Բաքվում ավարտվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը. դատավճիռները հայտնի են
Ադրբեջանում ավարտվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը, որոնց այդ երկրի իշխանությունը «դիվերսանտ» է որակել։
Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջանը, մեղադրող դատախազը Հրաչյա Ավագյանի ու Գեղամ Սերոբյանի համար պահանջել է՝ 5, մյուսների համար ՝ 2 տարվա ազատազրկում, իբր, Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու համար:
Դատարանը Ավագյանին ու Սերոբյանին դատապարտել է 4 տարվա, մյուսներին ՝ 6 ամսվա ազատազրկման:
Նրանց նախապես առաջադրված բոլոր մյուս մեղադրանքները դատավարության ընթացքում հանվել են:
Նշենք, որ նախապես հայ ռազմագերիներին մեղադրանք էր առաջադրվել «ահաբեկչության», «ապօրինի զենք-զինամթերքի», «սահմանի ապօրինի հատելու» հոդվածներով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվի դատարանը դատապարտել է ԼՂ–ում գերեվարված ՀՀ քաղաքացի լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։ Նրան նույնանման մեղադրանք էր առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Դատարանը հայ գերուն 20 տարվա ազատազրկման էր դատապարտել։
armeniasputnik