Ազատամարտիկների Դաշինքի և Հատուկ Գնդի միացյալ շտաբի հայտարարությունը
Սիրելի՛ հայրենակիցներ. Ազատամարտիկների Դաշինքի և Հատուկ Գնդի միացյալ շտաբի մարտիկները պատերազմի երկրորդ օրն արդեն դիրքերում էին: Մեր մարտական ընկերներից տասնմեկը զոհվեցին, տասը՝ վիրավորվեցին, սակայն անգամ դա մեզ չստիպեց ընկրկել: Մենք ոչ մի քայլ չնահանջեցինք մեզ վստահված բնագծից և դիրքերից, իջանք հրաման ստանալուց ու վերջին ժամկետային զինվորին ճանապարհելուց հետո միայն:
Այո՛, այսօր մեր երկիրը ծանր կացության մեջ է: Այո՛, մենք ցավալի պարտություն ենք կրել և դեռ պետք է խորությամբ ուսումնասիրենք դրա պատճառները և մեր հետագա ընթացքի համար եզրահանգումներ անենք, սակայն ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ այս իրավիճակը քաղաքական ուժերը փորձեն օգտագործել իրենց ներխմբային շահերը սպասարկելու համար:
Քաղաքացիական բախումներ հրահրելու ցանկացած փորձ պետական դավաճանություն է, ում կողմից այն կատարվի: Ազատամարտիկների Դաշինքի և Հատուկ Գնդի միացյալ շտաբն իր բոլոր մարտիկների անունից վճռականորեն դատապարտում է ցանկացած նման փորձ և իր ողջ ներուժն օգտագործելու է նման օրհասական զարգացումները կանխելու համար:
Մեր զենքը երբեք հայի դեմ չի ուղղվել և չի ուղղվելու, բայց մեր անզեն շարքերը պատրաստ են որպես կենդանի պատ կանգնելու իշխանատենչության մոլուցքից կուրացածների ու նրանց սատարողների հակամարտ խմբերի միջև:
Մենք կոչ ենք անում պատերազմի բովով անցած մեր բոլոր մարտական ընկերներին. Սիրելի՛ եղբայրներ. Չտրվե՛ք արդեն իսկ սկսված սադրանքներին, որ կողմից էլ դրանք հնչեն: Ներքաղաքական պայքարում հնչած ցանկացած կրակոց ուղղված է լինելու մեր հայրենիքի և մեր ժողովրդի սրտին: