Ավինյանը խոսել է Ամուլսարի մասին
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կառավարության կողմից նախկինում հնչած հայտարարությունները շարունակում են մնալ ուժի մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ես որևէ խոստում չեմ հիշում, որ մենք խոստացել ենք և չենք արել Ամուլսարի հետ կապված: Դրա հետ կապված խնդիրը բազմաթիվ շերտեր ուներ և կարծում եմ, որ նախկինում արված մեր հայտարարություններն ուժի մեջ են»,- ասաց Ավինյանը:
Հիշեցնենք, հւնվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը Ամուլսարի շահագործման շահագրգռություն և՛ ունի, և՛ չունի.
«Ես շահագրգռություն ունե՞մ, որ հանքը շահագործվի՝ և այո, և ոչ: Ես շահագրգռություն ունեմ, որ Ամուլսարի հանքը շահագործվի, որովհետև դա կապված է Հայաստանի անվտանգային միջավայրի հետ: Եթե հանքը շահագործվեր, մենք կունենայինք ավելի մեծ տնտեսական աճ, բայց մյուս կողմից, ես ոչ մի պարագայում չեմ համաձայնի, որ հանքը շահագործվի Հայաստանի բնությանն անվերականգնելի վնաս հասցնելու հաշվին»,- նշել էր վարչապետը: