Արտակ Հարությունյան. Այս ամենը ստեղծում է պետական մակարդակի հանցավոր միջավայր
Վերջին օրերի քննարկումները ցույց են տալիս, որ մարդիկ հաճախ շփոթում են արդարությունն ու արդարադատությունը։
Կարճ կարող եմ ձևակերպել այսպես․ արդարության ընկալումը կարող է սուբյեկտիվ լինել․ նույն իրավիճակը տարբեր մարդկանց մոտ կարող է տարբեր գնահատականներ առաջացնել։ Դրա համար էլ գոյություն ունի արդարադատությունը՝ հստակ օրենքներով, ընթացակարգերով ու սահմանումներով, որպեսզի այդ տարբեր ընկալումները չդառնան կամայական որոշումների հիմք։
Արդարադատության արդյունքում էլ կարող է մարդկանց մի մասին թվալ, որ արդարություն եղավ, մյուսին՝ հակառակը։ Ու կարող է արդարատությունը անարդար լինել։ Բայց այստեղ կան հստակ ընթացակարգեր, որոնք սահմանում են գործընթացների իրավաչափությունն ու արդարադատության իրականացման կարգը։ Կան մեխանիզմներ՝ այս կամ այն որոշումը կամ գործողությունը բողոքարկելու համար, հստակ ինստիտուտներ, լիազորությունների շրջանակներ և այլն։
Այո, արդարադատությունը երբեմն կարող է չարդարացնել հանրության մեծ զանգվածի հույսերն ու իրենց պատկերացրած արդարության հաստատման տեսլականը։ Բայց իրավական պետության համար անհրաժեշտ է, որ արդարադատությունը գործի անշեղորեն։
Որովհետև արդարադատության չլինելը կամ թերի գործելը բերելու է շատ ավելի շատ անարդար դեպքերի։ Դրա համար դա մեխանիզմ է, որից պիտի կառչել, միշտ կատարելագործել, բայց երբեք չշրջանցել։
Այստեղ չպետք է լինեն պատրանքներ, թե կարելի է հանցագործին դատել, եթե մեղադրանքը հիմնված է ապօրինի ձեռք բերված ապացույցի վրա։ Կամ երբ առողջական վիճակը կալանավորման հետ անհամատեղելի անձը կալանավորվում է։ Կամ երբ մարդուն դատապարտելու հրամանը գալիս է պետության ղեկավարությունից, այլ ոչ թե դատավարությունն ընթանում է օրենքով սահմանված, անկախ ու համաչափ ընթացակարգերով։
Երբ քաղաքացին սկսում է այս բոլոր կամայականություններն ընդունել, պետությունը դառնում է ոչ իրավական։ Կատարվող դատավարությունները դառնում են ոչ պակաս հանցավոր ու անընդունելի, քան տվյալ հանցագործների հանցանքները, գուցեև՝ ավելին։
Իրավական պետություն ուզողը չպիտի շարժվի վրեժխնդրությամբ, չարախնդությամբ, «դրան հասնում էր» տիպի մտայնությամբ։
Որովհետև այդ ամենը, ի վերջո, ընդամենը նոր հանցավոր միջավայր է ստեղծում։ Պետական մակարդակի հանցավոր միջավայր։
ՀԱԿ վարչության անդամ
Արտակ Հարությունյան


