Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Հայաստանում կան փակ ճանապարհներ
Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Մարտի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Որոտանի լեռնանցքը (Սարավան-Զանգեր), Գորայք-Սիսիան, Գորիս-Սիսիան, Կապան-Տաթև ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Լանջառ-Լուսաշող, Վանաձոր-Դիլիջան, Թորոսգյուղ-Աշոցք-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Ոսկեպարի հատվածը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները, Ստեփանավանի լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Մասիսի, Արտաշատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Աբովյանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Դիլիջանի, Իջևանի, Տավուշի, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Աշոցքի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, փակ է ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Լիսագոր-Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա։
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: