Խաչատրյան. Այս դատական համակարգն ամբողջությամբ կախված է նախկին ռեժիմի ներկայացուցիչներից
«Հո չենք ասում՝ գնացեք պատրաստի վճիռը տվեք դատավորի ձեռքը, ոնց որ արվում էր մեզ հայտնի ժամանակներում: Բայց արդյո՞ք մենք այսօր տեսնում ենք անկախ դատական համակարգ: Իսկ ես ասում եմ, որ սա անկախ դատական համակարգ չէ և այս համակարգն ամբողջությամբ կախված է նախկին ռեժիմի ներկայացուցիչներից, որոնք այսօր ստվերային ձևով այդ համակարգի հետ անում են այն, ինչ ուզում են», Newarmenia-ի հետ զրույցում նշում է ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի պատասխանատու Արմեն Խաչատրյանը:
- Մարտի 1-ի զոհերի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները հայտարարել են, որ այլևս չեն մասնակցի Մարտի 1-ի դատական նիստերին, որովհետև դատավարությունը վերածվել է ֆարսի: Այս հայտարարությունը վտանգավոր չէ՞ այն իմաստով, որ զոհերի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն իրենք են փորձում ճնշում գործել դատավորի վրա:
- Վտանգավոր էր այն պրոցեսը, որ տեղի էր ունենում մինչև այսօր: Որովհետև այդ հայտարարությունն իսկապես անցանկալի հանգրվան էր այս գործով, և շահագրգիռ կողմը, տուժող կողմը, մարդիկ, որոնք հարազատներ են կորցրել, հայտարարում են, որ այս դատական պրոցեսից ակնկալիք չունեն: Եվ մեր բոլոր այն դժգոհությունները, որոնք կային մասնավորապես վերջին մեկ տարում, որ այս դատարանը չի գործում որպես արդարադատություն իրականացնող մարմին, այլ այս պրոցեսն իսկապես վերածել է ֆարսի, ձևական, ֆորմալ դատավարության, որտեղ որևէ բովանդակային քննարկում այդպես էլ չի լինում: Մենք անվերջ լսում ենք ամբաստանյալների փաստաբանների պաշտպանների իրավաբանական դասախոսություններ, և կարծես թե դա ձեռք է տալիս դատավորին: Մարդիկ 10 և ավել տարի սպասել են, որ պիտի գա այդ օրը, և արդար դատաքննության միջոցով իրենց երեխաների մահվան պատճառ դարձող անձանց մեղքը պիտի հաստատվի դատարանի օրինական վճռով, տեսնում են, որ այդ օրը չի գալիս: Սա ավելի լավ ակցիա էր, քան բացարկ հայտնեին այդ գործը քննող դատավորին:
- Խոսքը Աննա Դանիբեկյանի մասի՞ն է:
-Այո, այո: Նա այդպես էլ չհասկացավ, թե իր վրա ինչ կարևոր դերակատարում է դրված և հանդես չբերեց այն մասնագիտական ճկունությունը, առանց որի հնարավոր չէ սայլը տեղից շարժել:
- Պարոն Խաչատրյան, իշխանությունն ասում է, որ ինքը չի կարող դատարանի վրա ճնշում գործադրել, այն անկախ է: Ո՞վ պիտի այս հարցը լուծի:
-Ախր աննախադեպ բաներից է խոսում իշխանությունը: Հայաստանում անկախ դատական համակա՞րգ: Երբվանի՞ց, ով ստեղծեց այդ անկախ դատական համակարգը:
Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյութում