Բեգլարյան. Ադրբեջանական կողմը փորձել է հայերին տանել Շուշիի հիվանդանոց
Հայտարարություն Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների վերադարձը խոչընդոտելու կապակցությամբ
Ադրբեջանական իշխանություններն անցել են Արցախի էթնիկ զտման և պատմական հայրենիքից նրա ժողովրդի վտարման իրենց հանցավոր ծրագրի հաջորդ փուլի իրագործմանը, այսօր հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարարությունն՝ ապրիլի 4-ին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցածը որակելով՝ քաղաքացիների իրավունքների հերթական կոպտագույն խախտում
«Ապրիլի 4-ին տեղի է ունեցել Արցախի քաղաքացիների իրավունքների հերթական կոպտագույն խախտումը, որն ի ցույց է դնում Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ավելի քան 110 օր լիակատար շրջափակման մեջ պահող Ադրբեջանի իրական նպատակները: Ադրբեջանական կողմը թույլ չի տվել Լաչինի միջանցքով անցնել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաներին, որոնք տեղափոխում էին շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած և իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու հնարավորությունից զրկված Արցախի քաղաքացիներին: Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում ադրբեջանական կողմը կանգնեցրել է մեքենաները և 5 ժամ շարունակ հոգեբանական ահաբեկման ենթարկել դրանցում գտնվողներին՝ հիմնականում կանանց, երեխաներին և տարեց մարդկանց: Այնուհետև Ադրբեջանը փորձ է արել մարդկանց տառապանքները վերածել կեղծ հումանիզմի բեմադրության:
Տվյալ աղաղակող միջադեպն ակնհայտորեն ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանություններն անցել են Արցախի էթնիկ զտման և պատմական հայրենիքից նրա ժողովրդի վտարման իրենց հանցավոր ծրագրի հաջորդ փուլի իրագործմանը: Այս մտադրությունների մասին հրապարակավ հայտնել է Ադրբեջանի նախագահը 2023 թ. հունվարի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Հետագայում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բազմիցս կրկնել է այն սպառնալիքը, որ Արցախի բնակիչները պետք է կամ ենթարկվեն Ադրբեջանի հայատյաց իշխանություններին, կամ լքեն սեփական հայրենիքը:
Բացարձակ անպատժելիության պայմաններում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողություններն առավել սպառնալից բնույթ և ծավալներ են ստանում: Մարդու իրավունքների այդքան լուրջ ոտնահարումների հանդեպ միջազգային հանրության անգործությունը հավասարազոր է լռելյայն հավանության, եթե ոչ հանցակցության պաշտոնական Բաքվի հակամարդկային գործողություններին: Համապատասխան մանդատ և գործիքակազմ ունեցող ՄԱԿ ԱԽ կողմից անհետաձգելի և վճռական միջոցների ձեռնարկումը բացարձակ անհրաժեշտություն է ապօրինի շրջափակման անհապաղ դադարեցման և միջազգային հանրության աչքի առաջ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող հանցագործությունների կանխման համար»։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է գիշերվա միջադեպի հիմնական փաստերը․
Ադրբեջանի կառավարության գործակալները («էկո»-ահաբեկիչները) երեկ Շուշիի մերձակայքում արգելափակել են արցախցի 27 քաղաքացիական անձանց մուտքն Արցախ։
1. Քաղաքացիական խումբը, որը հիմնականում բաղկացած էր կանանցից, ծերերից և երեխաներից, ռուս խաղաղապահների երկու մեքենաներով ճանապարհվել է Հայաստանի Գորիս քաղաքից՝ իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու նպատակով։
2. Նրանք մնացել էին Հայաստանում՝ Արցախի՝ արդեն 115 օր շարունակվող շրջափակման պատճառով։
3. Նրանք կանգնեցվել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում, Շուշի քաղաքից ոչ հեռու, Ադրբեջանի կառավարական գործակալների («էկո»-ահաբեկիչների) կողմից:
4. Խմբի համար ճանապարհ բացելու նպատակով ավելի քան հինգ ժամ ռուս խաղաղապահները բանակցել են ադրբեջանական կողմի հետ, սակայն ապարդյուն։
5. Ադրբեջանցիները ահաբեկել են մեքենաներում գտնվող մարդկանց՝ ներխուժելով մեքենաներից մեկը և սպառնալիքներ հնչեցնելով։
6. Արցախ մուտք գործելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը» և ստուգել բոլոր անձանց։
7. 27 հոգուց 23-ը գիշերը վերադարձել են Գորիս՝ մուտք չգործելով իրենց հայրենիք։
8. Ադրբեջանական ահաբեկման արդյունքում չորս կանանց առողջական վիճակը կտրուկ վատացել է, որոնցից երեքն ուշագնաց են եղել։
9. Ուղեկցող խաղաղապահները շտապ օգնություն են կանչել և այդ չորս հոգուն ռուսական և ադրբեջանական մեքենաներով տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն:
10. Ադրբեջանական կողմը չի թույլատրել խաղաղապահներին օգտվել արցախյան շտապօգնության մեքենաներից և փորձել է հիվանդներին տեղափոխել իրենց վերահսկողության տակ գտնվող Շուշիի հիվանդանոց: Սակայն մարդիկ բողոքել են և պահանջել, որ հիվանդներին տեղափոխեն Ստեփանակերտ:
11. Սա Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հերթական դրսևորումն է: Մասնավորապես, նրանք արգելափակում են մեր քաղաքացիների մուտքն Արցախ ոչ միայն սեփական մեքենաներով ճանապարհորդելիս, այլ նույնիսկ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ, ինչպես դա եղավ երեկ։
12. Նրանք երբեմն ավելի քիչ խոչընդոտներ են ստեղծում ելքի համար, ինչպես հունվարի 10-ին հայտարարեց Ալիևը, քանի որ նրանց նպատակն, ակնհայտորեն, արցախցիների էթնիկ զտումն է։
13. Ալիևի բռնապետական ռեժիմը անտեսում է ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այլև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը՝ ապահովելու մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։
14. Ադրբեջանում ռասայական/էթնիկ խտրականության ու ատելության պետական քաղաքականության և դրա կանոնավոր դրսևորումների պայմաններում միջազգային հանրությունը պետք է հասկանա ադրբեջանական ցանկացած վերահսկողության դեպքում Արցախի ժողովրդի նկատմամբ գոյաբանական վտանգի մակարդակը։
15. Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը և ատելությամբ պայմանավորված պարբերական հանցագործություններն ու հոգեբանական ահաբեկչությունը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդին արդյունավետորեն պաշտպանելու և նոր հանցագործությունները կանխելու պարտավորության ձախողումը պահանջում են հրատապ, վճռական և գործնական քայլեր՝ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի, պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար: