Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարությանը սպառնում է 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում: Իսկ Երևանում...
Բաքվում՝
Ադրբեջանցի դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Իշխանյանի և Դավիթ Բաբայանի համար․ գրում է ադրբեջանական apa.az կայքը։
Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Մադաթ Բաբայանը, 65 տարեկանը լրացած լինելով, այլևս չեն կարող ցմահ ազատազրկման դատապարտվել, ուստի առաջարկվել է նրանց ազատազրկել 20 տարի ժամկետով, որից 10-ը նրանք պետք է անցկացնեն խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։
Դավիթ Ալլահվերդյանը պետք է դատապարտվի 18 տարվա, Լևոն Բալայանը՝ 17 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 16 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ քննվում է առանձին վարույթով:
Նշենք՝ այս տարվա հունվարից ընթացող նիստերն ընթանում են անկախ լրատվամիջոցների և միջազգային կառույցների բացակայությամբ:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ապօրինի ազատազրկված են Բաքվում 2023 թվականի սեպտեմբերից։ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի ուժայիններն առևանգեցին և ձերբակալեցին ու Բաքու տեղափոխեցին Արցախի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։
Իսկ Հայաստանում՝
Ահաբեկչության մեղադրանքով արդեն 5 ամիս բանտում գտնվող Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ սրբազանի կալանքը երկարաձգվեց ևս երեք ամսով:
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը, ուստի նա կշարունակի մնալ կալանքի տակ. հայտնել է պաշտպան Արամ Վարդևանյանը:
«Քննչական մարմինը՝ բաղկացած 53 քննիչից, հերթական անգամ արձանագրել է վճռական անգործությունը և անհարգալից վերաբերմունքը դատական ակտի նկատմամբ», նշում է պաշտպանը: Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց մեղադրանքի կողմի միջնորդությունը:
«Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են 2 ամսով, հայտնել են նրանց փաստաբանները: Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը հավելել է, որ դատարանի որոշումը սահմանված կարգով կբողոքարկվի Վերաքննիչ դատարան: Սամսոնյանն ու Սաղաթելյանը ձերբակալել էին երեկ: Հաղորդումը իրավապահներին ներկայացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Երեկ ձերբակալվել է նաև «Անտիֆեյքի» լրագրող Դավիթ Ֆիդանյանը: Լրագրողն այս պահին ձերբակալված է 72-ժամյա ռեժիմով, դեռևս մեղադրանք չկա:
Ձերբակալվել է «արդարադատությանը խոչընդոտելու» կասկածով (այն բանի համար, որ դուռն ուշ է բացել), հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:


