիմնական մոտիվացնող ուժը ժողովրդավարության, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի պաշտպանությունն է, և որ Ռուսաստանի հետ հակամարտությունը հենց այդ կարգի պայքար է։ Սա պատկանում է այն պնդումների շարքին, որոնք կատարյալ իմունիտետ են ձեռք բերել էմպիրիկ փաստերի նկատմամբ և որոնց հավատացողների համար դրանք ունեն կրոնական հավատին բնորոշ բոլոր հատկանիշները։ Մասնավորապես, սա չարի ու բարու մասին դոգմա է դարձել, որը վիճարկելը դրան հավատացողները համարում են ոչ թե սխալ, այլ սրբապղծություն։ Բայց դրանից այն ավելի համոզիչ չի դառնում։ Ես դա ասում եմ, որպես մեկն այն փոքրաթիվ մասնագետներից, որոնք իրականում այս պնդմանը շատ լուրջ են վերաբերվել ու այն սիստեմատիկ քննության են ենթարկել այն հալած յուղի տեղ ընդունելու փոխարեն։ Այս պնդումը հիմնական առարկան է իմ մի աշխատության, որը լույս տեսավ ամերիկյան International Security գիտական պարբերականում 2020 թվականին և որտեղ ես պնդում եմ, որ չկա գոնե մի դեպք, երբ Արևմուտքն աջակցել է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին ու միջազգային իրավունքի այս կամ այն նորմին եթե դա հակասել է իր նյութական ու ստրատեգիական շահերին։ Նման դեպքեր պարզապես գոյություն չունեն։ Փոխարենը կան բազմաթիվ դեպքեր, երբ Արևմուտքը դեն է նետել այդ սկզբունքները երեկվա լրագրի պես, երբ այդ սկզբունքները հակասել են վերոհիշյալ շահերին։ Իսկ համապատասխան շահերի առկայության դեպքում նույնիսկ Խորհրդային Միությունն էր պարբերաբար հանդես գալիս ժողովրդավարական ուժերի ու միջազգային իրավունքի պաշտպանության դիրքերից։ Ասեմ, որ մինչ օրս իմ այդ փաստարկը չեն վիճարկել որևէ ակադեմիական ֆորումում, չնայած հոդվածը շատ գայթակղիչ թիրախ է այն վիճարկել ցանկացողների համար։ Խաչիկյանը նաև սխալ չէր, երբ այդ կրոնակերպ դոգմային ի պատասխան փաստեր էր ներկայացնում Արևմուտքի գործած մեղքերի մասին։
Այս կապակցությամբ ուզում եմ շեշտել հետևյալը։ Խաչիկյանին մեղադրել էին հակաարևմտյան հռետորաբանության մեջ արժեքների անկարևորության մասին պնդումն անելու և Արևմուտքի գործած մեղքերը թվարկելու համար։ Նույն մեղադրանքը երբեմն ինձ է ներկայացվել։ Սա տարօրինակ հակազդեցություն է ըստ իս, որովհետև ոչ ես, ոչ Խաչիկյանը չենք պնդում, որ Արևմուտքն ինչ-որ հրեշավոր մոտիվներով առաջնորդվող, ժանիքներով ու պոզերով սատանա է ի տարբերություն մյուս հրեշտակ երկրների։ Մենք պնդում ենք, որ Արևմուտքը շատ չի տարբերվում մյուսներից իր արտաքին քաղաքական նախապատվություններում, որ երկրների արտաքին քաղաքական նախապատվություններն ու վարքագծերը շատ չեն տարբերվում իրարից ընդհանրապես և որ ներքաղաքական համակարգն ու գաղափարախոսությունները մեծ նշանակություն չունեն այդ հարցում։ Մեր մերժածը Արևմուտքի հրեշտակային արտաքին քաղաքական նախապատվությունների ու վարքագծի մասին նարատիվն է, ինչը մերժելը չի նշանակում Արևմուտքին հրեշ համարել կամ հակաարևմտյան լինել։ Թիրախն Արևմուտքը չի, այլ կերպ ասած, այլ այդ նարատիվի հավատավոր ու ագրեսիվ վաճառականները, թե՛ Արևմուտքում, թե՛ Հայաստանում, թե՛ այլուր։ Ուզում եմ մատնանշել, որ այդ նարատիվի քննադատներ են բազմաթիվ հայրենասեր ամերիկացիներ ու այլ արևմտյան երկրների քաղաքացիներ։ Ընդամենը երեք օրինակ բերեմ հազարավոր հնարավորներից. Լարրի Ուիլկերսոն, Դուգլաս Մաքգրեգոր, Էնդրյու Բեյսեվիչ։ Գիտե՞ք ինչ ընդհանուր բան ունեն այս մարդիկ։ Երեքն էլ ամերիկյան զինված ուժերի պաշտոնաթող գնդապետներ են, իրենց կյանքն ու կարիերան ԱՄՆ-ի անվտանգությանն ու շահերին նվիրած մարդիկ։ Եվս մի դիտարկում այս կապակցությամբ։ Պնդումը, որ պետություններն իրարից չեն տարբերվում իրենց արտաքին քաղաքական նախապատվությունների առումով անկախ իրենց ռեժիմի տեսակից, մշակույթից ու գաղափարախոսական դավանանքներից, ռեալիզմի տեսության ամենահին ու հիմնական պնդումներից մեկն է։ Գոնե իրենց ռեալիստ համարողները, հետևաբար, Արևմուտքի հրեշտակ չլինելու մասին հայտարարություններ լսելիս կարիք չունեն շատ զայրանալու ու նման հայտարարություններ անողներին հակաարևմտականության պիտակ փակցնելու։
Վերջապես, Ռուսաստանի նկատմամբ Սառը Պատերազմի ավարտից հետո Արևմուտքի որդեգրած քաղաքականության մասին և թե արդյոք Ռուսաստանի որոշ գործողությունները, այդ թվում ագրեսիվ գործողությունները կարող են դրա հետևանքը լինել։ Այն, որ Ռուսաստանի վարքագիծը մոտիվացված է կայսեապետական ծավալապաշտությամբ և որ որևէ արտաքին ազդակ այդ վարքագծի պատճառ լինել չի կարող, նույնպես կրոնական դոգմայի տեսք ունի շատերի մեկնաբանություններում։ Բայց գոնե իրենց ռեալիստ համարողները այդ դիրքորոշումից պետք է հրաժարվեն։ Երկար չեմ գրի սրա մասին, քանի որ շատ բան արդեն ասվել է։ Միայն մի երկու դիտարկում անեմ։ Առաջին, նույն ռեալիզմի տեսության կրկին ամենատարրական պոստուլատներից է այն, որ միջազգային անարխիայի (անարխիա ասելով ռեալիստները հասկանում են կենտրոնական իշխանության, համակարգի հիերարխիկ կազմակերպման բացակայությունը), մտադրությունների անորոշության, միմյանց վնասելու կարողության գոյության պայմաններում ուժերի հարաբերակցության փոփոխություններն ինքնին սպառնալիք են եթե նույնիսկ ուժեղացող կողմը որևէ հետին նպատակ չունի կամ չունի այդ պահին։ Ռեալիզմի դպրոցի հիմնական տեսություններից մեկը` ուժերի հարաբերակցության տեսությունը (balance of power theory), ամբողջապես հենված է այս դիտարկման վրա։ Ռազմական դաշինքները ոչ այլ ինչն են, եթե ոչ ուժի հավելման և ուժերի հարաբերակցությունը փոխելու (կամ որոշ դեպքերում`դա կանխելու) մեխանիզմներ։ Հետևաբար, երբ մի դաշինք, որը քեզ իր հիմնական հակառակորդն է համարում, սկսում է քո հարևաններին իր շարքերն ընդունել, դու պարզապես չես կարող դրանից չանհանգստանալ։ Իսկ խոսակցությունները, թե այդ հարևանները սուվերեն իրավունք ունեն ընտրելու, թե ում հետ դաշնակցել, լիրիկայի ժանրից են։ Գուգլ արեք Monroe Doctrine եզրույթը և կհասկանաք, թե ինչու եմ այդպես ասում։ Այս ամենը միջազգային հարաբերությունների տեսության ներածական կուրսի երրորդ կամ չորրորդ դասախոսության նյութ է։ Ռուսաստանի վարքագիծը 2008 թ.-ից ի վեր այս տրամաբանության դասագրքային դրսևորում է։ Եվ սա հետին թվով բացատրություն չի։
Հասարակագետներիս հաճախ մեղադրում են այն բանում, որ մենք կանխատեսումներ չենք կարողանում անել, հետևաբար մեր արածը գիտություն չի։ Իրականում շատ հաճախ ենք անում բավականին ճշգրիտ կանխատեսումներ, բայց երբ դրանք իրականանում են, դրան դիմադրած մարդիկ ոչ թե ասում են կանխատեսողները ճիշտ էին, այլ հազար պատճառ են փնտրում ու գտնում, թե ինչու տեղի ունեցածը դրա հետ կապ չուներ։ 1990-ականներին բազմաթիվ կանխատեսումներ ու զգուշացումներ եղան ՆԱՏՕ-ի ընդլայնման ձախորդ քաղաքականության մասին։ Դրանք ոչ միայն ճշգրտորեն կանխատեսել էին, որ Ռուսաստանը կարող էր ավելի ագրեսիվ դառնալ ի պատասխան այդ քայլի, այլ որ դա կարող էր նաև վատ հետևանքեր ունենալ Ռուսաստանի ներքին քաղաքական կյանքի համար։ Կանխատեսողներն էլ պատահական մարդիկ չէին, ոչ էլ ծայրահեղ ձախ հակաիմպերիալիստական ակտիվիստներ։ Դրանց շարքերում էին Ջորջ Քենանը, Ռոբերտ Մակնամարան, ԽՍՀՄ-ում ԱՄՆ-ի վերջին երկու դեսպանները, 5 սենատորներ, այդ թվում արտաքին քաղաքականության բնագավառում այն ժամանակ շատ կարևոր դերակատարություն ունեցող Սեմ Նանը, և կարելի է ասել ակադեմիական ռեալիստների ամբողջ բանակը։ Բայց նրանց չլսեցին ու հիմա էլ ամբողջ մի ինդուստրիա է աշխատում ապացուցելու, որ այդ կանխատեսումների հետ կապ չունի Ռուսաստանի վարքագիծն ու Ռուսաստանի ներսում տեղի ունեցածը։ Խաչիկյանը, մի խոսքով ոչ միայն ոչ մի արտառոց բան չի ասել այս կապակցությամբ, այլ ճիշտ է 100 տոկոսով։
Ավարտեմ մի հակիրճ դիտողությամբ ուղղված Խաչիկյանին քննադատած իմ բարեկամներին։ Թե՛ քաղաքական, թե՛ մտավորական կռվում գործի կեսը թիրախի ճիշտ ընտրությունն է։ Խաչիկյան Արտոն ճիշտ թիրախը չէր։ Համենայն դեպս ոչ այդ կարգի արշավի համար։
Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր
Արման Գրիգորյան